Մատչելի հղումներ

ԱՄՆ օրենսդիրները շարունակում են մտահոգություն հայտնել Իրանում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ 


Ազատության հանրահավաք Իրանի համար, Լոս Անջելեսի քաղաքապետարանում
Ազատության հանրահավաք Իրանի համար, Լոս Անջելեսի քաղաքապետարանում

ԱՄՆ Կոնգրեսում այս շաբաթ հիշատակել են 22-ամյա իրանուհուն՝ Մահսա Ամինիին, ում մահվան առաջին տարելիցը լրանում է սեպտեմբերի 16-ին։ Ամերիկացի օերնսդիրների խոսքով, երիտասարդ աղջկա մահը մի շարժման սկիզբ հանդիսացավ, որն այսօր էլ կենսունակ է։

Մահսա Ամինին մահացել է իրանական ոստիկանության բաժանմունքում՝ անցած տարվա սեպտեմբերին: Աղջիկը ձերբակալվել էր կանանց վերնահագուստին վերաբերող իսլամական կանոնները խախտելու համար: Ամինիի մահը բողոքի հուժկու ալիք բարձրացրեց Իրանում, և հենց այդ շարժման մասին են խոսել ամերիկյան խորհրդարանում։

«Կանանց ու աղջիկների համար արժանապատվություն, հարգանք և փոփոխություններ պահաջող շարժմանը ռեժիմը պատասխանեց դաժան բռնաճնշումներով, ինչի հետևանքով սպանվեց ավելի քան 600 իրանցի, ձերբակալվեցին մոտ 22 հազարը: Նման պահվածքն ու իշխանության չարաշահումն անհիմն են»,- հայտարարել է դեմոկրատ կոնգրեսական Դին Ֆիլիփսը:

Կոնգրեսի բազմաթիվ հանրապետականներ մտահոգված են՝ Իրանի իշխանությունները չեն արձագանքում մարդու իրավունքների ոտնահարման վերաբերյալ քննադատությանը և օգտվում են Բայդենի վարչակազմի հետ վերջերս կնքված համաձայնագրից՝ 6 միլիարդ դոլարի հասնող իրանական ակտիվների ապասառեցման վերաբերյալ՝ ի պատասխան ամերիկացի 5 պատանդների ազատ արձակման։

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների տան արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, հանրապետական Մայքլ ՄըքՔոլը հայտարարել է․ «Իրանը պարծենում է այդ գործարքով։ Իրանի նախագահն ասում է՝ ինչ կցանկանա, կանի այդ գումարի հետ, թեև այդ դրամը պետք է ծախսվի մարդասիրական նպատակներով»։

Վերլուծաբան Բեհնամ Բեն Թալեբլուն, ում խոսքով սպառնալիքներ է ստացել իսլամական հանրապետությունից, նույնպես քննադատել է համաձայնագիրը․ «Այդ փրկագինը չի կասեցնի Իրանի ապօրինի միջուկային կարողությունների և ենթակառուցվածքների [զարգացումը]»:

Ի պաշտպանություն այդ համաձայնագրի հինգշաբթի հանդես եկավ Սպիտակ տունը՝ ընդգծելով, որ նշված դրամական միջոցները կենթարկվեն ավելի մանրակրկիտ մշտադիտարկման՝ փոխանցումից հետո:

«Կշարունակենք հակազդել իրանական ռեժիմի կողմից իրականացվող մարդու իրավունքների խախտումներին: Կշարունակենք հակազդել արտերկրում նրանց ապակայունացնող գործողություններին, ահաբեկչությանը ցուցաբերվող աջակցությանը»,- ասել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին:

Վերլուծաբանների շարունակում են պնդել՝ Իրանի միջուկային ծրագրին վերաբերող համաձայնագրից դուրս գալու մասին նախկին նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը բարդ իրավիճակի մեջ է դրել Միացյալ Նահանգներին:

Այս ամենի ֆոնին՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների տունն այս շաբաթ ընդունել է երկկուսակցական մի ակտ, որը պահանջում է Բայդենի վարչակազմից պատժամիջոցներ կիրառել Իրանի ղեկավարների նկատմամբ՝ մարդու իրավունքների շարունակական խախտումների և ահաբեկչությանը հովանավորելու համար:

XS
SM
MD
LG