Մատչելի հղումներ

Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) հարցման համաձայն, հայաստանցների 40%-ը Ռուսաստանը համարում է «քաղաքական սպառնալիք»․ ՏԵՂորոշում


Սանկտ Պետերբուրգ, ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպում, Reuters, 26 դեկտեմբերի, 2021թ.
Սանկտ Պետերբուրգ, ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպում, Reuters, 26 դեկտեմբերի, 2021թ.

Վաշինգտոնում կենտրոնակայան ունեցող Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) վերջերս հրապարակած հարցումը աչքի է ընկել մի շարք ուշագրավ բացահայտումներով՝ Հայաստանում Ռուսաստանի հանդեպ խորացող բացասական վերաբերմունք, աևմտյան տերությունների նկատմամբ աճող վստահություն

Վաշինգտոնում կենտրոնակայան ունեցող Միջազգային հանրապետական ինստիտուտի Հարցումների հետազոտության կենտրոնի Հայաստանի վերաբերյալ օրերս հրապարակած հարցման արդյունքներն ամբողջապես արտացոլում են այն ռազմական և աշխարհառազմավարական իրավիճակը, որում հայտնվել է երկիրը, երբ Ադրբեջանի հետ պատերազմի ընթացքում իրական որևէ աջակցության չստացավ դաշնակից համարվող Ռուսաստանից՝ «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում ասել է Միջազգային հանրապետական ինստիտուտի եվրոպական և եվրասիական ծրագրեի տնօրեն Ստեֆան Նիքսը:

«Այսօր հայաստանցիները Ռուսաստանին այլ կերպ են դիտարկում: Նրանք դիտարկում են [Ռուսաստանը] որպես սպառնալիք, այն դեպքում, երբ նախկինում այն մշտապես դիտվել է որպես պաշտպան։ Սա չափազանց կարևոր և հետաքրքիր միտում է, թե ինչպես են հայաստանցիները փոխում իրենց հայացքները Ռուսաստանի նկատմամբ»,- նշում է Ստեֆան Նիքսը:

«Անշուշտ, զարմանալի չէ, որ նրանք՝ [հայաստանցիները] մտահոգություններ ունեն Ռուսամստանի հետ կապված՝ տեսնելով, թե ինչ է արել Պուտինը և շարունակում է անել Ուկրաինայում և տարածաշրջանում»,- նշում է ամերիկացի նախկին դիվանագետ Ֆիլիպ Ռիքերը:

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինասավորմամբ Հայաստանի արտաքին և ներքին քաղաքական խնդիրների վերաբերյալ Միջազգային հանրապետական ինստիտուտի հարցումը ուշագրավ տեղեկություններ է հայտնում Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունների վերաբերյալ՝ ի ցույց դնելով Երևանի ու Մոսկվայի միջև առկա ճգնաժամը:

«Ռուսաստանի հարցում հասարակական կարծիքը արագորեն փոխվում է։ Տարիներ շարունակ հարցումներ ենք արել Հայաստանում, և հայաստանցիների վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ կտրուկ փոխվել է նախորդ վեց տարիների ընթացքում։ Վեց տարի առաջ հայաստանցիների միայն 11%-ն էր բացասաբար վերաբերվում Ռուսաստանին։ Այս վերջին հարցման համաձայն, այդ թիվը կտրուկ աճել է՝ հասնելով 66%-ի»,- շարունակում է Նիքսը։

Ըստ հարցման, հայաստանցիների 40%-ը երկրի համար քաղաքական սպառնալիք է դիտարկում Ռուսաստանը: Այս առումով Մոսկվան երրորդ հորիզոնականում է՝ զիջելով Ադրբեջանին՝ 86%, և Թուրքիային՝ 82%:

«Տեսնում ենք, որ Ռուսաստանը հայաստանցիների կողմից ընկալվում է որպես գրեթե նույնքան [վտանգավոր երկիր], որքան Թուրքիան է։ Սա ևս մեկ կարևոր փոփոխություն է: Կարծում եմ, [Հայաստանի] վարչապետի քայլերը դեպի Արևմուտք արտացոլում են հասարակական կարծիքը [Հայաստանում]»,- նշում է Նիքսը:

Վերլուծաբանները Ռուսասատնի նկատմամբ Հայաստանում առկա անվստահության նման բարձր ցուցանիշը բացատրում է Երևանի անվտանգային հարցերում Մոսկվայի որդեգրած հայտնի քաղաքականությամբ:

«Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունները մշտապես եղել են ասիմետրիկ և կախյալ: Հայաստանը երկար տարիներ ապավինում էր միայն Ռուսաստանին»,- «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայությանը տված հարցազրույցում ասում է «RAND» կորպորացիայի վերլուծաբան Փոլ Քորմերին:

«Երբ Ադրբեջանն օգտագործեց իր ռազմական առավելությունը 2016 թվականի փորձնական, այնուհետև՝ 2020 թվականի լայնածավալ պատերազմի ժամանակ, Հայաստանը հայտնվեց ծանր վիճակում: Նրանք՝ [հայերը] հասկացան, որ այդ բոլոր տարիներն Մոսկվային ապավինելը սխալ էր»,- ասում է Հերբսթը:

Միջազգային հանրապետական ինստիտուտի հարցման համաձայն, հատկապես, քաղաքական և անվտանգային ոլորտներում հայաստանցիներն առավել կարևորել են երկրի համագործակցությունը Արևմուտքի հետ։ Օրինակ, 96%-ի կարծիքով Ֆրանսիայի հետ Հայաստանի հարաբերությունները շատ լավ են կամ որոշակիորեն լավ, և այս ցուցանիշով Փարիզը զբաղեցրել է առաջին հորիզոնականը։

«Կասկած չկա, որ ֆրանս-հայկական հարաբերությունները բարելավվում են։ Նույնն է ամերիկա-հայկական հարաբերություններում: Եվ սա, իհարկե, դրական գործոն է: Այս ամենը նպաստում է կայունությանը, սակայն հեռու է [անվտանգության] երաշխիք լինելուց»,- ասում է Ջոն Հերբսթը:

Հայաստանցիների 61%-ը երկրի համար կարևոր քաղաքական գործընկեր է համարում Ֆրանսիային, 56%-ը՝ ԱՄՆ-ին, 47%-ը՝ Իրանին, 37%-ը՝ Եվրամիությանը, 34%-ը՝ Ռուսաստանին, իոկ 31%-ը՝ Չինաստանին։

«Հայաստանցիները մտերմություն են զգում դեպի Ֆրանսիան, Միացյալ Նահանգներն ու ողջ Եվրոպան։ Կրկնեմ՝ [Հայաստանի] վարչապետի և արտգործնախարարի վերջին քայլերն արտացոլում են հասարակական կարծիքի այդ փոփոխությունը, որն է՝ դեպի Արևմուտք կողմնորոշումը և ռուսական ազդեցությունից հեռանալը»,- աում է Նիքսը:

Հարցվածների 50%-ի համոզմամբ, անվտանգության ոլորտում ամենից կարևոր գործընկերը Ֆրանսիան է, 46%-ի կարծիքով ԱՄՆ-ն, դարձյալ՝ 46%-ը մատնանշել է Իրանին, 31%-ը՝ Ռուսաստանին, 28 %-ը՝ Եվրամիությանը։

«Փարիզը դարձել է կարևոր գործընկեր անվտանգության ոլորտում: Նրանք ուժեղացրել են իրենց ռազմական ներկայությունը Երևանում՝ օժանդակություն ցուցաբերող առաքելության միջոցով, որը ներգրավվել է անվտանգային ոլորտում Հայաստանի հետ համագործակցության մեջ և խորացրել է այդ հարաբերությունները: Այսօր Հայաստանին անհրաժեշտ է ոչ միայն սպառազինություն, այլ նաև բարեփոխումներ իր զինված ուժերում, և այդ բարեփոխումների հարցում Ֆրանսիան կարևոր խորհրդատվություն է տրամադրում:»,- պնդում է «RAND»-ի վերլուծաբան Փոլ Քորմերին:

