Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովի խոսքով, Բելգորոդ քաղաքում վիրավորվել է երկու մարդ, վնասվել են մի քանի տներ։
Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ, իրավիճակի կտրուկ սրման պատճառով ռուսական իշխանությունները որոշ վայրերում անգամ ստիպված են եղել ընդհատել քվեարկությունը, իսկ ընտրատեղամասեր եկած մարդիկ հարկադրված պատսպարվել են ապաստարաններում։ Քառորդ ժամ անց քվեարկությունը վերսկսվել է։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ հակաօդային պաշտպանության ուժերը կարողացել են խոցել են Ուկրաինայի տարածքից՝ համազարկային կրակի ռեակտիվ համակարգերից արձակած արկերը, թեև սոցցանցերում ակտիվորեն շրջանառվող տեսանյութում պատկերված է, թե Բելգորոդի փողոցներից մեկում արկը ինչպես է հարվածել մեքենային։
Ռուսաստանյան մարզկենտրոնը մի քանի օր է անընդմեջ կրակի տակ է։ Նախօրեին լրատվամիջոցները հայտնել էին երկու զոհի և ավելի քան տասը վիրավորների մասին։
Ավելի վաղ՝ Բելգորոդի և Կուրսկի մարզերի բնակավայրերի ուղղությամբ հնարավոր հարձակումների մասին նախազգուշացրել էին «Ազատություն Ռուսաստանին» լեգեոնը և Ռուսական կամավորական կորպուսը, որոնք ենթադրաբար ռուսներից բաղկացած և Ուկրաինայի կողմից մարտնչող ստորաբաժանումներ են։ Վերջիններս կոչ էին արել տեղի խաղաղ բնակչությանը տարհանվել:
Տեղի լրատվամիջոցների հաղորդմամբ, նախորդ օրերին մարտեր էին ընթանում Ուկրաինային սահմանակից Ռուսաստանի տարածքում։ «Ազատություն Ռուսաստանին» լեգեոնը և Ռուսական կամավորական կորպուսը հայտնել են, որ իրենց հաջողվել է գրավել որոշ բնակավայրեր։ Ռուսաստանի իշխանությունները հերքում են սահմանի ճեղքումը և հայտնում, որ հարձակում գործած «դիվերսանտները» լուրջ կորուստներ են կրել։
Պաշտոնական Կիևը տակավին լուռ է։ Սակավ են նաև ստուգված տեղեկությունները։
Իրավիճակին անդրադարձել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը. «Գլխավոր նպատակը Ռուսաստանի նախագահական ընտրությունները խաթարելն է, կամ, գոնե, ինչ-որ կերպ միջամտելն է քաղաքացիների կամարտահայտման բնականոն գործընթացին»։
Կրեմլի ղեկավարի ներկայացմամբ, չի բացառվում, որ Ռուսաստանի տարածքի ինչ-որ մասի գրավումը հետագայում կարող է օգտագործվել բանակցություններում, թե հարկ է փոխանակել ուկրաիանական գրավված հողերը ռուսական նմանատիպ տարածքների հետ։
Ռուսաստանցի ընդդիմադիր քաղաքական գործիչ Նատալյա Պելևինայի կարծիքով, վերոհիշյալ ստորաբաժանումների հարձակումները, ըստ ամենայնի, կապված են Ռուսաստանում նախագահական «ընտրությունների» հետ, և նպատակներից է ցույց տալ, որ չնայած Կրեմլից հնչող շարունակական հավաստիացումներին, իրականում, Պուտինը ի զորու չէ երաշխավորել կայունությունն ու անվտանգությունը երկրում:
«Քարոզչությունը, որի վրա դեռ հենվում են [Ռուսաստանի] իշխանությունները, Ռուսաստանի սահմանամերձ շրջաններում տեղի ունեցածի լույսի ներքո չափազանց անհամոզիչ է թվում։ Բնակչությունն ակնհայտորեն նման կայունություն չի ուզում։ Ստացվում է, որ «երաշխավորը» ի վիճակի չէ պաշտպանել երկրի սահմանները և սահմանամերձ բնակավայրերի մարդկանց»,- «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում ասում է Պելևինան։
Ընդդիմադիր գործչի կարծիքով, սահմանային լարվածությունը արդյունավետ էր ուկրաիանական կողմի համար. «Չնայած ռուսները գիտեն Բելգորոդի և Կուրսկի մարզերում տեղի ունեցող իրադարձությունների մասին, սակայն հարց է, թե ինչպես են դրանք ընկալում, որովհետև [ռուսաստանյան պետական] քարոզչությունը զգուշորեն զտում է նման տեղեկատվությունը և խեղաթյուրում այն: Ըստ պաշտոնական մեկնաբանության, «ուկրաինական զինված ուժերի ստորաբաժանումները» հարձակվել են սահմանամերձ շրջանների վրա։ Բայց նրանք, ովքեր օգտվում են «YouTube»-ից և «Telegram»-ից, իհարկե, տեղյակ են, թե ինչ է կատարվում»։
Անդրադառնալով Պուտինի խոսքերին՝ Նատալյա Պելևինան նշել է, թե բնական է, որ Կրեմլի ղեկավարը ռուսաստանյան շրջանների ուղղությամբ հարձակումը վերագրել է Ուկրաինայի զինուժին․ «Նա հանդես է գալիս քարոզչական լույսի ներքո, ինչը բոլորովին զարմանալի չէ։ Տեղի ունեցածը որակեց սադրանք՝ ընտրություններից առաջ։ Պարզապես «հարմարեցնում» է տեղեկատվությունն իր օգտին՝ աշխատելով շահել ռուսաստանցիների ձայները։ Նրա համար ձեռնտու է բնակչությանը պահել մշտական վախի ներքո, թե ինչ-որ մեկը կհարձակվի մեզ վրա»։
Պրահայի Չարլզի համալսարանի սոցիալական գիտությունների ֆակուլտետի դասախոս Դմիտրի Դուբրովսկու խոսքով, Բելգորոդի և Կուրսկի մարզերի ուղղությամբ հարձակումը չունի զուտ ռազմական նպատակներ, թեև այն շեղում է ռուսական բանակի ուժերն ու ռեսուրսները այլ ուղղություններից, և Ուկրաինայի համար հոգեբանորեն կարևոր է «պատերազմը ռուսական տարածք տեղափոխելը»։
«Պուտինի համար, իհարկե, տհաճ թեմա է։ Իրադարձությունների վերաբերյալ նրա անորոշ մեկնաբանությունը վկայում է այդ մասին: Իրավիճակն, իրոք, նուրբ է։ Բնակչությանը խոստացված պաշտպանության ու կայունության մասին ստիպված են լռել։ Փաստորեն, պատերազմն, իսկապես, սկսում է գալ ռուսական հող։ Ինչ վերաբերում է Ուկրաինայի հետ խաղաղ բանակցությունների հեռանկարին, ապա Պուտինը խոսում է ոչ թե միջազգայնորեն ճանաչված սահմաններին վերադառնալու, այլ տարածքների հնարավոր փոխանակման մասին։ Ահա, թե ինչպես է կառուցված նրա՝ «միջազգային իրավունքի գերակայության» գաղափարը, ինչպես ավազակի մտածելակերպն է՝ փոխանակել մի բանը մյուսի հետ»,- «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում ասում է Դուբրովսկին։
Դմիտրի Դուբրովսկին շարունակում է․ ««Հաղթանակած նախագահի» համար դժվար գործ է ընտրություններին հանդես գալ, երբ ի վիճակի չէ պաշտպանել ռուսական տարածքը իր իսկ նախաձեռնած պատերազմում։ Հասկանալի է, տեղի ունեցածը փչացնում է ընդհանուր պատկերը։ Մյուս կողմից, այսպիսի իրավիճակում անհնար է «միջամտել քաղաքացիների կամարտահայտությանը», [ինչպես ասում է Պուտինը], որովհետև որպես այդպիսին ընտրություններ գոյություն չունեն»։
Ռուսաստանյան «ընտրությունները» ամբողջությամբ թատերական բեմադրությունն են՝ եզրափակեց սոցիոլոգը։