Մատչելի հղումներ

Ռուսաստանում բնակչությունն աղքատանում է, միլիարդատերերը՝ հարստանում


Մոսկվա
Մոսկվա

«Bloomberg»-ի փոխանցմամբ, 2023 թվականին ամենահարուստ ռուսների կարողությունն աճել է 50 միլիարդ դոլարով։

Չնայած արևմտյան պատժամիջոցներին, նախորդ տարվա ընթացքում ամենահարուստ ռուսաստանցիների կարողությունն աճել է 50 միլիարդ դոլարով՝ հաղորդում է «Bloomberg»-ը։

Հայտնի է, որ «Bloomberg Billionaires Index»-ը գնահատում է աշխարհի ամենահարուստ մարդկանց կարողությունը՝ հիմնվելով գործարարներին պատկանող ընկերությունների բաժնետոմսերի շուկայական արժեքի վրա։ 500 ձեռնարկատերերի շարքում կա 25 ռուսաստանցի։

«Bloomberg Billionaires Index»-ի համաձայն, Ռուսաստանում ամենից հաջողակը եղել է «Лукойл»-ի հիմնադիր Վագիթ Ալեքպերովը։ Անցած տարի նա ավելացրել է իր կապիտալը գրեթե 9,3 միլիարդ դոլարով՝ այն հասցնելով 24,7 միլիարդի։

Ռուսաստանում բնակչությունն աղքատանում է, միլիարդատերերը՝ հարստանում
please wait

No media source currently available

0:00 0:05:29 0:00

Հաջորդը՝ «Еврохим»-ի և «СУЭК»-ի համահիմնադիր Անդրեյ Մելնիչենկոն է, ով հարստացել է 5,6 միլիարդ դոլարով (ընդհանուր կարողությունը կազմել է 17,2 միլիարդ դոլար), որին հաջորդում է «НЛМК»-ի տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Լիսինը, ով վաստակել է 4 միլիարդ դոլարից ավելին (ընդհանուր կարողությունը՝ 23,9 միլիարդ դոլար): Միևնույն ժամանակ, հանրահայտ է, որ Ալեքպերովն ու Մելնիչենկոն գտնվում են Մեծ Բրիտանիայի, Ավստրալիայի ու Եվրամիության պատժամիջոցների ներքո և թողել են ղեկավար պաշտոնները հարազատ ընկերություններում։ Բայց օրինակ, Լիսինը խուսափել է «սև ցուցակում» հայտնվելուց։

Միլիարդատերերի հետագա հարստացման հիմնական պատճառը ընկերությունների շարունակվող կապիտալիզացիայի համաշխարհային միտումն՝ նշում է «Ազատական առաքելություն» հիմնադրամի խորհրդի անդամ, տնտեսագետ Սերգեյ Ժավորոնկովը․ «2022 թվականին աշխարհի 500 ամենից հարուստ մարդկանց կարողությունը նվազել էր 1,4 տրիլիոն դոլարով, ըստ նույն՝ «Bloomberg Billionaires Index»-ի, 2023 թվականին աճել է 1,5 տրիլիոն դոլարով։ Սակայն, ի տարբերություն ամբողջ աշխարհի, ռուսաստանցիները չեն վերականգնել իրենց նախապատերազմական դիրքերը, և իրենց կարողություններն ավելացրել են ընդամենը 50 միլիարդ դոլարով: 2022 թվականին նրանք կորցրել էին 93 միլիարդ դոլար, այսինքն՝ անցած տարի կարողացել են վերականգնվել միայն մասնակի»։

Ամենահարուստ ռուսաստանցիների դեմ պատժամիջոցների հիմնական մասը սահմանվել է 2022 թվականին, և Ժավորոնկովի խոսքով՝ այդ առումով հարուստ ռուսաստանցիների համար էական փոփոխություններ չեն եղել 2023 թվականին։

Նշված գնահատականները համընկնում են ռուսաստանյան «Forbes»-ի գնահատականներին։ Խոսքը ոչ միայն Պուտինին ավանդաբար մոտ կանգնած օլիգարխների մասին է (մարդիկ, ովքեր հարստացել են նրա օրոք՝ Գենադի Տիմչենկո, Ռոտենբերգ եղբայրներ և այլն), կամ Պուտինին դեռ 1990-ական թվականներից ծանոթ մեծահարուստների՝ (օրինակ, Ռոման Աբրամովիչի), այլև՝ գրեթե բոլոր ռուսաստանցի օլիգարխների, որոնք օգտվում են պետական կերակրամանից։

Սերգեյ Ժավորոնկովի ներկայացմամբ, ինչ վերաբերում է Մոսկվայի կողմից իջեցվող ռազմական պատվերների հետ այդ մարդկանց կապին, ապա այն ավանդաբար աննշան է․ «Ռուսաստանը Միացյալ Նահանգները չէ, ուր ամենախոշոր ռազմական կապալառուները մասնավոր ընկերություններն են, և նրանց եկամուտների աճը բաժնետերերի համար նշանակում է շահույթի ավելացում: Ռուսաստանում ամենամեծ ռազմական կապալառուները պետական ձեռնարկություններն են: Բացառություն է կազմում «Կալաշնիկով» կոնցեռնը, որտեղ վերահսկիչ փաթեթ ունեն մասնավոր անձինք՝ Իսկանդեր Մախմուդովի գլխավորությամբ։ Բայց այդ ընկերությունը Մախմուդովի հիմնական ակտիվը չէ։ Ընդ որում, նա գտնվում է ԱՄՆ ու Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների ներքո, բայց ոչ՝ Եվրամիության։ Ինչն ավելացնում է հարցերը հատկապես գործարար դաշտին վերաբերող «սև ցուցակների» ձևավորման վերաբերյալ»։

Ինչ վերաբերում է երկրում հարուստների և աղքատների միջև խորացող անդունդին, ապա Ռուսաստանը միշտ եղել է սոցիալական մեծ անհավասարություն ունեցող պետություն՝ շարունակում է տնտեսագետը։ Սակայն Ժավորոնկովի խոսքով, ամենից կարևորը ոչ թե այդ անհավասարությունն է, այլ միջին կենսամակարդակը։

Նավթագազային ոլորտի վերլուծաբան Միխայիլ Կրուտիխինը հիշեցնում է ռուսական հին ասացվածքը, թե պատերազմը մեկին դժբախտացնում է, մյուսին՝ օգուտներ բերում։ Նրա խոսքով, իրավիճակը պատկերացնելու համար անհրաժեշտ է պարզել, թե որտեղ և ինչպես են փող աշխատել երկրի ամենահարուստ մարդիկ․ «Սրանք անգամ օլիգարխներ չեն, այլ մի հանրույթ, որը մակաբույծի պես կպած է Պուտինին և պետական իշխանությանը։ Նրանք փող են աշխատում հիմնականում ներռուսաստանյան նախագծերի վրա։ Որովհետև նրանցից շատերը պարզապես հնարավորություն չունեն լցնել իրենց դրամապանակը դրսում։ Նրանց համար արտերկիր տանող ճանապարհ չկա։ Բացառություն է «Лукойл»-ը, բայց հաջորդ տարի պատրաստվում են նրան զրկել Բուլղարիայում ունեցած բիզնեսից»։

Կրուտիխինի խոսքով, Ռուսաստանում հարստանալը այլևս կապված է նաև պատժամիջոցները շրջանցելու հետ․ «Մասնավորապես, նավթի վերավաճառքի միջոցով։ Մինչ նավթը, օրինակ, Հնդկաստան է հասնում քիչ թե շատ բարձր գներով, շատերը ստանում են տպավորիչ շահույթ։ Եվ սա սխեմաներից մեկն է։ Շահում են նաև ստվերային նավատորմերի սեփականատերերը և ապահովագրական ընկերությունները։ Բեռնատար նավերի սեփականատերը հիմնականում, այսպես ասած,

երևացող ընկերություններ են՝ իրականում կապված կոռումպացված պաշտոնյաների կամ ինչ-որ ստվերային գործարարների հետ։ Սա այսօր չափազանց եկամտաբեր բիզնես է»։

Վերլուծաբանի գնահատմամբ, միջազգային պատժամիջոցները մասամբ անգամ օգնեցին ռուսաստանցի միլիարդատերերին հարստանալ. «Փաստն այն է, որ «SWIFT» համակարգից Ռուսաստանը դուրս թողնելու և երկրից գումարներ հանելու այլ խոչընդոտների պատճառով փողը մնաց երկրում։ Եթե պատժամիջոցները լավ մտածված լինեին և թույլ տային կապիտալին հոսել Ռուսաստանից, կարծում եմ, դա շատ ավելի մեծ ազդեցություն կունենար Պուտինի ռեժիմի՝ պատերազմը ֆինանսավորելու կարողության վրա»։

Միխայիլ Կրուտիխինը եզրափակում է՝ թեև Ռուսաստանում աղքատների և հարուստների միջև անջրպետը հասել է վիթխարի չափերի, բայց պարզ մարդկանց մեծ մասը այն ընկալում է որպես միանգամայն բնականոն վիճակ։

XS
SM
MD
LG