Ռիքի Ուինն ապրում է Նյու Յորքի չինական թաղամասում, ուր շինարարական աղմուկը կարծես հավերժ է՝ խաթարելով նրա առօրյա կյանքը։
«Սա աղմուկը չափելու սարք է, որը ստիպված էի ձեռք բերել»։
Անդադար աղմուկը հարկադրել է Ուինին չափել դրա մակարդակը։ Ասում է, որ աղմուկն ազդում է ոչ միայն իր, այլև թաղամասում ապրող տարեց մարդկանց վրա։
«Չեմ պատկերացնում տարեց մարդկանց վիճակը, որոնք ապրում են այդ շենքում՝ անմիջապես շինարարության հարևանությամբ»։
«Այստեղ ապրել եմ 11 տարի, և ցանկանում եմ ապրել»։
Վերջերս իրականացված հետազոտությունը, որին մասնակցել է 130 հազար մարդ՝ իրենց «խելացի» ժամացույցներում ունենալով աղմուկի չափման գործառույթ, երևան է բերել մտահոգիչ արդյունքներ։
«Ըստ նախնական տվյալների, յուրաքանչյուր երրորդ ամերիկացին կարող է առողջության համար վնասակար բարձր աղմուկի «զոհ» դառնալ»։
Հետազոտություն իրականցնող խմբի ղեկավար Ռիք Նիցելի խոսքով, ի հայտ են նաև անսպասելի արդյունքներ։
«Պարզվել է, որ բարձր աղմուկն ավելի վատ է անդրադառնում սևամորթների կամ իսպանախոսների վրա, քան այլ էթնիկ խմբերի ներկայացուցիչների»։
Մեկ այլ ուսումնասիրության շրջանակներում Մասաչուսեթսի ընդհանուր հիվանդանոցի հետազոտողները հայտնաբերել են, որ տևական աղմուկը կարող է հանգեցնել առողջական լուրջ խնդիրների ու ի վերջո՝ մահվան։
«Մեր և այլ հետազոտողների ձեռք բերած տվյալների հիման վրա կարող ենք եզրակացնել, որ աղմուկը թերագնահատված և այն առանձին ռիսկ է սրտանոթային հիվանդությունների զարգացման համար»։
Հետազոտությունը նաև ցույց է տվել, որ այն թաղամասերում, ուր արձանագրվել է, օրինակ, տրանսպորտից առաջացող բարձր աղմուկ, մեծանում է սրտային հիվանդություն ձեռք բերելու հավանականությունը։
«Մեր [հետազոտության] արդյունքները ցույց են տալիս, որ աղմուկը կարող է նպաստել սրտանոթային հիվանդությունների զարգացմանը՝ սկիզբ առնելով ուղեղից և ազդելով զարկերակների վրա։ Սա թերագնահատված ռիսկ է սրտանոթային հիվանդությունների համար»։
Աղմուկի ներկայացրած վտանգների մասին իրազեկվածության բարձրացումը հանրության շրջանում թույլ կտա բնակիչներին պահանջատեր լինել և պայքարել անդորրի պահպանման համար։
«Նախկինում քչերին էր հուզում այս խնդիրը։ Սակայն նման հետազոտությունների շնորհիվ ավելի շատ մարդ է գիտակցում, թե որքան վտանգավոր է վնասել շրջակա միջավայրը։ Վերջերս՝ ԱՄՆ շրջակա միջավայրի պահպանության գործակալությունը լրացուցիչ ֆինանսավորման հայտ է ներկայացրել՝ աղմուկի նվազեցմանն ուղղված քայլերի համար»։
Հնարավոր է, խնդիրն առաջիկայում հայտնվի ԱՄՆ դաշնային կառավարության քննարկման օրակարգում, և աղմուկի հարցը դառնա նույնքան լուրջ, որքան օդի աղտոտման խնդիրն է։