Մատչելի հղումներ

Ուկրաինական պատերազմ․ ի՞նչ են կանխատեսում փորձագետները


Վաշինգտոնում գործող վերլուծական կենտրոններից մեկի՝ Carnegie Endowment for International Peace-ի փորձագետները ներկայացրել են Ուկրաինայում ռազմական գործողությունների վերաբերյալ իրենց կանխատեսումները՝ փորձելով հիմք ընդունել կողմերի դիրքորոշումներն ու ռեսուրսները։

Ուկրաինայի դեմ Ռուսաստանի հրահրած պատերազմը շարունակվում է ավելի քան երկուսուկես տարի, սակայն և՛ Մոսկվան, և՛ Կիևը դեռ հեռու են իրենց նպատակներից:

Բացակայում է նաև բանակցությունների հեռանկարը, որը կարող է վերջ տալ արյունահեղությանը։

Այս ամենի ֆոնին՝ նախորդ ամիսներին տեղ գտած, թերևս, ամենից ուշագրավ զարգացումը ուկրաիանական ուժերի ներխուժումն էր Ռուսաստանի Կուրսկի մարզ, ինչն աննախադեպ էր Կրեմլի համար Երկրորդ աշխարհամարտից հետո:

Ուկրաինական պատերազմ․ ի՞նչ են կանխատեսում փորձագետները
please wait

No media source currently available

0:00 0:07:21 0:00

Արդյո՞ք ռազմի դաշտում ընթացող զարգացումները կարող են հուշել, թե առաջիկա ամիսներին մարտավարական կամ ռազմավարևական բնույթի ինչ զարգացումներ են սպասվում ռազմաճակատում

Carnegie հիմնադրամի Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի ավագ գիտաշխատող Էրիկ Չիարամելայի խոսքով՝ ռուս-ուկրաինական պատերազմը վաղուց է, ինչ վերածվել է քայքայիչ հակամարտության, և նա վստահ չէր, որ հակամարտությունը մարում է, կամ պատերազմը մտել է փակուղի։

«Կողմերը շարունակում են ջանքեր գործադրել, հնարավորություններ փնտրել՝ մարտի դաշտում իրենց դիրքերը էապես բարելավելու, ինչը լծակներ կսստեղծի նրանց համար բանակցությունների սեղանի մոտ։ Կուրսկի մարզում ուկրաինական ուժերի հարձակումը հուշում է, որ պատերազմը դեռ դինամիկ բնույթ ունի, իսկ արդյունքը չի կարելի կանխատեսելի համարել», - ասում է Չիարամելան, ով 12 տարի աշխատել է ԱՄՆ կառավարության համար, Ազգային անվտանգության խորհրդում՝ որպես հետխրհրդային տարածաշրջանին վերաբերող հետախուզական տվյալների վերլուծաբան։

Նրա խոսքով, ուկրաինական ուժերի Կուրսկի ուղղությամբ ձեռնարկած արշավից զատ, ռուսական ուժերի հարձակումները ուկրաինական էներգետիկ ենթակառուցվածքների դեմ, նույնպես վկայում է, որ վաղ է խոսել, թե պատերազմող կողմերը փակուղում են:

Պենտագոնում Ռուսաստանի գծով նախկին վերլուծաբան Դարա Մասիկոտը, ով ներկայում Carnegie հիմնադրամի Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի ավագ գիտաշխատող է, համաձայնեց Չիարամելայի դիտարկման հետ՝ հավելելով, որ կողմերը ցայսօր էլ շարունակում են ցուցաբերել նոր մոտեցումներ՝ մրցելով միմյանց հետ:

«Ուկրաինացիներն օգտագործում են անօդաչուներ, որոնք ունակ է հրկիզել խրամատները: Ռուսները շարք մտցևեցին իրենցը՝ երկու շաբաթվա ընթացքում»,- ասում է Մասիկոտը:

