Մատչելի հղումներ

Շարունակվում է ուկրաինական ռազմուժի առաջխաղացումը Ռուսաստանի Կուրսկի մարզում։ Որո՞նք են վերջնական նպատակները


Ռուսաստանի Կուրսկի մարզում շարունակվում է ուկրաինական ռազմուժի առաջխաղացումը
Ռուսաստանի Կուրսկի մարզում շարունակվում է ուկրաինական ռազմուժի առաջխաղացումը

Ուկրաինական ուժերը շարունակում են իրենց առաջխաղացումը Ռուսաստանի տարածքում, և գլխավոր հարցն է, թե ինչ է նախատեսել Կիևը։

Ռուսաստանի սահմանից ընդամենը 30 կիլոմետր հեռավորության վրա գտնվող ուկրաինական Սումի քաղաքի բնակիչների համար արդեն երկուսուկես տարի է, ինչ պատերազմն առօրյա կյանքի մասն է:

Սվիտլանայի և մյուս բնակիչների համար ուկրաինական ուժերի գործողությունները սահմանից այն կողմ՝ Ռուսաստանի Կուրսկի մարզում, անակնկալ էին:

«Ի վերջո, այս պատերազմը պետք է ինչ-որ կերպ ավարտվի։ Միայն նրանք՝ [ռուսներն] էին հարձակվում: Ճիշտ չէ։ Պետք է արձագանքել, որպեսզի պատերազմը շուտ ավարտվի»,- ասում է Սվիտլանան։

Սումին ուկրաինական առաջին քաղաքներից էր, որը 2022 թվականին դիմակայեց ռուսական հարձակմանը: Ավելի քան երկու տարի անց այն Ռուսաստանի ուղղությամբ ուկրաինական գրոհի թիկունքում է:

Ի՞նչ նպատակներ է հետապնդում Ուկրաինան` ներխուժելով Ռուսաստան
please wait

No media source currently available

0:00 0:02:28 0:00

Բնակիչների խոսքով՝ նախորդ շաբաթվա ընթացքում ռուսական հրտակոծությունները ինտենսիվ են դարձել:

«Կարծում եմ՝ այո, իրավիճակը սրվել է։ Նրանք՝ [ռուսներն] արձագանքում են։ Կատաղած են»,- ասում է Սումիի բնակիչ Տետիանան։

Ըստ տեղի պաշտոնյաների՝ Ուկրաինայի նպատակը Ռուսաստանի տարածքը գրավելը չէ: Նախագահ Վոլոդիմիր Զելենսկու խոսքով, հարձակման նպատակը ուկրաինացիներին պաշտպանելն ու պատերազմին վերջ տալն է։

«Որքան շուտ ռուսական ռազմական ներկայությունը վերացվի սահմանամերձ շրջաններում, այնքան մեր պետության համար մոտ կլինեն խաղաղությունն ու իրական անվտանգությունը»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը ։

Անվտանգության հարցերով վերլուծաբաններն ուկրաինական ուժերի հարձակման նպատակ են համարում Ուկրաինայի սահմաններից ռուսական զորքերին հեռացնելը և գրավված ռուսական տարածքը դիտարկում են որպես սակարկության առարկա:

«Ինչպես [ԱՄՆ] նախագահ Բայդենը հայտարարեց՝ դա ռազմավարական երկընտրանք է Ռուսաստանի, Պուտինի համար: Ինչո՞ւ, որովհետև հիմա Պուտինը ընտրության առջև է։ Ի՞նչ է նա պատրաստվում անել։ Արդյո՞ք կպաշտպանի իր սեփական տարածքը, Ռուսաստանի տարածքը՝ Կուրսկի մարզը, թե՞ կշարունակի հարձակողական գործողությունը Դոնբասում՝ Ուկրաինայի արևելյան ճակատում»,- ասում է Կիևում գործող Ռազմական և իրավական հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան Օլեքսանդր Մուսիենկոն։

Փորձագետի խոսքով՝ այդ հարձակմամբ Ուկրաինան ի ցույց դրեց Ռուսաստանի թույլ կողմերը։

«Ողջ աշխարհին ցույց տվեցինք, որ պետք չէ վախենալ ռուսներից։ Դուք պետք է թույլ տաք Ուկրաինային օգտագործել հեռահար հրթիռներ՝ [Ռուսաստանի] տարածքում գտնվող ռուսական ռազմական օբյեկտների դեմ»,- ասում է Մուսիենկոն:

Ինչևէ, այսօր Ուկրաինայում, կարծես, բոլոր հայացքներն ուղղված են Կուրսկին, թե ուր կարող է հասնել ուկրաինական ուժերի առաջխաղացումը, և ռուսական տարածքի գրավումը Կիևում հույս է արթնացրել, որ պատերազմի ավարտը մոտ է, ու արդյունքը կլինի Ուկրաինայի օգտին:

Աննա Չեռնիկովա

XS
SM
MD
LG