Մատչելի հղումներ

Հունգարիան սպառնում է արգելափակել ԵՄ 54 միլիարդ դոլարանոց օգնության տրամադրումը Կիևին


ԵՄ-ի և Ուկրաինայի դրոշները
ԵՄ-ի և Ուկրաինայի դրոշները

Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովում Եվրամիությունը պատրաստվում է որոշում կայացնել՝ անդամակցության շուրջ Ուկրաինայի հետ պաշտոնական բանակցություններ սկսելու վերաբերյալ։ Հունգարիան սպառնում է վետո կիրառել այդ հարցում։

Այս շաբաթը կարող է վճռորոշ լինել Կիևի համար՝ Եվրամիության հետ նոր հարաբերությունների կառուցման առումով: Առաջիկայում Բրյուսելում կայանալիք երկօրյա գագաթնաժողովին Եվրամիության երկրների ղեկավարները պետք է որոշեն՝ արդյո՞ք սկսել անդամակցության բանակցությունները Կիևի հետ: Ուկրաինացի պաշտոնյաների խոսքով, Կիևն ի կատար է ածել միության առաջարկած բարեփոխումներից շատերը:

«Հանուն գործընկերության ու փոխադարձ շահերի՝ ակնկալում ենք, որ Եվրամիությունը որոշում կկայացնի, որը կգնահատի Ուկրաինայի ջանքերը և թույլ կտա սկսել անդամակցության շուրջ բանակցությունները»,- ասել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան:

Սակայն Եվրամիության անդամ Հունգարիան ընդգծում է՝ Կիևը պատրաստ չէ անդամակցության, և պատերազմող երկիրը չպետք է բանակցություններ սկսի՝ Եվրամիության անդամ դառնալու նպատակով։

Պաշտոնական Բուդապեշտը սպառնացել է վետո կիրառել Ուկրաինայի անդամակցության հարցում, ինչպես նաև արգելափակել Կիևին՝ ԵՄ աջակցության 54 միլիարդ դոլարանոց փաթեթի տրամադրումը:

Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն հայտարարել է. «Երբեք չենք հրաժարվի մեր ազգային շահերից։ Երբեք չենք հրաժարվի ինքնիշխան որոշումներ կայացնելու իրավասությունից»։

Վերլուծաբան Յան Բոնդի խոսքով, Ուկրաինայի անդամակցության հարցում Բրյուսելի ձախողումը կարող է լուրջ հետևանքներ ունենալ․ «Հոգեբանական ազդեցությունը շոշափելի կլինի, քանի որ այն դրական ազդակ կհղի Պուտինին, և նա կարող է մտածել, թե, իրականում, Արևմուտքը չի ընդունում, որ Ուկրաինան պետք է լինի արևմտյան աշխարհի մաս։ Սա բացասաբար կազդի ուկրաինացիների վրա, քանզի նրանք հույս ունեն, թե այլևս եվրոպական ընտանիքի անդամ են»:

Կան նաև դրական զարգացումներ․ Եվրամիության խորհրդի նախկին նախագահ Դոնալդ Տուսկը երկուշաբթի ընտրվել է Լեհաստանի վարչապետ՝

խոստանալով ջերմացնել հարաբերությունները Բրյուսելի հետ․ «Լեհաստանի նոր կառավարության, բայց նաև մեր բոլորի խնդիրն է վճռականորեն պահանջել

ամբողջ արևմտյան հանրությունից՝ օգնել Ուկրաինային հաղթել այս պատերազմում: Ես սա կանեմ առաջին իսկ օրվանից»։

Եվրամիության առաջնորդները պատրաստվում են նաև քննարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը, ներառյալ՝ռուսական ադամանդների վաճառքի նկատմամբ արգելքի սահմանումը:

Բրյուսելյան օրակարգում է լինելու այդ թվում Իսրայելի-«Համասի» հակամարտությունը, և եվրոպական երկրները քննարկելու են Իսրայելի կողմից բռնազավթած Հորդանան գետի արևմտյան ափին բնակվող պաղեստինցիների նկատմամբ բռնություններ կիրառող իսրայելցի վերաբնակիչների դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը:

XS
SM
MD
LG