Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը դատապարտել է ուկրաինական նավահանգիստներ մեկնող նավերը ստուգելու Ռուսաստանի որոշումը


Պետդեպարտամենտի խոսնակ Վեդանտ Պատել
Պետդեպարտամենտի խոսնակ Վեդանտ Պատել

Պետդեպարտամենտը կոչ է արել Մոսկվային վերադառնալ Սեւծովյան հացահատիկի նախաձեռնությանը:

Միացյալ Նահանգները դատապարտել է Ռուսաստանի որոշումը՝ իրավունք վերապահել ստուգել բոլոր նավերը, որոնք մեկնում են ուկրաինական սևծովյան նավահանգիստներ՝ կարծելով, որ դրանք կարող են լինել ռազմական բեռների պոտենցիալ փոխադրողներ։

«Մեր տեսանկյունից սա անընդունելի էսկալացիա է, որը ևս մեկ անգամ ցույց է տալիս Մոսկվայի պատասխանատվությունը հացահատիկի գործարքին չգնալու համար», - ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Վեդանտ Պատելը:

Նրա խոսքով՝ «Սևծովյան հացահատիկի նախաձեռնությանը» Ռուսաստանի մասնակցության դադարեցումից հետո Ուկրաինայի ԱԳՆ-ն հայտնել է, որ Ռուսաստանը հարձակվել է նավահանգստային ենթակառուցվածքի 26 օբյեկտների վրա և ոչնչացրել ավելի քան 220 հազար տոննա հացահատիկ։

«Մենք շարունակում ենք ուշադիր հետևել իրավիճակին և, իհարկե, անհանգստացած ենք, որ ռուսական զինուժը կարող է ընդլայնել իր հարվածները Ուկրաինայում հացահատիկի օբյեկտների վրա և Սև ծովում քաղաքացիական նավերի վրա», - ասել է Պատելը:

«Կարևոր է հիշել, որ Ռուսաստանը պետք է անհապաղ նորից միանա Սևծովյան հացահատիկի նախաձեռնությանը», - ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը և հավելել. «Նախաձեռնության շնորհիվ Ուկրաինան մատակարարել է ավելի քան 32 միլիոն տոննա հացահատիկ և կարևոր դեր է ունեցել համաշխարհային գների կայունացման գործում և եղել է առանցքային գործոն՝ ապահովելու, որ հացահատիկը հասնի այնտեղ, որտեղ պետք է գնա»:

XS
SM
MD
LG