Մատչելի հղումներ

Վաշինգտոնն ու ԵՄ-ն աջակցում են Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը. բրյուսելյան հանդիպման հետքերով


Ձախից՝ աջ՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, ԵՄ բարձր ներկայացուցիչ/փոխնախագահ Ջոզեպ Բորելը` ապրիլի 5-ին Բրյուսելում
Ձախից՝ աջ՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, ԵՄ բարձր ներկայացուցիչ/փոխնախագահ Ջոզեպ Բորելը` ապրիլի 5-ին Բրյուսելում

Ապրիլի 5-ին Բրյուսելում կայացավ ԱՄՆ-ԵՄ-ՀՀ բարձր մակարդակի հանդիպումը, որի օրակարգում էր Հայաստանի դիմակայունության ամրապնդումն ու մարդասիրական աջակցությունը: Հանդիպման շուրջ, սակայն, հնչեցին տարատեսակ մեկնաբանություններ և տեսակետներ

Եվրամիությունը և Միացյալ Նահանգները ողջունում են արտաքին աշխարհի հետ կապը բարելավելու Հայաստանի հանձնառությունը՝ ներառյալ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, որը կխթանի ընդհանուր բարգավաճումը և տարածաշրջանային տնտեսական և առևտրի դիվերսիֆիկացումը, ասված է ԱՄՆ-ԵՄ-Հայաստան ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած բարձր մակարդակի եռակողմ հանդիպման արդյունքում հրապարակված համատեղ հայտարարության տեքստում: Այն ընդգծում է՝ ԵՄ-ն ու ԱՄՆ-ը մտադիր են լրացուցիչ օժանդաություն ցուցաբերել՝ օգնելու Հայաստանին մեղմել ռիսկերը, դիվերսիֆիկացնել առևտուրը և ամրապնդել տնտեսական և ինստիտուցիոնալ դիմակայունությունը։

Ըստ համատեղ հայտարարության՝ Վաշինգտոնն ու Բրյուսելը նպատակ ունեն «ընդլայնել համագործակցությունը՝ միտված Հայաստանի դիմակայունության ամրապնդմանը՝ ներառյալ այնպիսի առանցքային ոլորտներում, ինչպիսիք են` քաղաքական բարեփոխումները, տնտեսական զարգացումը և մարդասիրական աջակցությունը»:

Հայտարարությունը եզրափակում է. «Բարգավաճ, ինքնիշխան և ժողովրդավար Հայաստանը, որը զարգացնում է իր սեփական գործընկերային հարաբերությունները և ազատորեն որոշում իր ուղին, կնպաստի տարածաշրջանային կայունությանը և բարգավաճմանը»:

Բաքուն, սակայն, դատապարտել է այս հանդիպման անցկացումը՝ այն դիտարկելով Բաքվի դեմ ուղղված քայլ: «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ այսօր Բաքվում Թուրքիայի նախկին արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպմանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նշել է, որ չնայած ԱՄՆ-ի և Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաների հավաստիացումների, որ բրյուսելյան եռակողմ հանդիպումը ուղղված չէ Ադրբեջանի դեմ, Բաքվում, սակայն, կարծում են, որ այն ուղղված է Ադրբեջանի ու Հարավային Կովկասում համագործակցության դեմ։ Ալիևը նաև հավելել է, որ «այն հետապնդում է բաժանարար գծեր ստեղծելու և Ադրբեջանին մեկուսացնելու նպատակ»։

ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենը, հեռավար մամլո ասուլիսի ընթացքում արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այս հայտարարության մասին հարցին, ասել է. «Չեմ կարծում, որ մենք պետք է համոզենք կամ հավաստիացումներ տանք Ադրբեջանին այսօրվա հանդիպման վերաբերյալ: Շատ հստակ ասել էինք, թե ինչ մտադրություն ունենք այս հանդիպումով, և այս հանդիպումը հենց այն էր, ինչի մասին նախօրոք հայտարարել էինք»,- նշել է Օ՛Բրայանը:

