ԱՄՆ հանրային կարծիքի հարցումների համաձայն, ամերիկացիների 54%-ը հավանություն չի տալիս նախագահ Ջո Բայդենի աշխատանքին, և անգամ Դեմոկրատական կուսակցության կողմնակիցները մտահոգություն են հայտնել նախագահի տարիքի կապակցությամբ։ Սակայն Բայդենը չունի լուրջ մրցակիցներ հարազատ կուսակցությունում, ինչը նրան, փաստորեն, դարձնում է դեմոկրատների ամենահավանական թեկնածուն գալիք՝ 2024 թվականի նախագահական ընտրություներում։
Վիրջինիա նահանգի Արլինգթոն քաղաքի դեմոկրատների մի մասը մտահոգ է ՝ արդյո՞ք 80-ամյա Ջո Բայդենը կկարողանա հաղթանակ տանել գալիք՝ 2024 թվականի նախագահական ընտրություններում։ Մտորումների պատճառը՝ նրա տարիքն է։
«Մեծ գիտելիքների տեր նախագահ է, սակայն արդյունավետության տեսանկյունից նրա գործողությունները փոքր-ինչ դանդաղ են, քան հարկն է»։
«Շատերը հույս ունեն, որ այլ թեկնածուներ ի հայտ կգան, և Դեմոկրատական կուսակցությունը նրանց կսատարի»։
«Մրցակցությունն օգտակար, երբեմն՝ անհրաժեշտ գործոն է՝ աշխատունակությունը բարձրացնելու համար»։
Առայժմ երկու, ոչ այդքան էլ հավակնոտ թեկնածուներ են պատրաստ մրցել գործող նախագահի հետ՝ դեմոկրատների ներկուսակցական ընտրություններում՝ փրայմերիզում: Խոսքը՝ հոգևոր ակտիվիստ Մարիաննա Ուիլյամսոնի և բնապահպանական հարցերով իրավաբան Ռոբերթ Քենեդի-կրտսերի մասին է։
«Եթե հիմք ընդունենք պատմությունը, նրանցից որևիցե մեկը փրայմերիզում հաղթելու հնարավորություն չունի։ [Դեմոկրատների մոտ] Բայդենից բացի այլ իրական թեկնածու ի հայտ կգա միայն այն դեպքում, եթե նախագահն որոշի չառաջադրվել»։
Պատմաբանների խոսքով, ներկուսակցական պայքարում երկրի գործող նախագահներին հաղթելը դյուրին չէ։
«Որևէ թեկնածու այդքան ճանաչված չէ, որքան գործող նախագահը։ Բացի այդ, նրանք ունեն ֆինանսավորման աղբյուրներ, որոնք հասանելի չեն մյուս հավակնորդներին։ Եվ, իհարկե, չպետք է անտեսել նախընտրական քարոզչություն վարելու և երկիրը կառավարելու փորձը»։
«Ջիմի Քարթերը թույլ նախագահ էր, երբ 1980 թվականին նրան մարտահրավեր նետեց սենատոր Թեդ Քենեդին։ Նույնը՝ Ջորջ Բուշ-ավագի դեպքում էր, որը շատ թույլ դիրքեր ուներ 1992 թվականին։ Օրինակներ կան, սակայն քիչ են նման հավակնորդները, որոնց հաջողվում է հաղթել»։
Ըստ քաղաքագետ Փոուփ ՄքՔորքլիի, Բայդենի օգտին է գործում նաև նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հնարավոր առաջադրումը՝ Հանրապետական կուսակցությունից, ինչը մեծացնում է հավանականությունը, որ դեմոկրատ ընտրողները կմիավորվեն գործող նախագահի շուրջ։
«Թեև ամեն ինչ, կարծես, այդ սցենարով է ընթանում, բայց իրավիճակը կարող է էապես փոխվել՝ մինչև կհասնենք 2024 թվականի ընտրությունների օրը՝ երկուսի տարիքի, ինչպես նաև օրենքի հետ Թրամփի ունեցած խնդիրների պատճառով»։
Առայժմ վերլուծաբանները վաղ են համարում՝ ներկայիս սոցհարցումների արդյունքների հիման վրա կանխատեսումներ անել, թե ով կհաղթի 2024 թվականի նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում։