Մատչելի հղումներ

Թրամփը սպառնում է տապալել Ուկրաինային և Իսրայելին աջակցելու համար կայացվող գործարքը


Նախկին նախագահ Դոնալդ Թրամփ
Նախկին նախագահ Դոնալդ Թրամփ

Նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, ով հավակնում է լինել ԱՄՆ նախագահի հանրապետականների թեկնածուն, սպառնում է տապալել Ուկրաինային և Իսրայելին աջակցելու համար կայացվող գործարքը, ըստ որի պետք է 106 միլիարդ դոլար հատկացվի այդ երկու երկրներին և Թայվանին, ինչպես նաև ԱՄՆ-ում խստացվի ներգաղթի օրենսդրությունը։

Սպիտակ տան նախկին ղեկավար ու ԱՄՆ նախագահի հանրապետականների թեկնածու դառնալու հայտ ներկայացրած Դոնալդ Թրամփը, ինչպես հայտնի է, հաղթել է Նյու Հեմփշիրի ներկուսակցական ընտրություններում՝ փրայմերզիում՝ ստանալով հատկապես այն ընտրողների աջակցությունը, ովքեր ներգաղթը համարում են ԱՄՆ ամենակարևոր խնդիրը։

«Միլիոնավոր մարդիկ կան, ովքեր անօրինական կերպով լցվում են մեր երկիր։ Նրանք գալիս են բանտերից, հոգեբուժարաններից»,- ասում է Թրամփը։

Հաղթանակը, ամենայն հավանականությամբ, նոր հնարավորություններ կընձեռի Թրամփին՝ ճնշում գործադրել հանրապետական օրենսդիրների նկատմամբ՝ հրաժարվելու ներգաղթին և Ուկրաինային, Իսրայելին ցուցաբերվելիք աջակցությանը վերաբերող գործարքի հարցում փոխզիջումից:

Սպիտակ տան նախկին ղեկավարն անցած շաբաթ հայտարարել էր, որ հանրապետականները չպետք է համաձայնեն սահմանային գործարքին, քանի դեռ չեն ստացել այն ամենը, ինչ անհրաժեշտ է՝ կանխելու միլիոնավոր մարդկանց «ներխուժումը» ԱՄՆ:

Նախագահ Ջո Բայդենի վարչակազմն ու հանրապետական և դեմոկրատ սենատորները ամիսներ շարունակ աշխատել են գործարքի ուղղությամբ, ըստ որի պետք է 106 միլիարդ դոլար հատկացվի Ուկրաինային, Իսրայելին և Թայվանին, ինչպես նաև ԱՄՆ-ում խստացվի ներգաղթի օրենսդրությունը։

Հանրապետականները պնդում են, թե գործարքի համաձայն, նախատեսվում է ԱՄՆ պետական սահմանների ամրապնդման ֆինանսավորման ավելացում և ներգաղթի խստացում:

Անցած շաբաթ նախագահ Բայդենը հույս հայտնեց, որ փաթեթը կհաստատվի առնվազն Սենատի կողմից․ «Հիմա հերթը նախագահինն ու Ներկայացուցիչների տան հանրապետականներինը։ Արդյո՞ք նրանք էլ են պատրաստ գործել»։

Ներգաղթի գծով փաստաբան Լիա Պարադան, սակայն, կարծում է, որ Կոնգրեսի հանրապետականներն, իրականում, չեն ցանկանում կիրառել «բարեխիղճ քաղաքականություն», որը ներգաղթի հարցերում «կապահովի մարդասիրական գործընթաց»:

Այս ամենին զուգահեռ՝ ավելի շատ ամերիկացիներ են կենտրոնանում արտաքին քաղաքականության ուղղությամբ:

«AP-NORC Center»-ի հարցման համաձայն, ամերիկացիների 60%-ը կարծում է, որ արտաքին քաղաքականությունը պետք է լինի ԱՄՆ 2024 թվականի նախընտրական բանավեճի հիմնական հարցը՝ նախորդ տարվա 41%-ի փոխարեն:

Այս տարի ամերիկացիների 35%-ի հիմնական մտագոհությունը ներգաղթն է՝ նախորդ տարվա 27%-ի փոխարեն։

XS
SM
MD
LG