Մատչելի հղումներ

Ի՞նչ դիրքորոշումներ ունեին Վաշինգտոնն ու Պեկինը APEC-ի գագաթնաժողովին


APEC 2023-ի գագաթնաժողով
APEC 2023-ի գագաթնաժողով

ԱՄՆ նախագահ Բայդենը հինգշաբթի կարևորել է Միացյալ Նահանգների տնտեսական կապերը Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի 19 երկրների հետ: Նույն դիրքորոշումն արտահայտեց Չինաստանի ղեկավարը՝ տարածաշրջանի երկրների առաջնորդների և խոշոր գործարարների հավաքին:

Ասիական-Խաղաղօվկինոսյան տնտեսական համագործակցության կազմակերպության (APEC) անդամ 19 պետությունների համար, որոնք, փաստորեն, ԱՄՆ ու Չինաստանի հետաքրքրությունների շրջանակում են, APEC-ի գագաթնաժողովը հնարավորություն էր ծանոթանալ երկու տերությունների դիրքորոշումներին:

Գագաթնաժողովը հյուրընկալող ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հինգշաբթի՝ գործարար աշխարհի խոշոր ներկայացուցիչների հետ հանդիպմանը խոսել է Միացյալ Նահանգների տնտեսական բուռն աճի մասին՝ Չինաստանում տնտեսության դանդաղման պայմաններում․ «Տասնամյակներ շարունակ տարածաշրջանի նկատմամբ Ամերիկայի կայուն հանձնառությունը հնարավորություն է տվել արձանագրել [տնտեսական] աճ: Վստահաբար, ազատ առևտուրը միլիոնավոր մարդկանց դուրս բերեց աղքատությունից: Այսօր այդ հարաբերությունները փոխադարձաբար կարևոր են՝ Միացյալ Նահանգները կենսական նշանակություն ունի տարածաշրջանի ապագայի համար, և տարածաշրջանն առավել քան երբևէ կենսական կարևորություն ունի ԱՄՆ համար»:

Իր հերթին՝ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հիշեցրել է Չինաստանի կարգավիճակը՝ որպես կարևոր առևտրային գործընկեր՝ վստահեցնելով, որ Պեկինը պատերազմելու ցանկություն չունի, և փարատել է ներկաների մտահոգությունը՝ կապված Չինաստանի աճող ռազմական հավակնությունների հետ․ «Չինաստանը մտադիր չէ մարտահրավեր նետել, կամ փոխարինել ԱՄՆ-ին: Ճի՛շտ հակառակը՝ ուրախ ենք տեսնել վստահ և բարգավաճ ԱՄՆ: Նմանապես, ԱՄՆ-ն չպետք է խաղադրույք կատարի Չինաստանի դեմ, կամ միջամտի Չինաստանի ներքին գործերին»:

Վաշինգտոնի ու Պեկինի միջև զարգացող հարաբերություններին ուշադիր են հատկապես գործարար աշխարհում:

«Խելամիտ մոտեցում չէ աշխարհի գերիշխող տնտեսությունների միջև հակադրությունը: Բայց մյուս կողմից, կարևոր է, որ խաղի կանոն դառնա դիվերսիֆիկացիան: Մեզ համար չափազանց շահավետ է միջտարածաշրջանային համագործակցության խթանումը»,- ասել է «Citigroup»-ի գործադիր տնօրեն Ջեյն Ֆրեյզերը:

Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի գործարար աշխարհի ներկայացուցիչները չեն թաքցրել, որ շահում են երկու գերտերությունների մրցակցությունից: «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում Մալայզիայի ամերիկյան առևտրի պալատի ղեկավար Սիոբհան Դաշը կարծիք է հայտնել, որ աշխատուժի շարժունակությունը, անգլերենի իմացությունը բազմաթիվ ոլորտներում՝ օրինակ, կիսահաղորդիչների, բժշկական պարագաների արտադրություններում հանգեցերել են տպավորիչ աճի․ «Կարծում եմ, իրոք, սա դրական միտում է: Շատ ավելի մեծ աճի հնարավորություն ենք տեսնում տարբեր ոլորտներում: Մալայզիան դիտարկվում է [տնտեսական համագործակցության] տարբեր նախագծերում, որոնց մասին մենք նախկինում տեղյակ չէինք»:

Տեսանելի հեռանկարի համար դիտորդները կտրուկ փոփոխություններ չեն ակնկալում տարածաշրջանում։

«Կարծում եմ, որ Բայդենի փաստարկները, հավանաբար, կարժանանան լուրջ ուշադրության, սակայն, ինչպես երևում է Սի Ծինփինի հետ գործարար աշխարհի բազմաթիվ առաջնորդների հանդիպումներից, Չինաստանը կարևոր շուկա է դիտվում, կարևոր արտադրական հանգույց, ուստի այս իրավիճակը արագ չի փոխվի»,- ասում է «American Enterprise Institute»-ի ներկայացուցիչ Զաք Քուփերը:

Հինգշաբթի նախագահ Ջո Բայդենը ներկայացրեց 14 երկրների հետ տնտեսական նոր հարաբերությունների անցնելու մի նախագիծ, որի նպատակն է խորացնել կապերը: ԱՄՆ ղեկավարը սակայն հավելեց, թե Հնդկական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի համար մշակված նախաձեռնությունը տակավին ամբողջական չէ, քանզի որոշ երկրների հետ դեռևս հնարավոր չի եղել հասնել փոխհամաձայնության:

Ինչևէ, շատերի համար կասկածից վեր, որ տարածաշրջանում տնտեսական փոխգործակցության ուղղությամբ ԱՄՆ-ն շարունակում է պահպանել առաջատարի իր դիրքերը, քանի որ տարածաշրջանում առկա է մասնավոր կապիտալի գործունեության համար հսկայական դաշտ։

XS
SM
MD
LG