Մատչելի հղումներ

Ի՞նչ էին փնտրում ամերիկյան հատուկ ծառայությունները Դմիտրի Սայմսի տանը


Դմիտրի Սայմս
Դմիտրի Սայմս

Օգոստոսի 13-ին ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) աշխատակիցները անսպասելի այց կատարեցին հատկապես ռուսաստանյան հանրությանը քաջածանոթ քաղաքագետ Դմիտրի Սայմսին պատկանող և Վաշիգտոնից ոչ հեռու գտնվող առանձնատուն:

76-ամյա Սայմսը, ով ծնվել է Խորհրդային Միության մայրաքաղաք Մոսկվայում, այնուհետև՝ տեղափոխվել Միացյալ Նահանգներ ու որոշ ժամանակ զբաղեցրել նախագահ Ռիչարդ Նիքսոնի ոչ պաշտոնական խորհրդականի պաշտոնը, այժմ ապրում և աշխատում է Ռուսաստանում՝ հանդիսանալով ռուսաստանյան «Առաջին ալիքի» «Մեծ խաղ» թոք-շոուի հաղորդավարը:

«Ամերիկայի ձայնի» տվյալներով՝ առանձնատունը գտնվում է Վաշինգտոնից հարավ-արևմուտք՝ հայտնի Հանթլի արվարձանում, ավելի քան 53 հեկտար տարածքի վրա՝ շրջապատված անտառներով և դաշտերով: Կալվածքի մուտքին դիմավորում է Patria՝ լատիներեն «երկիր» գրվածքով ցուցանակը:

Սայմսի առանձատանը ՀԴԲ գործակալների իրականացրած խուզարկության մասին առաջինը հայտնեց տեղի Rappahannock News-ը։ ՀԴԲ հայտարարության մեջ նշված է, որ իրականացրել են դատարանի կողմից լիազորված քննչական գործողություններ:

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության հետ զրույցում Սայմսն արձագանքել է, թե ոչ ոք իրեն չի տեղեկացրել կատարվածի մասին. «Մոսկվայում եմ և 2022 թվականի հոկտեմբերից չեմ եղել ԱՄՆ-ում: Ըստ այդմ՝ իմ տանը չկա և չէր կարող լինել իմ այսօրվա կյանքի և գործունեության հետ կապված որևէ բան»։

Համաձայն Վաշինգտոնում գործող The Center for the National Interest վերլուծական կենտրոնի հարկային հաշվետվության՝ 2017 թվականին Սայմսը վաստակել է 586 349 դոլար, ինչը մի քանի անգամ գերազանցում է, օրինակ, ԱՄՆ մայրաքաղաքի տարեկան միջին եկամտին՝ մոտ 75 հազար դոլար։

2021 թվականի հուլիսին Սայմսը 1,6 միլիոն դոլարով տուն էր գնել Վիրջինիա նահանգի Հանթլի արվարձանում կնոջ՝ Անաստասիայի հետ: Ըստ ամերիկյան Zillow անշարժ գույքի գործակալության՝ տունն այժմ արժե 2,26 միլիոն դոլար: Քաղաքագետը նախկինում առանձնատուն ուներ Մերիլենդ նահանգի Պոտոմակ քաղաքում, և վաճառել է այն 2021 թվականի սեպտեմբերին 1,9 միլիոն դոլարով:

Rappahannock News-ի հետ զրույցում Դիմիտրի Սայմսը պնդել է, որ իրեն պաշտոնապես չեն տեղեկացրել հետաքննության մասին՝ հավելելով, թե անհանգստացած ու շփոթված է տեղի ունեցածի պատճառով։

«Քայլեր կձեռնարկեմ՝ պատշաճ տեղեկատվություն ստանալու համար, ապա համապատասխան միջոցներ ձեռք կառնեմ»,- ասել է նա։

Դմիտրի Սայմսը կամ խորհրդային փաստաթղթերով՝ Դմիտրի Սիմիսը ծնվել է 1947 թվականին Մոսկվայում՝ խորհրդային իրավապաշտպան Դինա Կամինսկայայի ընտանիքում։ Ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը, ապա աշխատել ԽՍՀՄ մայրաքաղաքում գործող Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտում:

