Մատչելի հղումներ

Ֆինլանդիան անորոշ ժամանակով փակում է Ռուսաստանի հետ ցամաքային սահմանը


Ֆինլանդիան անորոշ ժամանակով երկարաձգել է Ռուսաստանի հետ ցամաքային սահմանի փակ մնալը
Ֆինլանդիան անորոշ ժամանակով երկարաձգել է Ռուսաստանի հետ ցամաքային սահմանի փակ մնալը

Ինչպես պարզաբանել է երկրի ներքին գործերի նախարար Մարի Ռանտանենը, Ֆինլանդիայի իշխանությունները «երկարաժամկետ են համարում» սահմանին ստեղծված իրավիճակը։

Ֆինլանդիան անորոշ ժամանակով երկարաձգել է Ռուսաստանի հետ ցամաքային սահմանի փակ մնալը, բացի այդ ֆինլանդական մի քանի նավահանգիստների կարգելվի նավեր ընդունել հարևան Ռուսաստանից՝ հինգշաբթի հայտարարել է պաշտոնական Հելսինկին։

Անցած տարեվերջին Ֆինլանդիան փակեց իր ցամաքային սահմանը Ռուսաստանի հետ՝ պատճառաբանելով Սիրիայից և Սոմալիից ժամանող միգրանտների աճը: Հելսինկին մեղադրում է Մոսկվային միգրանտներին օգտագործելու մեջ՝ սահմանին իրավիճակն ապակայունացնելու համար։

«Ֆինլանդիայի իշխանություններն այս իրավիճակը դիտարկում են որպես երկարաժամկետ: Այս գարնանը ոչինչ չենք տեսել, որը թույլ կտար մեզ եզրակացնել, որ իրավիճակը զգալիորեն փոխվել է»,- ասված է երկրի ներքին գործերի նախարար Մարի Ռանտանենի հայտարարությունում:

Փետրվարին Ֆինլանդիայի կառավարությունը տեղեկացրել էր, որ սահմանի փակումը կտևի մինչև ապրիլի 14-ը։

Չնայած սահմանի փակմանը, ապաստան հայցողները շարունակում են գալ Ռուսաստանից։ Ֆինլանդիայի կառավարության կարծիքով, գարնանը նրանց թիվը կարող է զգալիորեն աճել։

«Ռուսաստանի կողմից Ֆինլանդիայի սահմանի մոտ հարյուրավոր, գուցե հազարավոր մարդիկ կան, որոնք կարող են օգտագործվել Ֆինլանդիայի դեմ»,- նշում է Ռանտանենը:

Ֆինլանդիայի սահմանային գործակալության համաձայն, անցած տարվա օգոստոսից դեկտեմբեր ռուս-ֆիննական սահմանը հատել են ավելի քան 1 300 միգրանտներ՝ Եմենից, Սոմալիից և Սիրիայից։ Մինչ այդ, օրական միջինը մեկ մարդ էր հատուկ սահմանը։

XS
SM
MD
LG