Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները՝ ՀԱՊԿ-ը լքելու Երևանի մտադրության մասին, ինչպես նաև դաշինքի անդամների հասցեին հնչեցրած մեղադրանքները, թե Երևանի դաշնակից համարվող երկրները մասնակցություն են ունեցել Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ պատերազմը նախապատրաստելու գործում, շարունակում են քննարկվել փորձագիտական շրջանակներում:
Հիշեցնենք, օրերս՝ հունիսի 12-ին Հայաստանի Ազգային ժողովում կառավարության ծրագրի արդյունքերի քննարկման ժամանակ, ի պատասխան ընդդիմադիր պատգամավորներից մեկի հարցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզորոշ ակնարկեց ՀԱՊԿ-ը լքելու մասին՝ հայտարարելով, թե Հայաստանի նախկին իշխանությունները «ձևավորել են մի հատ փուչիկ դաշինք, որի անդամները, պարզվեց, գնացել, Ադրբեջանի հետ պլանավորել են մեր դեմ պատերազմը»։
«Դուրս կգանք, դրանով էք վախեցնո՞ւմ եք։ Լավ ենք անում...։ Մենք կորոշենք՝ երբ դուրս գանք, բա ձեր կարծիքով հաջորդ քայլը ո՞րն է, բա կարո՞ղ է հետ գնանք»,- հայտարարեց Հայաստանի վարչապետը։
Մոսկվան և ՀԱՊԿ-ն արձագանքել են:
Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ընդգծել է, թե ՀԱՊԿ-ում «ոչ ոք ոչ մեկին ուժով չի պահում»։
«Միլիոն անգամ ասել ենք, որ ՀԱՊԿ-ը մի կառույց է, որտեղ բոլորը գալիս են կամավոր։ Այնտեղ մասնակից երկրների վրա ճնշում գործադրելու հրամանատարական և վարչական համակարգ չկա։ Փոխադարձ հարգալից երկխոսություն է ընթանում»,- ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Զախարովան:
Իր հերթին՝ ՀԱՊԿ-ի քարտուղարությունից ռուսաստանյան պետական Тасс լրատվական գործակալությանը հայտնել են, թե կառույցը, հենվելով վարչապետ Փաշինյանի հայտարարությունների վրա, համարում է, որ Հայաստանը շարունակում է մնալ կազմակերպության լիիրավ անդամ:
«Ձեր ուշադրությունն ենք հրավիրում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի համապատասխան մեկնաբանությանը. «Փաշինյանը չի ասել, որ դուրս ենք գալիս ՀԱՊԿ-ից, նա ասել է, որ մենք կորոշենք՝ երբ դուրս գանք»։ Հետևաբար, մենք ելնում ենք նրանից, որ չնայած ՀԱՊԿ միջոցառումներին Հայաստանի Հանրապետության մասնակցության նկատելի նվազմանը, այն շարունակում է մնալ կազմակերպության լիիրավ անդամ»,- հայտնել են Կրեմլի առաջնորդած դաշինքից:
Հաջորդ օրվա նիստին, իր ելույթի ընթացքում Հայաստանի վարչապետը հիշեցրել է նաև ՀԱՊԿ-ի անդամ-երկրի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի խոսքերը Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ վերջերս կայացած հանդիպմանը։ Լուկաշենկոն որոշել էր հրապարակավ խոստովանել, թե ինքը մասնակցել է 44-օրյա պատերազմի նախապատրաստմանը և հավատացել ու ցանկացել, որ հաղթի Ադրբեջանը։
«Բա դրանից հետո ես պիտի գնամ Բելառուսի նախագահի հետ ՀԱՊԿ ֆորմատում նստեմ հարց քննարկե՞մ: Բելառուս այլևս երբեք չեմ այցելի քանի Բելառուսում նախագահ է Ալեքսանդր Լուկաշենկոն: Եվ ընդհանրապես հայտարարում եմ, որ այս պահից Հայաստանի Հանրապետության ոչ մի պաշտոնական ներկայացուցիչ Բելառուս չի այցելի»,- նշել է Փաշինյանը։
