Մատչելի հղումներ

Ի՞նչ ազդեցություն ունի արհեստական բանականությունն ամերիկյան քաղաքական գործընթացներում


2024 թվականի ԱՄՆ նախագահական արշավում երկու թեկնածուների՝ Ջո Բայդենի ու Դոնալդ Թրամփի թիմերն օգտագործում են արհեստական բանականություն՝ ընտրողներին իրենց կողմ գրավելու համար:

Վերջին շրջանում քաղաքականության մեջ ամենից մեծ փոփոխությունը, թերևս, առաջացրել է արհեստական բանականությունը, որի միջոցով, օրինակ, հնարավոր է դառնում առավել թիրախավորված «հասնել» ավելի շատ ընտրողների:

«[Արհեստական բանականության աշխատանքի] մոդելներն արագ են փոխվում: Ամեն շաբաթ ի հայտ է գալիս նորը, որը զգալիորեն լավն է, քան նախորդը»,- ասում է Հյուսիսային Կարոլինայի համալսարանի վերլուծաբան Սքոթ Բաբվա Բրենենը:

Արհեստական բանականության կիրառումը՝ ամերիկյան քաղաքական դաշտում
please wait

No media source currently available

0:00 0:02:28 0:00

Այդ մոդելները հզոր գործիքներ են՝ համապետական և տեղական մակարդակներում արշավների համար՝ ասում է քաղաքական ստրատեգ Բեթսի Հուվերը․ «Պատկերացրե՛ք, քարոզարշավ, ուր ընդհանրապես բացակայում է թվային ոլորտով զբաղվող անձնակազմ, և այն չունի թվային բովանդակություն: Արհեստական բանականությունը թույլ է տալիս ունենալ այն և բավականին [տպավորիչ բովանդակություն], եթե ցանկանում են: Կամ, պատկերացրե՛ք, մի թեկնածուի, ով պայքարում է ֆինանսական մեծ ռեսուրսներ ունեցող գործող նախագահի դեմ: Արհեստական բանականությունը հսկայական դեր կունենա այդ քարոզարշավում»:

Հուվերի ընկերությունը՝ Higher Ground Labs-ը, ներդրումներ է կատարում՝ արհեստական բանականությունը հօգուտ Դեմոկրատական կուսակցության կիրառելու նպատակով:

«Իրոք, տեղյակ չեմ, թե հանրապետականները իրենց քարոզարշավը վարելիս՝ ինչ պատկերացումներ ունեն չափանիշների մասին, բայց գիտեմ, որ դեմոկրատները բարձր չափանիշներ ունեն, թե ինչպես ենք օգտագործելու այս նոր տեխնոլոգիաները: Իրոք, անհանգստացած չեմ, թե հետ ենք մնում այս առումով»,- ասում է Հուվերը:

2016 թվականին Թրամփի նախընտրական թիմը սոցիալական ցանցերում հսկայածավալ գովազդային արշավ սկսեց՝ կիրառելով թիրախավորված հաղորդագրություններ և աշխատելով բրիտանական հայտնի Cambridge Analytica ընկերության հետ:

Բրեդ Փարսեյլն այդ քարոզարշավի ավագ խորհրդականն էր՝ տվյալների և թվային գործառնությունների գծով: Նրա Campaign Nucleus ընկերության է վստահված Թրամփի՝ 2024 թվականի նախընտրական կայքը:

Փարսեյլի խոսքով, արհեստական բանականությունը կարող է վերլուծել ընտրողների տվյալները՝ համակիրներին որոշակիացնելու համար․ «Մի քանի տարի հետո դուք կկարողանաք ձեր բջջային հեռախոսի՝ հավելվածի միջոցով իրականացնել մի ողջ գրասենյակի գործառույթներ՝ արհեստական բանականության օգնությամբ, որը կարող է մամուլի հրապարակումներ պատրաստել, գրել ձեր նամակները, դրամահավաքի համար անհրաժեշտ աշխատանք տանել, և այս ամենը ձեր բջջային հեռախոսի միջոցով»:

Սակայն արհեստական բանականության կիրառումը, բնականաբար, չի սահմանափակվում միայն նախընտրական արշավներով։ Ամերիկյան լրատվամիջոցների ինստիտուտի և Associated Press-ի համատեղ սոցհարցման համաձայն, ամերիկացի ընտրողների 42%-ը մտահոգված է, որ լրատվամիջոցները նույնպես կդիմեն արհեստական բանականությանը՝ հատկապես նախընտրական շրջանում տարատեսակ բովանդակություն ստեղծելու համար:

XS
SM
MD
LG