Ամերիկացի դիվանագետի խոսքով՝ ԱՄՆ-ը աջակցում է այն ընտրությանը, որն արել է Հայաստանի ժողովուրդը, և կշարունակի աջակցել՝ ապահովելով «խաղաղություն և անվտանգություն ողջ տարածաշրջանում»: Նա հիշեցրել է՝ հանդիպումից առաջ պետքարտուղար Բլինքենը և ԵՄ նախագահ ֆոն դեր Լեյենը զրուցել են նախագահ Ալիևի հետ։ Ըստ Օ՛Բրայանի՝ քննարկումներն անցել են «շատ լավ ու կառուցողական», իսկ Ադրբեջանի նախագահը հասկացել է հանդիպման նպատակը՝ նշելով, որ յուրաքանչյուր երկրի հարաբերություն Եվրոպայի ու ԱՄՆ-ի հետ վերաբերում է միայն այդ երկրին։

Բաքուն, սակայն, միակը չէր, որ իր դժգոհությունն էր հայտնել բրյուսելյան եռակողմ հանդիպման կապակցությամբ: Բաքվի քննադատությանն են միացել Թուրքիան և Ռուսաստանը: Թուրքիայի ԱԳՆ-ը հանդես է եկել հայտարարությամբ, ուր ընդգծել է, որ Անարայի կարծիքով «ապրիլի 5-ին Հայաստանի, ԵՄ-ի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպումը կխաթարի չեզոք մոտեցումը, որը պետք է հիմք հանդիսանա տարածաշրջանի բարդ խնդիրների լուծման համար։ Այս նախաձեռնությունը, որը բացառում է Ադրբեջանը, ճանապարհ կհարթի, որպեսզի Հարավային Կովկասը վերածվի աշխարհաքաղաքական առճակատման տարածքի, այլ ոչ թե ծառայի խաղաղությանը»,- նշված է Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության տեքտում:

Իր հերթին, Մոսկվան դիտարկել է եռակողմ հանդիպումը որպես «հավաքական Արևմուտքի» հերթական փորձ՝ Հարավային Կովկասը ներքաշելու աշխարհաքաղաքական առճակատման մեջ»։ Ռուսաստանի արտգործնախարարությունը իր հայտարարության մեջ նշում է, որ Մոսկվային հայտնի է, որ ԱՄՆ-ը և ԵՄ-ը ձգտում են հասնել ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալուն, ինչպես նաև Հայաստանից ռուսական ռազմակայանի և սահմանապահների դուրսբերմանը։ «Ակնհայտ է, որ Արևմուտքը ցանկանում է Հայաստանը վերածել Հարավային Կովկասում իր չափազանց վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի»,- հայտնել է ռուսական կողմը:

Ջեյմս Օ՛Բրայենը, լրագրողների հետ մամլո ասուլիսին, ընդգծել է` «Ռուսաստանը պատմական դերակատարություն ունի Հայաստանում և Հարավային Կովկասում»՝ հույս հայտնելով, որ Մոսկվան կաջակցի նաև Հայաստանի ընտրությանը՝ շարժվելու ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական բարգավաճման ուղղությամբ: «Մենք գիտենք, որ սա շարունակվող երկխոսություն է Երևանի և Մոսկվայի միջև, բայց մի բան շատ հստակ է, և դա Հայաստանի ժողովրդի ընտրությունն է: Կարծում ենք՝ պետք է աջակցել ու հարգել այդ որոշումը»,- ասել է Օ՛Բրայանը:

Օ՛Բրայանը նաև ընդգծում է. «Տարածաշրջանում մենք տեսնում ենք Ռուսաստանի ապատեղեկատվական ջանքերը: Մեդիա տեղեկատվական մանիպուլյացիաները սպասելի են. մենք տեսանք՝ շահարկումներ եղան նաև այսօրվա հանդիպման վերաբերյալ, թե ինչի մասին է այդ հանդիպումը կամ ինչի մասին չէ: Հանդիպումը հստակ Հայաստանի ժողովրդի քաղաքական ընտրությանն աջակցելու միջոց է, և այն նաև քաջալերում է տարածաշրջանային խաղաղ տնտեսական ինտեգրացիան, մի բան, որ Հայաստանի կառավարությունն է ցանկանում, բայց նաև Ադրբեջանի ղեկավարությունն էլ է ասել, որ դրան հետամուտ կլինի»:

Վերլուծաբանների կարծիքով՝ բրյուսելյան հանդիպումը ի ցույց է դնում Երևանի ցանկությունը շարժվել դեպի Արևմուտք, որի պատճառներից է Հայաստանի հիասթափությունը Ռուսաստանի վարած քաղաքականությունից:

