Նախագահ Ջո Բայդենը Իսրայելից վերադարձավ Միացյալ Նահանգներ՝ չհանդիպելով պաղեստինցի կամ արաբ առաջնորդների հետ։ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև կոնֆլիկտի սրման և Գազայի հիվանդանոցներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տարածաշրջանում ավելի լայն պատերազմ կանխելու Վաշինգտոնի փորձերն ավելի են բարդանում:
Բայդենը ջերմորեն գրկախառնվել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ Իսրայել կատարած իր այցի շրջանակներում՝ ցույց տալու ԱՄՆ-ի սատարումը հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի զինյալների կողմից իսրայելցի խաղաղ բնակիչների վրա դաժան հարձակումներից հետո:
Բայց երեքշաբթի երեկոյան Գազայի հիվանդանոցում հարյուրավոր պաղեստինցիների մահվան պատճառ դարձած պայթյունը խափանեց Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի և Հորդանանի թագավոր Աբդուլլահի հետ հանդիպումները: Ե՛վ Իսրայելը, և՛ ՀԱՄԱՍ-ը հերքում են, որ իրենք պատասխանատու են հիվանդանոցի պայթյունի համար:
Իսրայելում Բայդենը համոզեց Նեթանյահուին թույլատրել միջազգային մարդասիրական օգնությունը՝ օգնելու Գազայի 2,2 միլիոն բնակիչներին, ովքեր սննդի, ջրի և վառելիքի խիստ կարիք ունեն։
«Իսրայելը համաձայնել է, որ մարդասիրական օգնությունը Եգիպտոսից Գազա տեղափոխվի»,-հայտարարել է նա:
Անցնող շաբաթվա ընթացքում ցուցարարները դուրս են եկել փողոցներ Ստամբուլում և աշխարհի շատ այլ քաղաքներում՝ ի պաշտպանություն պաղեստինցիների և ընդդեմ Գազայի վրա Իսրայելի հարձակումների: Որոշ ցուցարարներ նաև վրդովմունք են հայտնել Միացյալ Նահանգների դեմ Իսրայելին աջակցելու շուրջ՝ չնայած պետքարտուղար Բլինքենի ինտենսիվ մաքոքային դիվանագիտությանը, ով հանդիպել էր արաբ առաջնորդների հետ ողջ տարածաշրջանում:
Մինչ Բլինքենը և Բայդենը այցելում էին Մերձավոր Արևելք, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Պեկինում դիմավորել է Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինը:
Անդրադառնալով Իսրայել-ՀԱՄԱՍ հակամարտությանը՝ Պուտինը նշել է, որ համաշխարհային հակամարտությունների աճը ամրապնդում է Մոսկվայի և Պեկինի միջև կապերը։ Ռուսաստանը և Չինաստանը հրաժարվել են դատապարտել ՀԱՄԱՍ-ի հարձակումները Իսրայելի խաղաղ բնակիչների վրա։
Փորձագետներից մեկը «Ամերիկայի Ձայն»-ին ասաց, որ այս ճգնաժամը ցույց է տվել, որ ԱՄՆ-ն այժմ միակ գերտերությունն է Մերձավոր Արևելքում:
Ամերիկայի Կաթոլիկ համալսարանի պատմության պրոֆեսոր Մայքլ Քիմաժն ասել է.
«ԱՄՆ-ը միակ գերտերությունն է, որն ունի իրական ռազմական ակտիվներ։ Եվ դա միայն այն ակտիվները չեն, որոնք վերջինս պատրաստվում է տալ Իսրայելին հակամարտության ժամանակ: Դա արևելյան Միջերկրական ծովի երկու ավիակիրներն են, անվտանգության հարաբերությունները Հորդանանի, Եգիպտոսի հետ, Սաուդյան Արաբիային հարակից երկրների հետ»:
Ռուսաստանն ու Չինաստանը միասին աշխատում են Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հաստատված համաշխարհային կարգը տապալելու շուրջ, «Ամերիկայի Ձայն»-ին ասել է ազգային անվտանգության հարցերով խորհրդականի նախկին տեղակալ Մեթյու Փոթինգերը. «Եվ այժմ, երբ Սին հյուրընկալում է Վլադիմիր Պուտինին Պեկինում, այս խորացող գործընկերության շարունակությունն է՝ փորձելով քաոս առաջացնել Եվրոպայում, քաոս առաջացնել Մերձավոր Արևելքում, ի վերջո հենց Չինաստանի հարևանությամբ»:
Ի տարբերություն Ռուսաստանի, Չինաստանի շահերը Մերձավոր Արևելքում կարող են ավելի համահունչ լինել Ամերիկայի շահերին, ասել է փորձագետ Բրայան Քաթուլիսը։
Վերջինիս խոսքով՝ պաղեստինյան և եգիպտական առաջնորդների որոշումը՝ չհանդիպել Բայդենի հետ հիվանդանոցի պայթյունից հետո, պարտադիր չէ, որ նշանակի, թե նրանք պատրաստ չեն աշխատել Միացյալ Նահանգների հետ։