ԱՄՆ հետախուզական ծառայությունները մտադիր են զգալիորեն ընդլայնել այն երկրների, ընկերությունների, անգամ՝ ոչ պետական կառույցների ցանկը, որոնց հետ համագործակցում են՝ Միացյալ Նահանգներին ու նրա դաշնակիցներին սպառնացող վտանգների մասին տեղեկություններ ստանալու համար:
Փոփոխությունները՝ ԱՄՆ հետախուզության նոր ռազմավարության վերանայման մի մասն են, որոնց նպատակն է ամրապնդել Վաշինգտոնի դիմադրողականությունը տարբեր սպառնալիքներին ընդառաջ:
Այդ սպառնալիքներն այլևս չեն սահմանափակվում ավանդական մրցակից պետություններով, ինչպիսիք Չինաստանն ու Ռուսաստանն են, կամ ահաբեկչական կազմակերպություններով՝ «Ալ-Քաիդան» և «Իսլամական պետությունը»:
«Միացյալ Նահանգները բախվում է աստիճանաբար ավելի բարդ և փոխկապակցված սպառնալիքների»,- հայտարարել է ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Ավրիլ Հեյնսը՝ թվելով մի շարք մարտահրավերներ՝ Չինաստանից ու Ռուսաստանից սկսած մինչև կլիմայի փոփոխությունն ու համաճարակները, ինչպիսին «Covid-19»-ն էր:
«Ներպետական և ոչ կառավարական դերակատարները՝ միջազգային կորպորացիաներից մինչև անդրազգային սոցիալական շարժումներ, ավելի մեծ հնարավորություններ են ձեռք բերում ազդեցություն ունենալու, մրցակցելու տեղեկության ստանալու համար, քաղաքականությանը և անվտանգությանը վերաբերող հարցերում որևէ արդյունքի հասնելու կամ անտեսելու այն։ Սա հնարավորություններ է ստեղծում նոր գործընկերության համար, բայց նաև նոր մարտահրավեր է ԱՄՆ շահերին»,- գրել է Հեյնսը 2023 թվականի ռազմավարությունում:
«Բացի այդ, ընդհանուր գլոբալ մարտահրավերները, ներառյալ՝ կլիմայի փոփոխությունը, մարդկանց առողջությանն ու անվտանգությանը սպառնացող վտանգները, նոր և «ճեղքում» գրանցող տեխնոլոգիաները միահյուսվում են, ինչը լուրջ հետևանքներ է ունենում, որոնք հաճախ շատ դժվար է կանխատեսել»,- նշել է Հեյնսը:
Այս փետրվարին հրապարակված սպառնալիքների վերաբերյալ տարեկան գնահատման մեջ ԱՄՆ հետախուզական համայնքը նախազգուշացրել է «ոչ պետական դերակատարների զարգացող բազմության», գլոբալ արտակարգ իրավիճակների, որոնցից է կլիմայի փոփոխությունը, և նոր տեխնոլոգիաների մասին, որոնք «ի վիճակի են փոխել գործարար ու սոցիլական ավանդական կարգը»:
Գնահատման մեջ նշված է, որ այդ փոփոխությունները կարող են ունենալ և՛ դրական, և՛ բացասական հետևանքներ՝ «միաժամանակ ստեղծելով աննախադեպ խոցելիություններ և հարձակման մակերեսներ»:
Նոր ռազմավարությունը նպատակ ունի հակազդել այս միտումներին՝ ամրապնդելով առկա գործընկերությունները հետախուզության ոլորտում, ներառյալ՝, այսպես կոչված, «Հինգ աչքերի» դաշինքը՝ ԱՄՆ, Միացյալ Թագավորության, Կանադայի, Ավստրալիայի ու Նոր Զելանդիայի միջև, և ստեծել նորերը:
Մասնավորապես, ռազմավարությունը նախատեսում է տեղեկատվության փոխանակում ԱՄՆ հետախուզական ծառայությունների և մասնավոր ընկերությունների՝ «ոչ պետական և ներպետական դերակատարների» միջև։
Սա ներառում է հարաբերություններ ոչ կառավարական կազմակերպությունների (ՀԿ-ների), վերլուծական կենտրոնների և այլ կազմակերպությունների հետ, որոնք կարող են օգնել ԱՄՆ հետախուզությանը՝ տեղերում իրենց փորձի կամ փորձագիտական կարողությունների միջոցով:
Ռազմավարությունը ուղեցույց է ԱՄՆ բոլոր՝ 18 հետախուզական գործակալությունների, այդ թվում՝ Ազգային հետախուզության տնօրենի գրասենյակի, Կենտրոնական հետախուզական վարչության, Ազգային անվտանգության գործակալության, Պաշտպանության նախարարության հետախուզական ծառայության և Հետաքննությունների դաշնային բյուրոյի համար: