Միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազ Քարիմ Խանը շրջել է իսրայելական համայնքների ավերակներով, որոնց վրա «Համաս»-ի զինյալները հարձակվել էին հոկտեմբերի 7-ին:
Հարձակվողները սպանել են ավելի քան 1200 իսրայելցիների,
պատանդ վերցրել ևս 240 հոգու, որոնց մեծ մասը խաղաղ բնակիչներ են։
Խանը լսել է ողջ մնացածների և պատանդների ընտանիքի անդամների ցուցմունքները՝ հարձակումներն անվանելով «լուրջ միջազգային հանցագործություններ»։
«Պատանդ վերցնելը Ժնևի կոնվենցիաների մեծ խախտում է: Դա Հռոմի կանոնադրությամբ հատուկ հանցագործություն է, և ես կոչ եմ անում անհապաղ ազատ արձակել Իսրայելից վերցված բոլոր պատանդներին և նրանց ապահով վերադարձնել իրենց ընտանիքներին»,-ասել է նա:
Պատանդների և անհայտ կորածների ընտանիքների իրավաբանները հայտարարել են՝ ցանկանում են, որ Խանը անհապաղ հետաքննություն սկսի, նույնիսկ մինչև պատերազմի ավարտը:
Խմբի փաստաբանՅուվալ Սասոնի խոսքով՝ «Կասկած չկա «Համաս»-ի հարձակման մասշտաբային ու համակարգված լինելու մեջ, և որ այն մարդկության դեմ ուղղված միջազգային հանցագործության, ռազմական հանցագործության և ցեղասպանության մասին է»:
Սակայն պաղեստինցիները պնդում են, որ հենց Իսրայելն է խախտում միջազգային իրավունքը Գազայում իր ռազմական արշավով, որի հետևանքով զոհվել է ավելի քան 15,000 մարդ, որոնց մեծ մասը կանայք և երեխաներ են, ըստ Գազայի առողջապահության նախարարության:
Մարդու իրավունքների պաղեստինցի իրավաբան Ռաջի Սուրանին ասել է.
«Իրավական տեսանկյունից կատարվածը, բառացիորեն, պատերազմական հանցագործություններ են, մարդկության դեմ հանցագործություններ, Գազայի հատվածում տեղի է ունենում էթնիկ զտում, ցեղասպանություն»:
ՄՔԴ-ի դատախազ Խանը անդրադարձել է Իսրայելի դեմ պաղեստինյան ռազմական հանցագործություններին, երբ հանդիպել է Պաղեստինի ինքնավարության ղեկավարների հետ Արևմտյան ափի Ռամալլահ քաղաքում: Սակայն շատ պաղեստինյան իրավապաշտպան կազմակերպություններ բոյկոտել են նրա այցը՝ մեղադրելով նրան Իսրայելի պահանջները պաշտպանելու մեջ:
Հորդանան գետի արեւմտյան ափի պաղեստինյան առաջնորդներին ուղղված իր ելույթում Խանը անդրադարձել է Գազայում պաղեստինցի խաղաղ բնակիչների տառապանքներին. «Ես խոսել եմ նաև այն մարդկանց հետ, ովքեր կորցրել են իրենց ընտանիքներին, սիրելիներին, երեխաներին, կանանց, ծնողներին Գազայի փլատակների տակ: Օրենքը ինչ-որ կոսմետիկ զարդարանք չէ, որը կարելի է անտեսել: Դա հիմնարար պահանջ է, որը պետք է կատարվի»։
Իսրայելի զոհերի ընտանիքների անունից Միջազգային քրեական դատարանում հարուցված գործից բացի, Իսրայել պետությունը ռազմական դատավարություններ կանցկացնի հոկտեմբերի 7-ին ձերբակալված «Համաս»-ի շուրջ 900 գրոհայինների նկատմամբ՝ ներկայացնելով նաև սեռական բռնության մեղադրանքները որպես ռազմական հանցագործություն:
Մինչ պատերազմը Գազայում շարունակում է, Իսրայելի և Պաղեստինի իրավական ակտիվիստները պատրաստվում են իրենց պայքարին միջազգային դատարանում: