Մատչելի հղումներ

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայի օրակարգում միջազգային քաղաքական, տնտեսական և կլիմայական հարցերն են 


ՄԱԿ
ՄԱԿ

Հնարավոր է, Ուկրաինան դառնա գլխավոր թեման՝ առաջ անցնելով երկրների զարգացմանը և կլիմայի փոփոխությանը վերաբերող խնդիրներից։ 

Ըստ ամենայնի, երկրորդ տարին անընդմեջ ուկրաինական պատերազմի թեման է գերիշխելու ՄԱԿ-ի միջանցքներում՝ այս սեպտեմբերի 18-26-ը կայանալիք կազմակերպության 78-րդ Գլխավոր ասամբելայի ժամանակ։ Սակայն զարգացող բազմաթիվ երկրներ հույս աշխարհի ուշադրության մի մասը բևեռել իրենց հուզող խնդիրների վրա, ինչպիսիք են՝ տնտեսական զարգացումը, համաշխարհային գնաճը և կլիմայի փոփոխությունը: Հաղորդում է ՄԱԿ-ում «Ամերիկայի ձայնի» թղթակից Մարգըրեթ Բիշիրը:

ՄԱԿ-ի այս տարվա Գլխավոր ասամբլեան հաջորդում է մի շարք գագաթնաժողովներին և միջազգային քաղաքականության տեսանկյունից կարևոր հանդիպումներին։ Մյուս կողմից, արդեն իսկ հայտնի է, որ որոշ երկրների ղեկավարներ բաց են թողնելու տարեկան հավաքը, թեև քննարկելու հարցերը բազմաթիվ են։

«Հավաքվելու ենք մի ժամանակ, երբ մարդկությունը բախվում է հսկայական մարտահրավերների՝ կլիմայական պայմանների վատթարացումից մինչև հակամարտությունների սրացում, համաշխարհային գնաճ, խորացող անհավասարություններ և տեխնոլոգիական խնդիրներ: Մարդիկ հայացնքներն ուղղել են իրենց ղեկավարներին՝ այս խառնաշփոթից ելք գտնելու [հույսով]»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը:

Ակնկալվում է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելային կմասնակցի նաև Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝ առաջին անգամ պատերազմի մեկնարկից ի վեր։ Նյու Յորքում հանդես գալը նրա համար լավ հնարավորություն է՝ հայցելու

միջազգային հանրության աջակցությունը Կիևին, թեև այդ աշխատանքը նուրբ դիվանագիտություն է պահանջում։

«Զելենսկին պետք է գիտակցի, որ բազմաթիվ զարգացող երկրների ղեկավարներ ունեն սեփական խնդիրները՝ պետական պարտք, տնտեսական դանդաղ աճ, և նրանք ցանկանում են խոսել այդ թեմաներից, ոչ թե միայն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ընթացող պատերազմից»,- ասում է Ռիչարդ Գոուանը՝ Միջազգային ճգնաժամային խմբից։

Խնդրիների թվում է երկրների կայուն զարգացման հարցը, և այստեղ շեղում կա հայտարարված նպատակներից, որոնք պետք է կյանքի կոչված լինեն արդեն 2030 թվականին՝ հաղթահարել սովն ու ծայրահեղ աղքատությանը: Ըստ ՄԱԿ-ի, եթե ներկա միտումները շարունակվեն, ապա այս տասնամյակի ավարտին 575 միլիոն մարդ շարունակելու է գտնվել ծայրահեղ աղքատության կապանքներում:

Բարձր մակարդակի հանդիպումներով լի շաբաթը կմեկնարկի երկօրյա գագաթնաժողովով, որի ընթացքում ՄԱԿ-ում հույս ունեն վերստին իրատեսական դարձնել 2030 թվականի նպատակները:

«Այդ նպատակներին հասնելու առումով] նախորդ տարիներին զգալի հետընթաց գրանցվեց: Սա մասամբ պայմանավորված է «Covid-19» տևական համաճարակով, 1945 թվականից ի վեր զինված հակամարտությունների ամենաբարձր մակարդակով, կլիմայի հետ կապված խնդիրներով և [համաշխարհային] գնաճով ու կյանքի թանկացմամբ»,- ասում է Կայուն զարգացման գծով ՄԱԿ-ի ավագ պատասխանատու Աստրա Բոնինին:

Չորեքշաբթի նախատեսված է կլիմայի հարցով գագաթնաժողով, որին մասնակցությունը պայմանավորված է վնասաբեր գազերի արտանետումների կրճատման և հանածո վառելիքի օգտագործման սահմանափակման գծով հավակնոտ պարտավորությունների ստանձմամբ:

Նույն օրը ծրագրված է նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը՝ նվիրված Ուկրաինայի պատերազմին: Ակնկալվում է նախագահ Զելենսկու մասնակցությունը։

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի խոսքով, շաբաթվա ընթացքում հնարավոր է քննարկել թե՛ ուկրաինական պատերազմը, թե՛ այլ հրատապ հարցեր, և աշխարհի կայուն զարգացման նպատակների փրկությունը հրատապ է:

«Կարծում եմ, բոլոր հարցերը լրջորեն քննարկելու հնարավորություն կա, և մտավախություն չունեմ, որ աշխարհի տարբեր մասերում առկա ճգնաժամերը օրակարգից դուրս կթողնեն կայուն զարգացման նպատակների քննարկումը»,- ասել է Անտոնիո Գուտերեշը:

Երեքշաբթի առավոտյան ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթ կունենա ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ ներկայացնելով Վաշինգտոնի առաջնահերթությունները։

«Նա հանդես կգա Գլխավոր ասամբլեայում, ուր կվերահաստատի մեր երկրի առաջնորդող դերը՝ միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող վտանգներին դիմակայելու, մարդու իրավունքների պաշտպանությանը և համաշխարհային բարգավաճմանն ու զարգացմանը նպաստելու գործում»,- նշել է ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Լինդա Թոմաս-Գրինֆիլդը:

Այս ամենի ֆոնին՝ ողջ աշխարհում բազմաթիվ մարդիկ ընդամենը ակնկալում են, որպեսզի որոշում կայացնողները քայլեր ձեռնարկեն՝ առօրյա կյանքը բարելավելու և ապահով ապագա երաշավորելու համար:

XS
SM
MD
LG