Մատչելի հղումներ

Ամերիկյան «Օհայո» դասի միջուկային սուզանավը մերձավորարևելյան ջրերում է


Ամերիկյան սուզանավ
Ամերիկյան սուզանավ

Ամերիկյան ռազմածովային հրամանատարությունը մանրամասներ չի հայտնել, սակայն հրապարակել է սուզանավի լուսանկարը՝ Սուեզի ջրանցքով անցնելիս։

Մերձավոր Արևելքում գործող ամերիկյան ռազմուժի հրամանատարությունը՝ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը կարճ հաղորդագրություն է տարածել, թե տարածաշրջանի ջրեր է մուտք գործել «Օհայո» դասի միջուկային, հրթիռակիր սուզանավ։

«2023 թվականի նոյեմբերի 5-ին «Օհայո» դասի սուզանավը մուտք է գործել ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության պատասխանատվության տարածք»,- ասված է Կենտրոնական հրամանատարության («CENTCOM») գրառման մեջ՝ «X» հարթակում:

Մերձավոր Արևելքից զատ, ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության պատասխանատվության գոտում են Արևելյան Աֆրիկան և Կենտրոնական Ասիան:

Մերձավոր Արևելքում հայտնված «Օհայո» դասի սուզանավի վերաբերյալ Պենտագոնը զերծ է մնացել մանրամասներ հայտնելուց, հրապարակել է Սուզի ջրանցքով անցնող ռազմանավի լուսանկարը, թեև լուսանկարի ամսաթիվը նշված չէ։

«CENTCOM»-ը չի հրապարակել նաև սուզանավի անվանումը։ «Օհայո» դասի սուզանավերի մեծ մասը կարող է կրել միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ:

Այս ապրիլին ԱՄՆ ռազմածովային ուժերի «USS Florida» սուզանավը՝ դարձյալ «Օհայո» դասի, նկատվեց Բահրեյնի ափերի մոտ՝ Պարսից ծոցում, ուր գործում է ԱՄՆ հինգերորդ նավատորմը:

Սակայն պաշտոնական հաստատում չկա, որ խոսքը նույն՝ «USS Florida» սուզանավի մասին է։ Իսրայելական «Ynet» պարբերականը գրել է, թե Սուեզի ջրանցքով անցնողը զինված է բալիստիկ հրթիռներով։

Այս նոյեմբերի 4-ին ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, որ «USS Dwight Eisenhower» ավիակրի գլխավորությամբ գործող հարվածային նավերի խումբը ժամանել է Մերձավոր Արևելք։ Նշված ավիակրից զատ, խմբի կազմում են «USS Philippine Sea» կառավարվող հրթիռներ կրող հածանավը, ինչպես նաև «USS Mason» և «USS Gravely» ռազմանավերը։

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը ամերիկայն ռազմանավերի կենտրոնացումը տարածաշրջանում անվանել էր «Իսրայելի դեմ թշնամական գործողությունները, կամ այս պատերազմը ընդլայնելու ջանքերը զսպելու փորձ»։

XS
SM
MD
LG