1973 թվականին Սայմսը գաղթել է ԱՄՆ, որտեղ սկսել աշխատել առաջատար վերլուծական կենտրոններում և համալսարաններում, դարձել ԱՄՆ նախկին նախագահ Ռիչարդ Նիքսոնի և նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերի արտաքին հարաբերությունների գծով ոչ պաշտոնական խորհրդականը։ Այդ պաշտոնում նա Նիքսոնի հետ մեկնել է ԽՍՀՄ։

1994 թվականին Նիքսոնը Սայմսին նշանակեց Nixon Center for Peace and Freedom-ի ղեկավար, որը հետագայում դարձավ The Center for the National Interest և հրապարակում է The National Interest հայտնի պարբերականը։

Հայտնի է, որ երկար տարիներ Սայմսն աշխատել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների բարելավման ուղղությամբ:

Դմիտրի Սայմսը բազմիցս է հիշատակվել է հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի հետաքննության մեջ՝ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի հետ ունեցած շփումների և Թրամփի ընտրությնունից հետո նրա թիմի հետ պահպանված կապերի պատճառով, թեև որևէ ապացույց ի հայտ չէր եկել, թե Սայմսը կամ նրա կազմակերպությունը Թրամփի քարոզարշավի մասին տեղեկություններ են փոխանցել Ռուսաստանի կառավարությանը:

2018 թվականին ռուսաստանյան «Առաջին ալիքով» Սայմսը սկսեց վարել «Մեծ խաղ» հեռուստածրագիրը, իսկ 2022 թվականին թողեց The Center for the National Interest-ի տնօրենի պաշտոնը։

Դմիտրի Սայմսը հայտնվեց մամուլի ուշադրչության կենտրոնում հատկապես այն բանից հետո, երբ սկսվեց 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին ռուսական միջամտության վերաբերյալ հետաքննությունը։ Այնուհետև՝ Ուկրաինա ռուսական լայնամասշտաբ ներխուժման ֆոնին:

2023 թվականի հունիսին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումում նա էր վարում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկումը։ 2023 թվականի վերջին Սայմսին շնորհվեց Ռուսաստանի կառավարության մրցանակ «հատուկ ռազմական գործողության գոտում իրադարձությունների լուսաբանման և վերլուծության համար»։ Հայտնի է, որ ռուսաստանյան պետական քարոզչությունը այդպես է բնութագրում պատերազմն Ուկրաինայում:

Սայմսը, սակայն, միակ ամերիկացի փորձագետը չէ, ով հայտնի է իր կրեմլամետ դիրքորոշմամբ և ում տուն վերջերս այցելել են ՀԴԲ աշխատակիցները։

Օգոստոսի 7-ին ամերիկյան Fox News հեռուստաալիքը հայտնել էր, որ ՀԴԲ գործակալները Նյու Յորք նահագնի Դելմար քաղաքում խուզարկել են սպառազինության հարցերով ՄԱԿ-ի նախկին տեսուչ Սքոթ Ռիթերի տունը։

ՀԴԲ չի մեկնաբանել իր գործողությունները, սակայն խուզարկությունները բացատրել է «ընթացքի մեջ գտնվող դաշնային հետաքննությամբ»։

Հայտնի է, որ Ռիթերը հանդես էր գալիս ի պաշտպանություն Պուտինի, Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի, աջակցել է Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա։ Այս հունիսին ամերիկյան իշխանությունները առգրավեցին նրա անձնագիրը, երբ պատրաստվում էր մեկնել ԱՄՆ-ից՝ մասնակցելու Սանկտ Պետերբուրգի տնտեսական ֆորումին։

Telegram-ի իր ալիքում Ռիթերը հետաքննությունը կապել է ամերիկյան FARA օրենքի հնարավոր խախտման հետ և տեղի ունեցողն անվանել լրագրողներին վախեցնելու ծրագրի մի մաս: FARA-ն (The Foreign Agents Registration Act) պարտադրում է հօգուտ օտար կառավարությունների ԱՄՆ-ում գործունեություն ծավալող անձանց ու կազմակերպություններին ամերիկյան արդարադատության նախարարությունում գրանցվել որպես օտաերկրյա գործակալ։

XS
SM
MD
LG