Ուկրաինայում այս տարին ևս սկսվեց մռայլ լուրերով․ շատ ժամանակ չի մնացել, երբ կլրանա Կիևի դեմ Կրեմլի ագրեսիվ պատերազմի երկրորդ տարելիցը, և անցնող օրերին ռուսական ուժերի ինտենսիվ գրոհների ներքո էին հայտնվել Ուկրաինայի մայրաքաղաքն ու մեծությամբ երկրորդ քաղաքը՝ Խարկովը։
Ուկրաինական կողմը հակադարձեց՝ հարվածներ հասցնելով Ռուսաստանի սահմանային Բելգորոդի նահանգին:
Սակայն ոչ պակաս կարևոր զարգացումներ են օվկիանոսից անդին՝ Վաշինգտոնում, ուր հանրապետականները տակավին դեմ են նախագահ Ջո Բայդենի վարչակազմի առաջարկին՝ շուրջ 64 միլիարդ դոլարի ռազմական և այլ կարգի աջակցություն ցուցաբերել Ուկրաինային: Հանրապետականները պնդում են՝ իրենց մոտ չեն փարատվել մտահոգությունները, թե արդյոք Վաշինգտոնը կարող է իրեն թույլ տալ նման կարգի աջակցություն ցուցաբերել։ Սպիտակ տնից հակադարձում են՝ այլևս չի կարելի հապաղել:
«Թեև նախորդ օրերին մամուլի որոշ հրապարակումներից տեղեկացա, թե պարոն Պուտինը պատրաստ է բանակցել, [սակայն] նա իրեն չի պահում այնպիսի մարդու նման, ով պատրաստ է բանակցել: Նա անում է ամեն ինչ, որպեսզի նեղը գցի ուկրաինացիներին։ Ուստի, անչափ կարևոր է, որ նախագահ [Բայդենի] կողմից առաջարկված [Կիևին] լրացուցիչ ֆինանսավորելու խնդրանքը բավարարվի»,- ասում է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին։
Ռազմական փորձագետները փակուղային են գնահատում իրավիճակը մարտադաշտում՝ նշելով, որ ռեսուրսներով Ռուսաստանին զիջող Ուկրաինան մեծ վճռականություն է ցուցաբերում Կրեմլի դեմ պայքարում:
«Առանց ԱՄՆ օգնության Ուկրաինայի ռազմական հնարավորությունները կնվազեն, և նրանք չեն կարողանա դիմակայել ռուսական հարձակումներին: Հավանաբար, այժմ էլ նրանք՝ [ուկրաինացիները] չունեն բավականաչափ զինամթերք և պաշարներ՝ հակահարձակման համար: Մի երկու ամսից նույնիսկ հակագրոհներ իրականացնելը նրանց համար դժվար կլինի: Կարծում եմ, մինչև գարնան վերջը նրանց համար դժվար կլինի հետ պահել ռուսներին: Ուստի, [ամերիկյան] ռազմական օգնության
հատկացումը վճռորոշ է հակամարտության հետագա ընթացքի համար»,- նշում է Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի ներկայացուցիչ Մարկ Կանչիանը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վերջերս հրապարակավ խոստացավ շարունակել պատերազմը։
«Շարունակելու ենք այդ անել։ Թերևս, նկատել եք, որ [հենց] հաջորդ օրը նման հարվածներ հասցվեցին, և այսօր էլ ենք հասցնում ու վաղն էլ կհասցնենք»,- ասում է Ռուսաստանի նախագահը։
Ուկրաինական պատերազմը շարունակում է մնալ աշխարհի ուշադրության կենտրոնում։ Օրինակ, կաթոլիկ եկեղեցու հովվապետը առիթը բաց չի թողնում համաշխարհային առաջնորդների ուշադրությունը հրավիրել Եվրոպայի արևելքում ծավալվող ռազմական գործողությունների և մարդկաց տառապանքների վրա:
«Եվ եկեք չմոռանանք պատերազմում գտնվող մարդկանց։ Պատերազմը հիմարություն է։ Պատերազմը միշտ պարտություն է։ Միշտ պարտություն։ Եկեք աղոթենք»,- նշում է Հռոմի Ֆրանցիսկոս պապը:
Ցավոք, աղոթքները դժվար թե իրավիճակ փոխեն, իսկ այն, ինչ Ուկրաինան է պահանջում, զենքն է: