Ուկրաինայի արևելքում գտնվող Լիսիչանսկ փոքր քաղաքի հրետակոծությունից հետո, փրկարարները դիակներ են դուրս բերում։ Ռուսաստանի կողմից օկուպացված Լուհանսկի շրջանի այս քաղաքի պաշտոնյաներն ասում են, որ ռմբակոծված հացի փռում զոհվել է առնվազն 28 մարդ, այդ թվում՝ առնվազն մեկ երեխա:
Մինչ պատերազմը Լիսիչանսկում բնակվում էր մոտ 100 հազար մարդ։
Ուկրաինական կողմը տակավին չի մեկնաբանել կատարվածը։
Լիսիչանսկում տեղի ունեցածին նախորդել էր Սև ծովում ռուսական ռազմանավի խորտակման մասին Կիևի հայտարարությունը: «Associated Press»-ի փոխանցմամբ, ուկրաինական կողմը օգտագործել է ծովում գործող հեռակառավարվող վեց սարքեր, որոնցից յուրաքանչյուրը, սովորաբար, կրում է մոտ 300 կիլոգրամ պայթուցիկ:
Այս ամենի ֆոնին՝ ՄԱԿ-ի բարձրագույն դատական ատյանում՝ Արդարադատության միջազգային դատարանում, անդրադարձել են Ուկրաինայի ու Ռուսաստանի միջև վեճին, և դատարանը հայտարարել է, որ իրավասու է որոշում կայացնել Ուկրաինայի հայցի վերաբերյալ, թե ցեղասպանություն չի իրականացրել Ուկրաինայի արևելքում՝ Դոնեցկում ու Լուհանսկում, ինչպես նշում է Կրեմլը:
Ռուսաստանն օգտագործել է հենց այս պնդումը՝ մոտ երկու տարի առաջ Ուկրաինա ներխուժելու համար:
Ուկրաինական կողմը ողջունել է դատարանի որոշումը: Ուկրաինայի ներկայացուցիչ Անտոն Կորինևիչն ասել է. «Այսօր ևս մեկ կարևոր օր է Արդարադատության միջազգային դատարանում։ Դատարանը հրապարակեց իր որոշումն այն մասին, որ իրավասու է քննել ցեղասպանության մեղադրանքին վերաբերող գործը»:
Թեև իրավաբանորեն պարտավորեցնող որոշման համար կարող են տարիներ պահանջվել, բայց Մոսկվայից արդեն իսկ հնչել են հայտարարություններ, որ դատարանն իրավասություն չունի այդ հարցում:
Միևնույն ժամանակ, հայտնի է, որ տեղաշարժ է գրանցվել Կիևին ցուցաբերվող միջազգային աջակցության հարցում․ Եվրամիությունն անցած շաբաթ հայտարարեց, թե Կիևին հատկացնելու է 54 միլիարդ դոլար կազմող քառամյա օգնության փաթեթ:
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենն ասել է. «Այսօր, իրոք, շատ յուրահատուկ օր է։ Եվրոպական խորհուրդը վերահաստատել է Ուկրաինայի կողքին լինելու Եվրոպայի անսասան հանձնառությունը։ Բոլորս գիտենք, որ Ուկրաինան պայքարում է մեզ համար, ուստի կաջակցենք նրան՝ անհրաժեշտ ֆինանսավորում [տրամադրելով]»:
Վերադառնանք արևելյան Ուկրաինա։ Ռազմաճակատից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող դաշտային հոսպիտալում վիրավոր զինվորներին բժշկական օգնություն են ցուցաբերում: Առաջնագիծ է այցելել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ մեդալներ հանձնելով այն դիրքի զինվորներին, որը ժամանակին ռուսական ուժերի ձեռքում էր: