Մատչելի հղումներ

ԵՄ-ն ու ՀՀ-ը դատապարտում են ԼՂ բնակչության դեմ Բաքվի ռազմական գործողությունը. համատեղ հայտարարություն


Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Լուսանկարը՝ ՀՀ վարչապետի աշխատակազմ
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Լուսանկարը՝ ՀՀ վարչապետի աշխատակազմ

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում են ունեցել Գրանադայում, որի արդյուքում կողմերը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: Հայտարարության մեջ ասված է. 

«Այսօր մենք հանդիպեցինք Գրանադա քաղաքում՝ Իսպանիայի կողմից կազմակերպված Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում։

Մենք վերահաստատեցինք Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության դեմ Ադրբեջանի ռազմական գործողության դատապարտումը և վերահաստատեցինք Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը՝ հիմք ընդունելով 1991թ. Ալմաթիի հռչակագիրը և այն գիտակցումը, որ Հայաստանի տարածքը ներառում է 29800 քառակուսի կմ, իսկ Ադրբեջանինը՝ 86600 քառակուսի կմ: Մենք նաև ընդգծեցինք, որ տարածաշրջանային կապի ուղիների բացումը պետք է հիմնված լինի երկրների ինքնիշխանության և իրավազորության նկատմամբ լիակատար հարգանքի, ինչպես նաև հավասարության և փոխադարձության սկզբունքների վրա։

Հայաստանն ու ԵՄ-ն կապված են ընդհանուր քաղաքական արժեքներով և կանոնների վրա հիմնված միջազգային կարգի նկատմամբ իրենց հանձնառությամբ:

Այս դժվարին ժամանակներում ԵՄ-ն և Հայաստանը կանգնած են ուս ուսի: Մենք հանձնառու ենք առավել ամրապնդել ԵՄ-Հայաստան հարաբերությունները։

Ինչպես քննարկեցինք այս շաբաթվա սկզբին, մեր անմիջական ուշադրության կենտրոնում է Հայաստան տեղահանված ավելի քան 100,000 ղարաբաղահայերի մարդասիրական կարիքները: Մենք քննարկել ենք, թե ինչպես ապահովել ԵՄ-ի կողմից տրամադրվող մարդասիրական օգնության և այլ անհապաղ աջակցության առավելագույն արդյունավետությունը, որը կկազմի 10,45 միլիոն եվրո»:

Ֆոն դեր Լեյենը նաև հայտնել է, որ հանձնաժողովը ֆինանսավորում է մոբիլիզացնում Հայաստանին իր տարեկան ծրագրից 15 միլիոն եվրո հատկացնելու համար՝ որպես բյուջետային աջակցություն։

«Երկարաժամկետ հեռանկարում, Եվրամիությունը և Հայաստանը վճռական են՝ ամրապնդելու իրենց տնտեսական կապերը՝ աշխատելով մեր Համապարփակ տնտեսական գործընկերության համաձայնագրի ամբողջ ներուժը բացահայտելու ուղղությամբ: Մասնավորապես, Հայաստանի համար ԵՄ Տնտեսական ներդրումային պլանը (EIP) նախատեսում է մինչև 2,6 միլիարդ եվրո, որը կօգտագործվի կարևոր ենթակառուցվածքային և այլ նախագծերում ներդրումների համար։ Հանձնաժողովը և Հայաստանը կկրկնապատկեն ջանքերը կարևոր ծրագրեր իրականացնելու համար։ Հանձնաժողովը կաջակցի նաև Հայաստանի մասնակցությանը տարածաշրջանային նախագծերին, ինչպիսին է Սևծովյան էլեկտրաէներգիայի մալուխը: Վերջապես, Հանձնաժողովը կավելացնի տեխնիկական աջակցությունը Հայաստանին՝ մասնավորապես օդային անվտանգության և միջուկային անվտանգության ոլորտներում», - նշված է հայտարարությունում։

Ֆոն դեր Լեյենը տեղեկացրել է Հայաստանին աջակցելու համար ԵՄ-ԱՄՆ համատեղ միջոցառման նախապատրաստման մասին։

Առաջիկա օրերին կողմերը շարունակելու են քննարկումները հարաբերությունների հետագա ամրապնդման ուղիների շուրջ։

XS
SM
MD
LG