«Ֆրանսիայի դերը աճում է տարածաշրջանում, ինչը, կարծում եմ, իրավիճակը մղում է ճիշտ ուղղությամբ: ԱՄՆ-ն, իր հերթին, նույնպես մեծ հետաքրքրություն է ցուցաբերում տարածաշրջանի նկատմամբ, սակայն այդ հետաքրքրությունն ավելի շատ արտահայտվում է ակտիվության, այլ ոչ թե հզոր և ազդեցիկ քաղաքականության միջոցով: Դա նույնպես կարող է փոխվել դրական զարգացման ուղղությամբ գալիք ամիսների կամ տարիների ընթացքում»,- ասում է Ջոն Հերբսթը:

Պատկերը փոխվում է, երբ հարցը վերաբերում է Հայաստանի հետ տնտեսական գործակցությանը։ Այդուհանդերձ, այստեղ էլ է Ռուսաստանը կորցրել իր երբեմնի առաջատար դիրքը։ Հարցվածների 49%-ը գտնում է, որ երկրի տնտեսական ամենից կարևոր գործընկերը Իրանն է, 48%-ի կարծիքով՝ Ռուսաստանը, 40%-ը նշել է Չինաստանի մասին, Ֆրանսիան ստացել է 34%, 33%-ի կարծիքով՝ ԱՄՆ-ն է։

Վերաբերմունքը հայաստանյան քաղաքական գործիչների և քաղաքական ինստիտուտների նկատմամբ

Քաղաքական գործիչներին չի վստահում հարցման մասնակիցների մեծամասնութունը՝ 60%-ը։ 17%-ի համար նախընտրելին վարչապետ Նիկոլ Փաշինյանն է։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանին վստահում է հարցվածների 5%-ը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ 3%-ը, Հանրապետություն կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանին՝ 4%-ը, իսկ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ 2%-ը։

Հարցվածների 42%-ը նշել է, որ խորհրդարանական ընտրությունների անցկացման դեպքում կա՛մ չի մասնակցի, կա՛մ կփչացնի քվեաթերթիկը, կա՛մ էլ որևէ մեկի օգտին չի քվեարկի։

«Երբ երկիրը պատերազմի մեջ է, ինչպես Հայաստանը, ապա քաղաքականությունը դառնում է երկրորդական։ Մարդիկ կենտրոնացած չեն քաղաքականության, ընտրությունների, քվեարկության ուղղությամբ»,- կարծիք է հայտնում Նիքսը:

Ըստ հարցման, խորհրդարանական ընտրությունների անցկացման պարագայում հարցման մասնակիցների 17%-ը իր ձայնը կտա իշխող «Քաղաքացիական պայամանգրին», ևս 3%-ը նշել է Նիկոլ Փաշինյանի գլխավորած կուսակցության կամ «Իմ քայլը դաշինքի» մասին։

«Իմ գնահատականով՝ հայաստանյան հանրությունը ցանկանում է ավելի շատ ժամանակ տրամադրել վարչապետին և այդ ընթացքում աջակցել նրան»,- ասում է Նիքսը:

Ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի օգտին քվեարկելու ցանկություն է հայտնել 3%-ը, «Հայաստանի հանրապետական կուսակցության» օգտին՝ 2%-ը, «Հանրային ձայն» կուսակցության՝ 2%-ը, ևս 2%-ը պատրաստ է իր ձայնը տալ «Բարգավաճ Հայաստան կուսակցությանը»։ Ստեֆան Նիքսի կարծիքով, Հայաստանի ընդդիմության ռուսամետ մոտեցումները ևս նպաստում են, որ վերջիններիս ցածր վարկանիշ ունենան:

«Կարծում եմ, սա առանցքային է, բայց նաև ցուցիչ, որ Հայաստանի ժողովուրդը չի ցանկանում վերադառնալ նախկին մոտեցումներին՝ ավելի ռուսամետ ոճի կառավարմանը: Ակնհայտ է, որ Հայաստանի ժողովուրդը ցանկանում է շարժվել առաջ ու ունենալ իր ապագան։ Հարցման համաձայն, Հայաստանում ավելի ու ավելի շատ մարդիկ են իրենց ապագան տեսնում Եվրոպայում»,- ընդգծում է Նիքսը:

Գնահատելով պետական կառույցների աշխատանքը՝ Հայաստանի զինված ուժերից գոհունակություն է հայտնել հարցվածների 30%-ը, դժգոհել է՝ 17%-ը։ Ոստիկանության աշխատանքից գոհ է 23%-ը, դժգոհ՝ 19%-ը։ Տեղական ինքնակառավարման մարմիններից գոհ է 21%-ը, դժգոհ՝ 20%-ը։ ԱԱԾ աշխատանքից՝ հավասարապես, գոհ ու դժգոհ են հարցվածների 22%-ները։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքից էլ գոհ է 16%-ը, և դժգոհ՝ 21%-ը։

Ստեֆան Նիքսը օրինաչափ է համարում բանակի նման բարձր վարկանիշը. երբ երկիրը պատերազմի մեջ է, ժողովուրդը համախմբվում իր զինված ուժերի շուրջ:

«Այս ամենը կապված է պատերազմի հետ: Մարդիկ հույս ու վստահություն ունեն, որ հայկական զինված ուժերը կպաշտպանեն իրենց, և դա, կարծում եմ, արտացոլված է թվերում: Նույն թվերն ենք նկատում Ուկրաինայում։ Բանակը առաջնային տեղում է, ինչպես Հայաստանում»,- ասում է Նիքսը:

Ամենացածր վարկանիշն ունի Ազգային ժողովը: Ըստ հետազոտության, հարցման մասնակիցների 68%-ը դժգոհ Հայաստանի խորհդարանի աշխատանքից:

Կառավարության որպես ամենամեծ ձախողում հարցվածների 36%-ը մատնանշել է «Լեռնային Ղարաբաղի կորուստը, Արցախի հանձնումը», 11%-ը՝ սխալ արտաքին քաղաքականությունը, 6%-ը՝ սխալ կադրային քաղաքականությունը, ևս 6%-ը կարծում է, որ կառավարության ձախողումներից է Ռուսաստանի ու ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների լարումը։ 10%-ի գնահատականով, կառավարությունը չի ունեցել որևէ ձախողում:

Որպես ամենամեծ ձեռքբերում նախորդ վեց ամիսների ընթացքում հարցվածների 17%-ը նշել է «անցում բազմավեկտոր արտաքին քաղաքականությանը»: Այս թիվը համապատասխանում է իշխող կուսակցության և նրա առաջնորդ, վարչապետ Փաշինյանին սատարողների թվին: Հաջորդիվ՝ որպես ամենամեծ ձեռքբերում, հարցվածները նշել են գերիների վերադարձը՝ 14%, փոփոխություններ բանակում՝ վերազինում, սպառազինության գնում`10%, անվտանգության ապահովում, խաղաղություն՝ 7%, ճանապարհների բարեկարգում՝ 4%: 28%-ի կարծիքով, կառավարությունը չի ունեցել որևէ նշանակալի ձեռքբերում:

Հարցվածների 50%-ի գնահատմամբ, Հայաստանը շարժվում է ճիշտ ուղղությամբ: 39%-ը գտնում է, որ շարժման ուղղությունը սխալ է։ 2023 թվականի մարտին իրականացված հարցման համեմատ՝ երկրի ընթացքը ճիշտ ուղղություն գնահատողների թիվն աճել է 14 տոկոսային կետով՝ այն ժամանակ այդպես էր կարծում հարցվածների միայն 36%-ը, այժմ, ինչպես ասացինք, այդ թիվը 50% է։

XS
SM
MD
LG