Մատչելի հղումներ

ՄԱԿ-ում հնչած ելույթներն ի ցույց են դնում աշխարհում առկա լուրջ խնդիրները


Անտոնիո Գուտերեշ` ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար
Անտոնիո Գուտերեշ` ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար

Նյու Յորքում ավարտվեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի աշխատանքների, այսպես կոչված, առաջին փուլը։ Ելույթներով հանդես եկած պետությունների ղեկավարներից շատերը կենտրոնացան իրենց երկրներում առկա լրջագույն խնդիրների և միլիոնավոր մարդկանց կյանքը բարելավելու հրատապ անհրաժեշտության վրա:

Նյու Յորքում անվտանգության խստացված միջոցառումներ են․ հանդես գալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում՝ բազմաթիվ պետությունների ղեկավարներ իրենց խոսքը կենտրոնացրեցին հարազատ երկրներում առկա լրջագույն խնդիրների շուրջ։

«Այստեղ ենք, որպեսզի փորձենք սովի ու աղքատության դեմն առնել»,- հայտարարել է Պերուի նախագահ Դինա Բոլուարտեն:

Բարձր ամբիոնից ներկայացվեցին նաև զարգացած երկների առաջնահերթությունները։

«Հարկ է միանալ գործընկերներին, որոնք կիսում են աշխարհի ապագայի վերաբերյալ ընդհանուր տեսլականը, ուր մեր երեխաները սոված չեն մնա, բոլորին հասանելի կլինի որակյալ առողջապահությունը, աշխատող մարդիկ գնահատված կլինեն, իսկ մեր միջավայրը՝ պաշտպանված»,- հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի աշխատանքների մեկնարկից մոտ մեկ շաբաթ առաջ լույս տեսած UNICEF-ի զեկույցը ուշադրություն էր հրավիրում՝ աշխարհը պայքարում է բազմաթիվ ճգնաժամերի դեմ, ներառյալ՝ առողջապահական, տնտեսական: UNICEF-ը կոչ էր անում մոլորակի ղեկավարներին երեխաների իրավունքների պաշտպանության հարցը բարձրացնել օրակարգի առաջին հորիզոնականներ:

Աննկատ չանցան հատկապես կլիմայի փոփոխության կործանարար հետևանքներին վերաբերող հարցերը:

«Լիբիայի Դերնա քաղաքում զոհվել են հազարավոր մարդիկ՝ աննախադեպ ջրհեղեղի պատճառով։ Հիմա, երբ այստեղ խոսում ենք, Միջերկրական ծովը ափ է հանում մարդկանց բազմաթիվ մարմիններ, իսկ ոչ հեռու՝ միլիարդատերերը արևային լոգանք են ընդունում իրենց գերժամանակակից զբոսանավերի վրա: Դերնան մեր աշխարհի տխուր պատկերն է»,- հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ Դենիս Ֆրենսիսը, սակայն, հորդորում է ամեն ինչ չպատկերել սև գույնով։

«Մի կողմ դնելով մեր տարբերությունները և կամրջելով տարաձայնությունները՝ կարող ենք հասնել խաղաղության, առաջընթացի, բարգավաճման և կայունության՝ բոլորի համար ու ամենուր»,- ասել է նա:

Մոլորակում առկա տարաբնույթ խնդիրներին լուծում տալու կոչերն առաջիկա օրերին, անշուշտ, կշարունակվեն, երբ բարձր ամիոնին մոտենան մյուս պետությունների ղեկավարները:

XS
SM
MD
LG