«Հայաստանն ակնարկել է, որ ցանկանում է շատ ավելի լավ հարաբերություններ ունենալ Եվրամիության, ՆԱՏՕ-ի եւ ԱՄՆ-ի հետ։ Հայաստանը աշխարհագրորեն ու ռազմական տեսանկյունից շատ ծանր վիճակում է, բայց կարծում եմ՝ այն, ինչին ականատես ենք այսօր Հայաստանում արտացոլում է դժգոհությունն ու հիասթափությունը Ռուսասատանից, որը օգնության չհասավ Հայաստանին, երբ վերջինս ուներ դրա կարիքը»,- «Ամերիկայի ձայնի» վրացական ծառայության հետ զրույցում ասել է Ջորջ Բուշ կրտսերի ինստիտուտի գործադիր տնօրեն Դեյվիդ Կրամերը:

Վերջինս ընդգծում է՝ Հայաստանի ժողովուրդն իրեն դավաճանված է զգում Ռուսաստանի կողմից: «Նրանք զգում են, որ Ռուսաստանը չի պաշտպանել Հայաստանին Ադրբեջանի հետ պատերազմում», ասում է Կրամերը:

«Սա վերջին օրինակներից է, թե ինչպես է Ռուսաստանը լքում և վանում իրենից իր հարևաններին, ներառյալ նրանց, ովքեր շատ մոտ են եղել և ապավինել են Ռուսաստանին այս տարիների ընթացքում»,- պնդում է Կրամերը:

«Ատլանտյան խորհուրդ» հաստատության ավագ վերլուծաբան, ամերիկացի բարձրաստիճան նախկին դիվանագետ Դենիել Ֆրիդը ընդգծում է՝ Հայաստանում շատերը գտնում էին, որ Ռուսաստանը պատմականորեն հանդիսանում է Հայաստանի պաշտպանը, սակայն այդ պաշտպանությունն ակնհայտ չէր: Դրա հետ մեկտեղ, վերլուծաբանը գտնում է, որ Երևանի արտաքին քաղաքական ուղեգծի դիվերսիֆիկացումը չի կրում հակառուսական բնույթ: «Թվում է, թե Հայաստանում առկա է շահագրգռվածություն դիվերսիֆիկացնել իր հարաբերությունները, ոչ թե ընդդեմ Ռուսաստանի, այլ Եվրոպայի հետ հարաբերություններում ավելի շատ տարբերակներ ունենալու համար։ Դա հավանաբար լավ է հայ ժողովրդի համար, և Միացյալ Նահանգները հարգում է այդ որոշումը»:

Վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանի պնդմամբ էլ բրյուսելյան հանդիպումը հավասարապես կապված է Ռուսաստանի ու Ադրբեջանի հետ: «Արևմուտքն այժմ ձգտում է աջակցել Հայաստանին: Բրյուսելի այդ հանդիպումը նույնքան վերաբերում է Ռուսաստանին, որքան Ադրբեջանին»:

«Ամերիկայի ձայնի» վրացական ծառայության հետ զրույցում, Կիրակոսյանն ընդգծում է՝ արևմտյան տերություններն այս հանդիպման միջոցով ձգտում են ուղերձ հղել Բաքվին՝ Հայաստանի վրա հարձակումը բացառելու համար, որը, սակայն, ըստ վերլուծաբանի, դա դեռևս բավարար չէ: «Արևմուտքի ներգրավվածությունը Հայաստանի հետ առանց Ադրբեջանի ներկայության կոչված է զսպելու կամ խափանելու Ադրբեջանի հետագա հարձակումները։ Բայց, անկեղծ ասած, ռազմական տեսանկյունից իրական զսպողականություն առկա չէ»:

Կիրակոսյանը գտնում է, որ այս պահին Ռուսաստանն իր ողջ ուշադրությունը կենտրոնացրել է Ուկրաինայի պատերազմի վրա, սակայն վերլուծաբանը չի բացառում Մոսկվայի դիմումը կոշտ քայլերի անկախ ուկրաինական զարգացումներից:

«Ամերիկայի ձայնի» վրացական ծառայությունը նպաստել է նյութի հրապարակմանը

XS
SM
MD
LG