«Այսօր դաշնակիցները պայմանավորվել են առաջ շարժվել ՆԱՏՕ-ի ավելի մեծ դերակատարության ուղղությամբ՝ անվտանգության աջակցության և ուսուցման գործում: Մանրամասները պարզ կդառնան գալիք շաբաթներին: Այժմ ու երիկարատև հեռանկարում Ուկրաինան կարող է ապավինել ՆԱՏՕ-ի աջակցությանը»,- Բրյուսելում կայացած ՆԱՏՕ-ի անդամ-երկրների նախորդ հանդիպմանը հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
Ստոլտենբերգն առաջարկել է հիմնադրամ ձևավորել, որը գալիք հինգ տարիներին Կիևին կցուցաբերի 107 միլիարդ դոլարի օգնություն։
Գաղտնիք չէ, որ ուկրաինական պատերազմում Ուկրաինային ցուցաբերվող Հյուսիսատլանտյան դաշինքի աջակցությունը կարևոր է։ Օդուժի պարագայում, օրինակ, հայտնի է, որ մեկ տարի առաջ ՆԱՏՕ-ի անդամ Լեհաստանն ու Սլովակիան Կիևին փոխանցեցին իրենց օդուժերի Миг-29 կործանիչների մեծ մասը։
Ուկրաինական օդուժի 7-րդ ավիացիոն բրիգադի հրամանատար, գնդապետ Եվհեն Բուլացիկը ասում է, որ արևմտյան մատակարարումները թույլ են տվել արդիականացնել իրենց հնամաշ օդուժը:
«Այն, ինչ տրամադրել են մեր արևմտյան գործընկերները, արդյունավետ է օգտագործվել։ Այդ զենքերն ունեն ավելի մեծ հեռահարություն, շատ ավելի ճշգրիտ են և արդյունավետ, քան խորհրդային մոդելները: Հուսով ենք, այն մեզ գոյատևելու և գուցե՝ հաղթելու հնարավորություն կտա»,- ասում է նա:
Շատերն են այն կարծիքի, որ ուկրաինական այն ինքնաթիռները, որոնք արդիականացված են կրելու արևմտյան սպառազինություն, դառնում են արդյունավետ՝ թիրախները խոցելու համար:
Գնդապետ Բուլացիկի խոսքով, լրացուցիչ զինամթերքի կարիք ունեն, և հույս է հայտնում, որ առաջիկայում Ուկրաինա կժամանեն F-16 կործանինչները։
Ռազմական օդաչու Անդրիյը, ով խնդրեց չհրապարակել իր ազգանունը՝ անվտանգության նկատառումներից ելնելով, մինչ պատերազմը քաղաքացիական օդաչու էր։ Իր վարած Airbus-ով վերջին թռիչքը նա կատարել է Ուկրաինա ռուսական լայնամասշտաբ ներխուժումից ընդամենը չորս օր առաջ: Այժմ նրա ամենօրյա գործը ռազմական առաքելություններն են:
Ե՛վ օդաչուն, և՛ նրա հրամանատարը կարծում են, որ ՆԱՏՕ-ի ռազմական մատակարարումների շնորհիվ նրանք կկարողանան փոխել իրավիճակն առաջնագծում։
«Մեզ անհրաժեշտ է ամեն տեսակի օգնություն՝ զենք, ֆինանսներ, զինամթերք: Ոմանք կարող են զենք առաջարկել, մյուսները՝ ֆինանսական օգնություն: Ամեն ինչի կարիքն ունենք։ Պատրաստ ենք վարկեր վերցնել։ Ուկրաինացիներն ազնիվ են և աշխատասեր։ Պարտքերը կվերադարձնենք»,- հավելում է Բուլացիկը:
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ իր դռները բաց են Ուկրաինայի համար, սակայն անդամակցության հարցը դեռ վաղ է քննարկել: