Մատչելի հղումներ

ԱՄՆ-ն և Մեքսիկան քննարկել են ապօրինի միգրանտների հոսքը նվազեցնելու քայլերը


Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորի հանդիպումը ԱՄՆ պատվիրակության հետ Մեխիկոյում, 2023 թվականի դեկտեմբերի 27-ին
Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորի հանդիպումը ԱՄՆ պատվիրակության հետ Մեխիկոյում, 2023 թվականի դեկտեմբերի 27-ին

Ամերիկյան կառավարության ներկայացուցչի խոսքով՝ «տպավորված են» Մեքսիկայի նախաձեռնած քայլերով:

Մայրաքաղաք Մեխիկոյում հանդիպել են ամերիկացի ու մեքսիկացի բարձրաստիճան պաշտոնյաները՝ քննարկելու ընդհանուր սահմանը հատող ապօրինի ներգաղթյալների հոսքը նվազեցնելու միջոցները։

Հայտնի է, որ միայն այս ամիս օրական միջինը մոտ տասը հազար մարդ է Մեքսիկայից ապօրինաբար անցել Միացյալ Նահանգներ։

Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորի և ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինքենի գլխավորած պատվիրակությունների հանդիպումը տևել է շուրջ երկու ժամ, որից հետո ամերիկացի բարձրաստիճան ներկայացուցիչը հայտնել է լրագրողներին, թե մեքսիկական կողմը տեղեկացրել է խնդրին լուծում տալու համար իրենց ձեռնարկած նոր միջոցների վերաբերյալ:

Խոսքը, մասնավորապես, մաքսանենգների դեմ պայքարն ուժեղացնելու մասին է, որոնց միջոցով էլ ապօրինի ներգաղթյալները հասնում են ԱՄՆ։

«Իրոք, տպավորված ենք որոշ նոր նախաձեռնություններով, որոնք ձեռնարկում է Մեքսիկան, և նախորդ օրերին ականատես եղանք [ապօրինի] սահմանահատումների քանակի նկատելի անկում»,- փոխանցեց ամերիակացի պաշտոնյան:

Իր հերթին՝ Մեքսիկայի նախագահը չորեքշաբթի հայտարարեց, թե «կարևոր պայմանավորվածություններ են ձեռք բերվել», որոնք օգուտ կբերեն երկու երկրներին։ Օբրադորը, սակայն, մանրամասներ չի հայտնել։

ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Ալեխանդրո Մայորկասը բանակցությունները կոչել է «արդյունավետ»:

Ամերիկա-մեքսիակական բարձր մակարդակի բանակցությունները հետևեցին Միացյալ Նահանգներ ապօրինի ներգաղթյալների ռեկորդային հոսքին։

Աղքատությունից, տեղում տարածում գտած հանցավորությունից և տարաբնույթ հակամարտություններից դրդված մարդիկ՝ այս տարի արդեն ավելի քան հինգ հարյուր հազար հոգի, անցել են Պանաման Կոլումբիայից, այսինքն՝ Հարավային Ամերիկայից բաժանող Դարիեն Գեփի ջունգլիներով և շարժվել դեպի հյուսիս՝ Մեքսիկայի, այնտեղից էլ՝ Միացյալ Նահանգների ուղղությամբ։ Այս թիվը երկու անգամ մեծ է, քան 2022 թվականին էր։

XS
SM
MD
LG