Ձեր առջև Չիկագոն է: 1968 թվական: Դեմոկրատների համերկրային համագումարի ժամանակ տեղի է ունենում արյունալի բախում ոստիկանության և Վիետնամի պատերազմի դեմ բողոքող ցուցարարների միջև: Հեռուստատեսությունը, որը այդ ժամանակ համեմատաբար նոր լրատվամիջոց էր, ուղիղ եթերում ցուցադրում է բախումները։
Նյու Յորք: 16-ը հուլիսի 1976 թվական: Դեմոկրատական կուսակցության համագումարի ժամանակ նախագահի թեկնածու Ջիմի Քարթերի մասին հայտարարությունից հետո երկրի փոխնախագահի թեկնածու հայտարարվեց Ուոլթեր Մոնդեյլը:
«Մենք ունենք այդ տեսլականը։ Սիրում ենք մեր երկիրը և պատրաստվում ենք մեր գործն անել։ Շատ շնորհակալ եմ»,- արձագանքեց Մոնդեյլը:
Օգոստոսի 12, 1980 թվական: Քաոսային իրավիճակ է, քանի որ 1980 թվականի համագումարում սենատոր Թեդ Քենեդին վիճարկեց նախագահ Քարթերի վերընտրության օրինականությունը: Սակայն Քենեդին զիջեց Քարթերին իր հայտնի ելույթից հետո, որն ավարտվում էր հետևյալ բառերով. «Խնդիրները պահպանվում են։ Հույսը դեռ կա, իսկ երազանքը երբեք չի մեռնի»:
26-29-ը օգոստոսի, 1996 թ.: Կրկին Չիկագո: Քաղաքացիական իրավունքների համար պայքարող ցուցարարները պահանջում են վերջ տալ ռասայական խտրականությանը և ապահովել բարեկեցություն: Ոստիկանները թույլ չեն տալիս բողոքավորներին մուտք գործել համագումարի վայր։
28 օգոստոսի, 2008 թվական: Դենվեր: Բարաք Օբամայի ելույթը բացօթյա մարզադաշտում էր։ Համաժողովի մասնակիցների թիվը ռեկորդային էր՝ 84 հազար:
«Խորին երախտագիտությամբ և մեծ խոնարհությամբ ընդունում եմ Միացյալ Նահանգների նախագահի թեկնածու դառնալու առաջարկը», - հայտարարեց Բարաք Օբաման:
ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը և Մինեսոտայի նահանգապետ Թիմ Ուոլցն այս շաբաթ Չիկագոյում կուսակիցների ուշադրության կենտրոնում են լինելու:
Ինչպես հայտնի է, անցած ամիս ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը թողեց ընտրապայքարը, որից հետո, սոցհարցումների համաձայն՝ Հարիսը զգալի առաջընթաց է գրանցել վարկանիշի բարձրացման գործում: Անցած շաբաթ անցկացված Morning Consult-ի հարցումը ցույց է տալիս, որ նա 3 միավորով առաջ է անցել Թրամփից, չնայած պայքարը շարունակում է թեժ մնալ:
Ամենայն հավանականությամբ, դեմոկրատների համագումարի ժամանակ նույնպես կլինեն բողոքի ցույցեր, ինչպես Վիսքոնսինում՝ հանրապետականների համաժողովին: Չիկագոյում անվտանգույան ապահովմանը լծվել են դաշնային, նահանգային և տեղական հազարավոր ոստիկաններ:
«Վստահ եմ, որ համաժողովի ընթացքում կերաշխավորենք անվտանգությունն ու անվտանգ միջավայրի ապահովումը»,- ասում է ԱՄՆ Գաղտնի ծառայության ներկայացուցիչ Դերեկ Մայերը:
Չիկագոյի քաղաքային իշխանությունների կարծիքով՝ դեմոկրատների համագումարին մասնակցելու համար քաղաք կայցելի մոտ 50 հազար մարդ։ Համագումարն անցնելու է United Center հաստատությունում: