Մինչ «Համասի» հետ արյունալի հակամարտությունը շարունակվում է՝ Իսրայելում ոմանք պնդում են՝ ժամանակն է, որպեսզի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հրաժարական տա: Նեթանյահուն հրաժարվում է ընդունել, թե ինքն է պատասխանատու այս հոկտեմբերի 7-ին Իսրայելի դեմ «Համասի» իրականացրած արյունալի հարձակման համար, ինչի հետևանքով սպանվեցին մոտ 1 400 իսրայելցիներ՝ զգալի մասը քաղացիական անձինք էին: Վարչապետը նաև հստակեցրել է՝ մտադիր չէ թողնել պաշտոնը։
Հիշեցնենք, ԱՄՆ կառավարությունը «Համասը» ճանաչել է ահաբեկչական խմբավորում։
Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց վրա են վերցրել «Համասի» արյունալի ներխուժումը թույլ տալու պատասխանատվությունը: Նրանց թվում են՝ պաշտպանության նախարարը, անվտանգության ծառայության՝ «Շին Բեթի» ղեկավարը և զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Բենի Գանցը, ով հոկտեմբերի 7-ին իշխանության մաս չէր:
Սակայն լուռ է Իսրայելի ամենից երկար պաշտոնավարած վարչապետը՝ Բենիամին Նեթանյահուն:
«Հոկտեմբերի 7-ի իրադարձություններից հետո Նեթանյահուի պահվածը ողբերգություն է Իսրայելի համար, բայց առաջին հերթին՝ իր համար: Նման պահերին առաջնորդները փորձության են ենթարկվում, և նրան բաժին հասած փորձությունն էր, թե արդյոք կստանձնի պատասխանատվություն»,- ասում է Շալոն Հարթման ինստիտուտի ներկայացուցիչ Ամոց Ասայելը։
Նեթանյահուն արձագանքեց՝ «X» հարթակում գրելով, որ երկրի անվտանգության ծառայությունների ղեկավարները վստահեցրել են իրեն, որ Իսրայելը զսպում է «Համասին», և ոչ մի հարձակում չի սպասվում: Վարչապետը, կարծես, մեղադրում էր Իսրայելի անվտանգության ծառայություններին՝ վտանգի մասին չզգուշացնելու համար:
Սակայն ժամեր անց նա հեռացրեց գրառումը՝ բողոքի ալիքից հետո, անգամ ներողություն խնդրեց։
Իսրայելական «Maariv» պարբերականի պատվերով վերջերս անցկացրած սոցհարցման համաձայն, իսրայելցիների 80%-ն այն կարծիքին է, որ վարչապետը պետք է պատասխանատվություն ստանձնի տեղի ունեցածի համար: Նույն հարցումը ցույց է տվել, որ վարչապետի պաշտոնում Նեթանյահուին աջակցում է Իսրայելի բնակչության միայն 28%-ը, այնինչ՝ «Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ Բենի Գանցին՝ 48%-ը:
«Սա վաղ թե ուշ կավարտի նրա կարիերան: Որպես առաջնորդ նա մեզ հետ է քառորդ դարից մի փոքր ավելի, նա փոխարինեց Իցհակ Շամիրին «Լիկուդ» [կուսակցության] ղեկավարի աթոռին: Նա շատ բան է արել, ունեցել է հաջողություններ ու ձախողումներ: Բայց դրանք բոլորը հայտնվելու են 2023 թվականի հոկտեմբերի 7-ի ստվերում»,։- նշում է Ամոց Ասայելը։
Մինչդեռ, Նեթանյահուն պնդում է՝ հրաժարական տալու մտադրություն չունի։ Իսրայելի միակ վարչապետն է, ում հաջողվել է մնալ իր պաշտոնին, չնայած կոռուպցիոն գործերով դատավարությանը:
«Միակ բանը, որից ես մտադիր եմ հրաժարվել, «Համասն» է։ Մենք պատրաստվում ենք նրանց նետել պատմության աղբանոց։ Դա իմ նպատակն է։ Դա իմ պարտականությունն է, և ահա, թե ինչու եմ առաջնորդում երկիրը»,- ասում է Նեթանյահուն:
«Լիկուդում» վստահ են՝ Նեթանյահուն կանցնի նաև այս փոթորկի միջով։
«Երբ պետական ծառայության մեջ ես, գիտես, որ քեզ էլ են քննադատելու։ Սա ակնհայտ իրողություն է առօրյա կյանքում։ Բայց հիմա պատերազմ է, և պետք է հաղթել։ Պատերազմի ավարտվելուց հետո, կարելի է դատել վարչապետի քայլերը»,-ասում է Իսրայելի խորհրդարանում իշխող ուժի՝ «Լիկուդի» պատգամավոր Բոազ Բիսմութը։
Իսրայելի պաշտոնյաների խոսքով, Գազայում պատերազմը կարող է ամիսներ տևել, և այդ ընթացքում նաև կարող է փոխվել Նեթանյահուի նկատմամբ հասարակական կարծիքը: