Մատչելի հղումներ

Գենետիկական թեստը հաստատել է Պրիգոժինի մահը. Ռուսաստանի Քննչական կոմիտե


«Վագների» առաջնորդ Եվգենի Պրիգոժին
«Վագների» առաջնորդ Եվգենի Պրիգոժին

Ռուսաստանի քննչական կոմիտեն հաստատել է՝ Պրիգոժինը եղել է հայտնի ավիավթարի տաս զոհերից մեկը։ Գենետիկական թեստը հաստատել է նրա ինքնությունը: «Վագների» առաջնորդին տեղափոխող ինքնաթիռը կործանվեց Կրեմլի դեմ Պրիգոժինի բարձրացրած անհաջող ապստամբությունից ճի՛շտ երկու ամիս անց:

Ռուսաստանի իշխանությունները հաստատել են, որ օգոստոսի 23-ին տեղի ունեցած ավիաաղետի հետևանքով զոհվածների թվում է «Վագների» առաջնորդ Եվգենի Պրիգոժինը: Օդանավում էին յոթ ուղևորներ և անձնակազմի երեք անդամներ։ Իրավապահների փոխանցմամբ, հայտնաբերվել են Պրիգոժինի մարմնի մնացորդները:

Ռուաստանի Քննչական կոմիտեի խոսնակ Սվետլանա Պետրենկոն ասել է, որ «մոլեկուլային գենետիկական հետազոտությունների» միջոցով նույնականացրել են բոլոր զոհվածներին՝ տաս հոգուն:

Ավիաաղետը Եվգենի Պրիգոժինի նախաձեռնած անհաջող ապստամբությունից երկու ամիս անց էր։ Հունիսի վերջին վագներականներին ընդամենը երկու հարյուր կիլոմետր էր բաժանում մայրաքաղաք Մոսկվայից: Դեպի Կրեմլ արշավից օրեր առաջ Ուկրաինայում Պրիգոժինի վարձկանները կռվում էին ռուսական զորքերի կողքին:

Ռուսաստանի նախագահ Պուտինն ապստամբությունն անվանեց իր կառավարման օրոք պետության առջև ծառացած ամենից լուրջ սպառնալիքը։

«Տեղի ունեցածը դավաճանություն է։ Անհիմն հավակնությունները և անձնական շահերը հանգեցնում են դավաճանության, պետական դավաճանության և դավաճանության [մեր] ժողովրդի և ընդհանուր գործի նկատմամբ, որի համար «Վագների» մարտիկներն ու հրամանատարները կռվել և զոհվել են՝ մեր ստորաբաժանումների կողքին»։

Տակավին հստակ չէ, թե որն էր Պրիգոժինին տեղափոխող ինքնաթիռի վթարի պատճառը։ Օրերս Պենտագոնը բացառեց վարկածներից մեկը: ԱՄՆ պաշտպանության նախարարության խոսնակ, բրիգադի գեներալ Փեթ Ռայդերը հայտարարեց, թե փաստեր չկան, որ օդանավը խոցվել է հրթիռի միջոցով․ «Այդ տեղեկությունը գնահատում ենք ոչ ստույգ»։

Թեև Կրեմլը հերքել է ռուսաստանյան իշխանությունների ներգրավածությունը ավիաղետին, հայտնի է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խոսքը՝ դժվար թե Ռուսաստանում որևէ բան տեղի ունենա առանց Պուտինի գիտության:

XS
SM
MD
LG