Մատչելի հղումներ

Հղիության արհեստական ընդհատման օրենքի վերաբերյալ բողոքներ են ներկայացվել Տեխասի Գերագույն դատարան


Տեխաս
Տեխաս

ԱՄՆ Տեխաս նահանգի Գերագույն դատարան փաստարկներ են ներկայացվել, թե որ պարագայում կարելի կլինի արհեստական կերպով ընդհատել հղիությունը։ Այդ փաստարկների ընդունումը թույլ կտա նահանգում կանխել աբորտի գրեթե ամբողջական արգելքը:

Տեխասի Գերագույն դատարան են ներկայացվել հատուկ փաստարկներ` որոշ դեպքերում հղիության արհեստական ընդհատումը թույլատրելու մասին։ 20 կանանց կողմից ներկայացված գանգատի համաձայն, իրենք մերժում են ստացել աբորտի հարցում, թեև դիմել էին բժշկական հիմնավորմամբ, իսկ բացասական պատասխանը պատճառաբանվել է, թե հղիության արհեստական ընդհատման վերաբերյալ Տեխասում գործող օրենքը բավականաչափ հստակ չէ, թե երբ է կարելի բժշկական բացառության հիման վրա աբորտի կատարել։

ԱՄՆ այդ նահանգում գործող օրենքը թույլատրում է հղիության արհեստական ընդհատումը միայն այն դեպքում, երբ կա «ողջամիտ բժշկական եզրակացություն», որ հղի կինը «մահվան վտանգի տակ է»:

Հղիության արհեստական ընդհատման օրենքի վերաբերյալ բողոքներ են ներկայացվել Տեխասի Գերագույն դատարան
please wait

No media source currently available

0:00 0:02:22 0:00

Գանգատարկու կանանց փաստաբան Մոլի Դուանը դատարանին ասել է, որ «ողջամիտ» եզրակացություն ասվածը թույլ է տալիս տարբեր մեկնաբանություններ կատարել, այնինչ բժիշկները հստակ ձևակերպման կարիք ունեն:

«Չնայած օրենքում նշված է բժշկական հիմնավորմամբ բացառություն մասին, բայց ոչ ոք չգիտի, թե դա ինչ է նշանակում»,- ասել է նա:

Գլխավոր դատախազի օգնական Բեթ Կլուսմանը համաձայն չէ փաստաբանի հետ` պնդելով, որ օրենքում ամեն բան հստակ է, և եթե կանանց կարծիքով բժիշկները սխալ եզրակացություն են տալիս, պետք է պատասխանատվության ենթարկել նրանց:

«Բողոքող կանանցից ոմանց վերաբերվում են նշված բացառությունները, բայց բժիշկները նրանց դեռևս մերժել։են աբորտի հարցում, սակայն դա օրենքի մեղքը չէ»,- ասել է նա:

Տեխասում գործող այն բժիշկներին, ովքեր մեղավոր կճանաչվեն ապօրինի աբորտներ կատարելու մեջ, սպառնում է արտոնագրի չեղարկում և մինչև 99 տարվա ազատազրկում։ Դալլասի մանկաբարձ Օսթին Դենարդն ասում է, որ այդ իսկ պատճառով շատ բժիշկներ վախենում են անգամ իրենց հիվանդների հետ խոսել աբորտի մասին:

«Ուղղակի վախ կա, թե մեզ հետ ինչ-որ վատ բան կարող է պատահել: Որպես Տեխասում աշխատող բժիշկ` ինձ ընդհանրապես պաշտպանված չեմ զգում»,- ասում է նա:

«Իմ երկու հղիություններից մեկը սարսափելի էր, սակայն իմ բժիշկն այն մարդը չէ, ում ես պետք է դատի տամ: Մեղավորը պետությունն է»,- դատարանում ասել է հայցվոր Լորեն Միլլերը:

Գլխավոր դատախազի օգնական Կլուսմանը պաշտպանում է չծնված երեխաների իրավունքները. «Օրենսդիրը գործել է` հաշվի առնելով չծնված կյանքը և հղիության արհեստական ընդհատման համար բոլոր հանգամանքները։ Կարևոր է, իհարկե, որպեսզի վտանգի տակ չլինի մոր կյանքը: Օրենսդիրը նշաձողը բարձր է դրել, և դրա մեջ հակասահմանադրական ոչինչ չկա»:

Անցած տարվա հունիսին ԱՄՆ Գերագույն դատարանի որոշմամբ սահմանափակումներ մտցվեցին հղիության արհեստական ընդհատման դեպքերում։

XS
SM
MD
LG