Ի՞նչ ուշագրավ զարգացումներ են նկատվում ուկրաինական պատերազմում

Միևնույն ժամանակ, Դարա Մասիկոտը ընդգծեց, թե չի կարելի ուկրաինական պատերազմը դիտարկել հակամարտություն միայն Կիևի ու Մոսկվայի միջև, քանի որ Ուկրաինան մեծ աջակցություն է ստանում ԱՄՆ-ից, Արևմուտքից, իսկ Ռուսաստանը՝ Չինաստանից, Հյուսիսսյին Կորեայից ու Իրանից։

«Այս ողջ աջակցությունը հսկայական ազդեցություն ունի պատերազմի դինամիկայի վրա»,- ասում է Մասիկոտը:

Էրիկ Չիարամելան հավելում է՝ անչափ կարևոր է նաև ուկրաինացիների պատրաստակամությունը՝ պայքարել իրենց երկրի ինքնիշխանության համար:

«Ինձ զարմացրեցին այն խելացի որոշումները, որոնք նրանք կայացրեցին պատերազմի սկզբում։ Մյուս կողմից՝ ապշցրեցին ռուսների հիմար որոշումները։ Վերհիշելով 2022 թվականի փետրվարի 24-ի նախօրեի խոսակցությունները՝ ո՛չ ես, ո՛չ էլ որևէ մեկը պարզապես չէինք սպասում, որ ուկրաինացիները նման հաջողության կհասնեն, իսկ ռուսները՝ նման ձախողումներ կունենան։ Այն միտքը, թե հնարավոր է հրետանի ուղարկել [Ուկրաինա], էլ չեմ ասում՝ Abrams տանկեր, F-16 ինքնաթիռներ, ATACMS հրթիռներ և այլն, անհավատալի էր թվում»,- ասել է Չիարամելան։

Վերլուծաբանի խոսքով՝ ժամանակը ցույց տվեց, որ գրեթե բոլոր այն կանխատեսումները, որ արվում էին ուկրաիանական պատերազմի վերաբերյալ 2022 թվականի սկզբին, իրականություն չդարձան։

Եթե ռուսական զորքերը ճեղքեն ուկրաինական ճակատը, արդյո՞ք պատերազմը նոր ընթացք կստանա

Էրիկ Չիարամելան համոզված է՝ անգամ եթե Ուկրաինան կորցնի Պոկրովսկը, այն էական ազդեցություն չի թողնի ռազմաճակատի վրա։

«Սակայն Պոկրովսկը կարևոր է, քանի որ այն վերջին խոշոր բնակավայրն է Ուկրաինայի արդյունաբերական կենտրոնական շրջաններ տանող ճանապարհին։ Սրանք այն շրջաններն են, որոնք Ուկրաինան չի կարող իրեն թույլ տալ կորցնել»,- վստահեցրեց փորձագետը։

Ինչպե՞ս է ընթանում ուկրաինական հարձակումը Կուրսկի մարզում

Մասիկոտը բարձր գնահատեց Կուրսկի մարզում ուկրաինական գործողությունը։ Օրինակ՝ այդ գործողության արդյունքում Կրեմլը բախվեց 150 հազար փախստականների, երկրում որոշակի անկայության, հարյուրավոր ռուսաստանցի զինվորականներ գերի ընկան, վերջապես՝ այն նպաստեց Ուկրաինայում բարոյահոգեբանական մթնոլորտի վերելքին։

Այդուհանդերձ, վերլուծաբանը մի քանի հարց բարձրացրեց՝ ի՞նչ ճանապարհով են ուկրաինացիները իրկանացնելու Կուրսկի մարզում տեղակայված իրենց զորախմբի համար անհրաժեշտ մատակարարումները, մտադի՞ր են շարունակել առաջխաղացումը Կուրսկի ուղղությամբ:

Արդյո՞ք փոխվել են Պուտինի հաշվարկները պատերազմի վերաբերյալ

Օրերս լույս է տեսել Դարա Մասիկոտի հեղինակած զեկույցը՝ ռուսական բանակի վերակառուցման տեմպերի և մեթոդների մասին:

«Ռուսաստանն արդեն սկսել է վերականգնել պատերազմի ժամանակ ջախջախված ստորաբաժանումների մի մասը։ Տանկեր են վերանորոգում, արտադրում։ Նրանք նախօրեին հայտարարեցին, որ բանակը 1,3 միլիոնից կհասցնեն 1,5 միլիոնի։ Միևնույն ժամանակ, կան բազմաթիվ ռեսուրսներ, որոնք Պուտինը դեռ չի օգտագործել՝ մոբիլիզացիա, կանանց աշխատուժի օգտագործում ռազմա-արդյունաբերական ձեռնարկություններում և այլն: Մի կողմից, պարզ է, որ Կրեմլին փող է պետք, իսկ Ռուսաստանի կառավարությունը վախենում է վնասել տնտեսությանը, բայց մյուս կողմից, կարծես, Կրեմլը շահագրգռված է շարունակել պատերազմը»,- ասում է Մասիկոտը։

Ի՞նչ է կատարվում Ուկրաինայի ներքաղաքական կյանքում

Չիարամելան Ուկրաինայում իրավիճակը բնորոշեց որպես «պատերազմական կոնսենսուս», որն առկա է «Զելենսկու առաջին նախագահական ժամկետի տեխնիկական ավարտի ֆոնին, որը մայիսին էր»։

«Նույնիսկ Գերագույն ռադայում ընդդիմությունը համաձայն է, որ այժմ ընտրություններ չեն կարող լինել։ Բոլորը համախմբվել են նախագահի շուրջ՝ որպես գերագույն գլխավոր հրամանատարի, թեև երբեմն համաձայն չեն նրա որոշումների հետ: Կարծում եմ՝ Զելենսկին արտացոլում է տեսակետներ, որոնք լայնորեն տարածված են ուկրաինական հասարակության մեջ, և նա ուշադիր է հասարակական կարծիքի հարցումներին։ Զգաց, որ 2024 թվականին որոշակի հոգնածություն է առկա ուկրաինական հասարակությունում», - վստահեցրեց հետազոտողը:

Վեևլուծաբանը անդրադարձավ նաև Carnegie հիմնադրամի կողմից վերջերս Ուկրաինայում անցկացված հարցմանը, ըստ որի «չնայած պատերազմից հոգնածությանը, ուկրաինացիները պատրաստ չեն հավանություն տալ ռուսների հետ խաղաղ բանակցություններին, [երբ ռուսական օկուպացիոն զորքերը ուկրաինական տարածքներում են]»։

Արդյո՞ք ԱՄՆ-ն ու Արևմուտքը կպահպանեն Ուկրաինային ցուցաբերվող աջակցության ներկայիս մակարդակը

Չիարամելան վստահ է՝ Կիևին ցուցաբերվող աջակցության մակարդակը կպահպանվի, քանի որ Կիևին աջակցելու ծախսերը, ըստ փորձագետի, կազմում են պաշտպանական բյուջեի շատ փոքր մասը:

«Սակայն այլ հարց կա՝ կարո՞ղ ենք շարունակել աջակցել Ուկրաինային քաղաքական պատճառներով: Սա է գլխավոր հարցը. Վստահ չեմ այս հարցում: Կարծում եմ՝ նոյեմբերի [ամերիկյան] ընտրությունների արդյունքները էական ազդեցություն կունենան Ռուսաստանի նկատմամբ տարվող քաղաքականության և Ուկրաինային ցուցաբերվող աջակցության վրա։ Խորհուրդ կտայի կարդալ օրինագծի տեքստը, որը ներկայացվել է հենց անցած շաբաթ սենատորներ Բլյումենթալի և Գրեհեմի կողմից: Օրինագիծը կբարձրացնի ԱՄՆ աջակցությունն Ուկրաինային ավելի կանխատեսելի ու երկարաժամկետ մակարդակ: Սա ավելի կանոնակարգված երկխոսություն է Կոնգրեսի և գործադիր իշխանության միջև»,- ասել է Չիարամելան:

XS
SM
MD
LG