Հայաստանը հետ է կանչել իր դեսպանին Մինսկից՝ խորհրդակցության համար, որին հաջորդել է Բելառուսի նմանատիպ քայլը:
Բելառուսի արտգործնախարարության խոսնակ Անատոլի Գլազը հայտարարել է. «Մենք բոլորս տեսնում ենք, թե որքան բարդ է ներքաղաքական իրավիճակը Հայաստանում, որքան արագ է սրվում առճակատումը երկրի ներսում, և տարբեր մարդիկ, իհարկե, տարբեր դիմադրողականություն ունեն սթրեսի նկատմամբ։ Սա կարող ենք հասկանալ, բայց չենք հասկանում ի՞նչ կապ ունի Բելառուսը»:
Գլազը հավելել է. «Հայաստանին այնպիսի ղեկավարություն եմ մաղթում, որը իսկապես մտածում է սեփական երկրի ապագայի ու ժողովրդի բարեկեցության մասին»։
Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը հունիսի 14-ին ֆեյսբուքյան գրառմամբ արձագանքել է. «Բելառուսի ԱԳՆ խոսնակի՝ հունիսի 13-ի մեկնաբանության, մասնավորապես ՀՀ ներքին գործերին միջամտելու առնչությամբ բելառուսական կողմին ներկայացվել է բողոքի հայտագիր: Երկրի ապագայի մասին մտածող ղեկավար ունենալու մաղթանքներ հղելիս մաղթողն ինքը պետք է սեփականն ունենա: Բելառուսի պարագայում այս պահին դա հիրավի շռայլություն է»։
Հայ-բելառուսական դիվանագիտական այս «փոխհրաձգությանը» ֆոնին՝ երեկ ամերիկյան Politico պարբերականը հրապարակեց «Զենքի գաղտնի գործարք, որի պատճառով Պուտինը կորցրեց դաշնակից Հայաստանին» վերնագով հոդվածը, ուր, վկայակոչելով խմբագրությանը հասանելի դարձած փաստաթղթերը, Politico-ն տեղեկացնում է, որ Մինսկը ժամանակակից զենքեր է մատակարարել Հայաստանի թշնամի Ադրբեջանին, չնայած այն հանգամանքին, որ Բելառուսը և Հայաստանը դաշնակիցներ են Ռուսաստանի գլխավորած ՀԱՊԿ-ում։
«Այդ փաստաթղթերը նոր լույս են սփռում այս շաբաթ Հայաստանի կայացրած որոշման վրա, ըստ որի երկիրը հայտարարեց, թե դուրս կգա ռազմական այդ դաշինքից։ [Նման քայլը] կթուլացնի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեղինակությունը նախկին խորհրդային երկրների շրջանում»,- գրել ամերիկյան հեղինակավոր պարբերականը:
«Ազատություն» ռադիոկայանի լրագրող Վադիմ Դուբնովի կարծիքով, Հայաստանի ղեկավարի համար դժվար է վերջնական որոշում կայացնել, քանզի ՀԱՊԿ-ի հետ կապված իրավիճակում դեր ունի «Փաշինյանի սեփական սուբյեկտիվ վերաբերմունքը»։
Միաժամանակ, Դուբնովը վստահ է՝ վարչապետ Փաշինյանը լավ է հասկանում, որ ՀԱՊԿ-ը Հայաստանին պետք չէ․ «[Բայց] նման քայլը այնքան վճռական կլինի, որ ներկա ներքաղաքական պայմաններում, կարծում եմ, Փաշինյանը պատրաստ չէ վերջնականապես խզել կապերը։ Այստեղից էլ գալիս են նրա հայտարարությունները, թե դա կլինի վաղը, գուցե մեկ տարի հետո, գուցե երեք...։ Սա պատասխան է միանգամից բոլորին՝ և՛ կողմնակիցներին, և՛ թերահավատներին»:
Տարտուի համալսարանի Արևելագիտության կենտրոնի գիտաշխատող Բորիս Դոլգինը «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում կարծիք է հայտնել, որ Փաշինյանը աստիճանաբար, բայց հետևողական քայլեր է ձեռնարկում կառույցը լքելու ուղղությամբ․ «Երևանը ակտիվորեն քննադատում էր ՀԱՊԿ-ի արդյունավետությունը։ Արդյունքում, Փաշինյանը սկսեց ասել, որ կազմակերպությունից դուրս գալը օրակարգում է և քննարկվում է։ Նախորդ օրերին հնչեց այն միտքը, թե նման լուծումը միանգամայն հնարավոր է։ Այստեղ կարելի է տեսնել աստիճանական շարժ դեպի նախատեսված նպատակ, որն ուղեկցվում է կտրուկ արմատական քայլերից խուսափելու ցանկությամբ՝ Ռուսաստանին շատ չգրգռելու համար։ Այս շարժը արագացավ, քանզի ՀԱՊԿ-ի անարդյունավետությունն ավելի ու ավելի ակնհայտ է դառնում»:
