Մատչելի հղումներ

Գազայում Իսրայելի գործողություններին աջակցելն ազդում է ԱՄՆ հեղինակության վրա. դիտորդներ


Գազա
Գազա

Դիտորդների խոսքով, Գազայում Իսրայելի գործողություններին աջակցելը վնասում է ԱՄՆ-ի հեղինակությանը:

«Համասի» դեմ իսրայելական ռազմական գործողություններին աջակցություն ցույց տալը բացասական ազդեցություն է թողել աշխարհում ԱՄՆ հեղինակության վրա։

Օրինակ, Եվրախորհրդարանն ընդունել է բանաձև, որը պահանջում է հրադադար հաստատել Գազայում՝ պայմանով, որ «Համասի» մարտական թևը լուծարվի, իսկ պատանդներն ազատ արձակվեն:

Այնինչ օվկիանոսից այն կողմ՝ Վաշինգտոնում, այլ դիրքորոշման են։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ով կողմ չէ անհապաղ զինդադար հաստատելուն, հինգշաբթի հայտարարել է, թե երկար ճանապարհ կա անցնելու մերձավորարևելյան հակամարտության կարգավորման հարցում:

Իր հերթին՝ իրավիճակին անդրադարձել է Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը՝ խոստովանելով, որ ռազմական գործողությունները ծանր հետք են թողնում Գազայի հատվածի ավելի քան 2 միլիոն բնակիչների վրա, սակայն Իսրայելն այլ ելք չունի, քան շարունակել կռվել․ «Չեմ հերքում՝ Գազայում ողբերգություն է: Մեզ համար ցավ է, որ մեր հարևանները տանջվում են։ Բայց ուրիշ ինչպե՞ս կարող ենք պաշտպանվել»։

Այս ամենի ֆոնին դիտորդներն ասում են, որ Վաշինգտոնի աջակցությունը Իսրայելի գործողություններին, որոնք տասնյակ հազարավոր զոհերի պատճառ են դարձել, նվազեցրել է աշխարհում ԱՄՆ հեղինակսությունը:

Վերլուծաբան Տրիտա Պարսինն նշում է․ «Այսօր ՄԱԿ-ում ԱՄՆ-ն ավելի մեկուսի իրավիճակում է հայտնվել Գազայի հարցով, քան Ռուսաստանը երկու տարի առաջ էր»:

Սա խնդիր է ստեղծել ԱՄՆ համար այլ ուղղությոններում։ Օրինակ, Վաշինգտոնը դժվարացավ հութիների դեմ կոլացիայի ստեղծման գործում:

«Միակ խոշոր երկիրը, որը մնաց կոալիցիայում, Միացյալ Թագավորությունն է: Մյուս երկրները՝ Ֆրանսիան, Իսպանիան, Իտալիան դուրս եկան: Եվ սա կրկին ցույց է տալիս, թե որքան է թուլացել է Ամերիկայի համախմբող ուժը»,- ասում է վերլուծաբանը։

Դա ոգևորել է նրանց, ովքեր երկար ժամանակ բողոքում էին ԱՄՆ քաղաքականությունից, ինչպես, օրինակ՝ Հարավային Աֆրիկան, որն այս ամսվա սկզբին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան գանգատ ներկայացրեց Իսրայելին դեմ՝ ցեղասպանություն գործելու մեղադրանքով:

Հարավային Աֆրիկայի նախագահ Սիրիլ Ռամաֆոսան հայտարարել էր. «Խստորեն դատապարտում ենք Պաղեստինի ժողովրդի սարսափելի սպանդն ու ցեղասպանությունը, որն իրականացվում է Գազայում և Հորդանան գետի Արևմտյան ափին»:

Եվ նման դիքորոշմամբ՝ Հարավային Աֆրիկան առաջիկա օրերին մասնակցելու է չմիացած երկրների շարժման հանդիպմանը՝ Ուգանդայում, ուր հավաքվելու են 120 պետությունների ներկայացուցիչներ։

XS
SM
MD
LG