Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն «ABC» հեռուստաալիքի հյուրն էր՝ հիշեցնելով «Համասի» անցած տարվա ահաբեկչական հարձակման մասին, ինչի հետևանքով հրեական պետությունում սպանվեց 1 200 մարդ, պատանդառվեցին մոտ 240-ը։
«Մեզ վրա հարձակվել են։ Չպատճառաբանված հարձակում, որը Հոլոքոստից հետո ամենասարսափելին էր հրեա ժողովրդի համար: Արձագանքել ենք՝ թիրախավորելով ահաբեկիչներին և փորձելով նվազագույնի հասցնել խաղաղ բնակչության շրջանում զոհերը, որին ահաբեկիչները օգտագործում են որպես կենդանի վահան»,- ասել է Նեթանյահուն։
«Համասի» վերահսկողության ներքո գտնվող Գազայի առողջապահության նախարարության տվյալներով, անցած տարվա հոկտեմբերի 7-ից ի վեր իսրայելական ռազմական գործողությունների հետևանքով արդեն իսկ սպանվել են աելի քան 28 հազար պաղեստինցիներ, շատերը՝ կանայք ու երեխաներ:
Նեթանյահուն հերքել է այս թվերը՝ նշելով, թե իսրայելական կողմը մշակում է խաղաղ բնակիչներին վտանգավոր գոտիներից դուրս բերելու ծրագիր։ Միաժամանակ, տեղեկացրել է՝ իսրայելական ռազմուժը մտադիր է ցամաքային գործողություններ ձեռնարկել Ռաֆահում, ուր կենտրոնացած են ավելի քան 1․4 միլիոն պաղեստինցիներ՝ նաև տեղահանված Գազայի այլ մասերից:
«Ովքեր ասում են, որ ոչ մի դեպքում չպետք է մտնենք Ռաֆահ, իրականում, ասում են՝ պարտվեք պատերազմում։ «Համասին» պահեք այնտեղ, իսկ «Համասը» խոստացել է կրկնել հոկտեմբերի 7-ի ջարդը»,- ասել է Բենիամին Նեթանյահուն։
Ռաֆահում ապաստանած բազմաթիվ ընտանիքների խոսքով, այլ տեղ չունեն գնալու:
Լեյլա Աբու Մուստաֆան անկեղծանում է․ «Եթե նորից տեղահանություն լինի, չեմ կարող ինչ-որ տեղ գնալ»:
Զուգահեռաբար՝ Թել Ավիվում ցուցարարները շաբաթ օրը փակել էին երկրի կենտրոնական մասի կարևոր ճանապարհներից մեկը` Այալոնի մայրուղին, պահանջելով հասնել «Համասի» ձեռքում գտնվող պատանդների ազատ արձակմանը։
Ահա թե ինչ է ասում Գազայում անազատության մեջ գտնվող իսրայելցիներից մեկի ազգականը՝ Էֆրաթ Մաչիկվան․ «Այսօր այստեղ ենք, որպեսզի բոլորին ասենք՝ մենք այնքան ենք հոգնել այն ամենից, ինչ կատարվում է: Գիտենք, որ ժողովուրդը մեզ հետ է, բայց չենք զգում, որ կառավարություն կա»:
Հարցին, թե ինչ տեղեկություններ ունի՝ անազատության մեջ գտնվող 132 պատանդներից քանի՞սն են ողջ, Նեթանյահուն արաձագնել է. «Կփորձենք անել հնարավորը, որպեսզի վերադարձնենք բոլոր նրանց, ովքեր ողջ են, ինչպես նաև մահացածների մարմինները»:
Իսրայելի վարչապետի համոզմամբ, «Համասի» նկատմամբ կիրառված ռազմական ճնշումը կարևոր գործոն էր 110 պատանդների ազատ արձակման գործում։