Ըստ վերլուծաբանի, Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մեղադրանքները, թե Երևանին դաշնակից համարվող երկրները, իրականում, եղել են Ադրբեջանի դաշնակիցը ղարաբաղյան պատերազմի ժամանակ, նույնպես հստակ ազդանշան են, որ Հայաստանը չի պատրաստվում հանդուրժել կառույցի անդամ-պետությունների նման պահվածքը, ինչը հերթական հարվածն է Ռուսաստանի ղեկավարությանը:
Դոլգինը չբացառեց, որ «մի օր նման մեղադրանքներ կհասցեագրվեն Ռուսաստանին»։
Նրա կարծիքով, ինչ-որ պահին Երևանը կարող է դիմել կտրուկ քայլերի: «Բայց դա կախված կլինի Ռուսաստանի հետ տարբեր տեսակի սակարկություններից, և ոչ միայն դրանից։ Միաժամանակ, Հայաստանն ամրապնդում է հարաբերություններն Արևմուտքի հետ։ Որքան հասկանում եմ, Փաշինյանի ազդակները մեծ մասամբ ուղղված են արևմտյան լսարանին, որպեսզի ցույց տան, թե Երևանն ինչ ուղեգիծ է որդեգրում և որքան լուրջ են նրա մտադրությունները»։
Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը «Ամերիկայի ձայնին» փոխանցել է, թե վարչապետ Փաշինյանի վարած քաղաքականությունն է հանգեցրել նրան, որ Հայաստանը մնացել է առանց դաշնակիցների: Օսկանյանը դժվարացել է պատասխանել՝ արդյո՞ք Երևանի շահերից բխում է այժմ լքել ՀԱՊԿ-ը: Նախկին արտգործնախարարը ընդգծել է, որ Հայաստանն այսօր կարիք ունի կոմպլեմենտար արտաքին քաղաքականության՝ շեշտելով, թե հնարավորությունները շատ են, սակայն Փաշինյանի կառավարությունը ի զորու չէ այդ իրականացնել:
«Եթե Միացյալ Նահանգները ցանկանում է մեզ հետ զարգացնել հարաբերություններ և անվտանգության երաշխիքներ տալ, ապա դա պետք է համադրել այլ հնարավորությունների հետ: Ուղղակի այդ անցումը Ռուսաստանից դեպի Արևմուտք պետք է սահուն և մտածված լինի, որպեսզի չխաթարվի Հայաստանի անվտանգությունը: Դա մեկ մարդու որոշելու հարց չէ: Դա պետք է լինի ազգային քննարկման արդյունքում»,- ասել է Վարդան Օսկանյանը:
Բրուքինգս ինստիտուտի վերլուծաբան Ասլի Այդինթաշբաշի կարծիքով, արևմտյան տերությունները գնահատում են իրենց հետ ավելի սերտ կապեր զարգացնելու Հայաստանի ցանկությունը, սակայն Արևմուտքն այդ տարածաշրջանում ունի ազդեցության սահմանափակ գործիքակազմ:
«Խնդիրն այն է, որ տարածաշրջանում առկա է արևմտյան սահմանափակ ազդեցություն և սահմանափակ գործիքակազմ, որոնք Արևմուտքը կարող է օգտագործել Հայաստանին և Հայաստանի ժողովրդավարությանն աջակցելու համար: Ահա թե ինչու, Հայաստանի ղեկավարները պետք է շատ, շատ զգույշ լինեն, թե ինչպես են հավասարակշռելու իրենց կապերն Արևմուտքի, Ռուսաստանի և Թուրքիայի հետ»,- ասել է վերլուծաբանը:
Ըստ Այդինթաշբաշի, արևմտյան տերությունները գնահատում և աջակցում են նաև Հայաստանի պատրաստակամությունը՝ խաղաղության պայմանագիր ստորագրել Ադրբեջանի հետ: