Մատչելի հղումներ

Բեռլինը հերքել է, թե Ռուսաստանի «կոտրել» է Գերմանիայի կառավարության կապի համակարգը


ՈՒկրաինա
ՈՒկրաինա

Գերմանիան հայտարարել է, որ մարդկային սխալի հետևանք է, որ Ռուսաստանը կարողացել է գաղտնալսել մի հեռախոսազրույց, ուր գերմանացի բարձրաստիճան զինվորականները քննարկում են Ուկրաինային հեռահար զենք մատակարարելու հարցը: Բեռլինը հերքել է, որ գերմանական կառավարության կապի համակարգը «կոտրել» են:

Հայտնի է, որ Գերմանիան բազմիցս հրաժարվել է Ուկրաինային մատակարարել իր հեռահար «Taurus» հրթիռները՝ պատճառաբանելով, թե նման զենքը կսրի ուկրաինական պատերազմը:

Սակայն անցած շաբաթ ռուսաստանյան պետական քարոզչամիջոցի՝ «Russia Today»-ի կողմից հրապարակված ձայնագրությունում գերմանացի չորս բարձրաստիճան սպաներ, այդ թվում՝ ռազմաօդային ուժերի ղեկավարը, ենթադրաբար, քննարկում էին Կիևին նման հրթիռներ մատակարարելու հարցը:

Լոնդոնի Քինգս քոլեջի վերլուծաբան Մարինա Միրոնն ասում է․ «Սա ցույց է տալիս, որ ինչ-որ տարաձայնություն կա [Գերմանիայի] բարձրագույն հրամանատարության և քաղաքական ղեկավարության միջև»։

Բեռլինը հերքել է, թե Ռուսաստանի «կոտրել» է Գերմանիայի կառավարության կապի համակարգը
please wait

No media source currently available

0:00 0:02:33 0:00

Ձայնագրությունում գերմանացի սպաները դատողություններ էին անում, թե արդյոք «Taurus» հրթիռները կարող են խոցել Կերչի կամուրջը, որը կապում է Ռուսաստանը բռնազավթած Ղրիմին:

Ձայնագրությունից պարզ է դառնում, որ Ուկրաինայում գործում են բրիտանացի զինվորականներ, որոնք ուսուցանում են ուկրաինացիներին, թե ինչպես կիրառել բրիտանական արտադրության հեռահար «Storm Shadow» հրթիռները:

Մեծ Բրիտանիայի կառավարությունը տակավին չի մեկնաբանել հրապարակումը։

Ռուսաստանը պնդում է, որ ձայնագրությունը ցույց է տալիս, թե, իրականում, «կոլեկտիվ Արևմուտքն» է մասնակցում պատերազմին։

Պաշտոնական Բեռլինը չի հերքել ձայնագրության իսկությունը։ Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հայտարարել է, որ կառավարական կապի համակարգերը վտանգված չեն:

«Տեղի ունեցածը մարդկային սխալն հետևանք է։ Ոչ բոլոր մասնակիցներն են պահպանել անվտանգության կարգը, ինչպես սահմանված է»,- ասել է նա։

Արևմտյան դաշնակիցները մտորումների մեջ են, թե ուրիշ ինչ տվյալներ կարող են անցած լինել Ռուսաստանի ձեռքը:

«Չգիտենք, թե ուրիշ ինչ գիտեն նրանք՝ [ռուսները]: Նրանք որոշել են բացահայտել այդ մեկ զանգը։ Հավանաբար, Ռուսաստանը գիտի [զենքի] մատակարարումների մասին։ Այս իրավիճակը, իհարկե, ձեռնտու է Ռուսաստանին, որովհետև Ռուսաստանի նպատակը ՆԱՏՕ-ի հետ ուղիղ կռվելը չէ, այլ դաշինքը ներսից ապակայունացնելը»,-նշում է Մարինա Միրոնը։

Ուշագրավ է նաև, որ ձայնագրությունը հրապարակվել է հանգուցյալ ռուսաստանցի ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի հուղարկավորության օրը, և դիտորդները չեն բացառում, որ նման կերպ Կրեմլը ցանկացել է շեղել հանրության ուշադրությունը Նավալնիի հետ տեղի ունեցածից:

XS
SM
MD
LG