Մատչելի հղումներ

ԱՄՆ-ում ցուցադրվել է ֆիլմ, թե ուկրաինացի դեռահասներն ինչպես են փախչում ռուսական գերությունից 


Վերջերս Վաշինգտոնում՝ Կոնգրեսում ցուցադրվել է ուկրաինական մի ֆիլմ․ գործողությունները տեղի են ունենում Ուկրաինայի դեմ Կրեմլի սանձազերծած պատերազմի ընթացքում։ Ֆիլմը պատմում է երկու ուկրաինացի դեռահասների մասին, որոնց բռնի տեղափոխել էին Ռուսաստանի կողմից բռնազավթած շրջաններ։ 

Նաստյա Միտրոֆանովան և Մաշա Սենչուկը դուրս են եկել երեկոյան զբոսանքի, Վաշինգտոնում են։ Մոտ յոթ ամիս առաջ ուկրաինացի դեռահասները բանտային պայմաններում էին՝ Խերսոնի մարզի Հենիչեսկ քաղաքում, որն այն ժամանակ գրավված էր ռուսական ուժերի կողմից։

«Այն ժամանակ մտածում էինք, որ կհայտնվենք մեկ այլ նկուղում՝ չիմանալով, թե ինչ կլինի հետո…»։

Երկու աղջիկները «Փախուստ ռուսներից» վավերագրական ֆիլմի հերոսներն են, որը նկարահանվել է հետաքննական լրագրությամբ զբաղվող «Slidstvo.info»-ի կողմից։ Հուլիսի վերջին ֆիլմը ներկայացվել է ԱՄՆ Կոնգրեսում։

Ֆիլմը պատմում է ռուսական կալանքում դեռահասների անցկացրած 11 ամիսների մասին։ Նախ, նրանց բռնի տարել են օկուպացված Ղրիմ, որտեղ պահել են ինչ-որ ուսումնական հաստատության շենքում, և, ինչպես ասում է Սենչուկը, շարունակաբար սպառնում էին՝ չաջակցել Ուկրաինային։

«Նրանք կանչեցին ռազմական ոստիկանություն և սպառնացին, որ սև թելով կկարեն մեր բերանը, եթե մենք որևէ խոսք ասենք հօգուտ Ուկրաինայի»։

Կամավորների և «Slidstvo.info»-ի ջանքերի շնորհիվ նրանց հաջողվել է փախչել գերությունից և վերադառնալ Ուկրաինա։

Ըստ ուկրաինական պաշտոնական տվյալների, առնվազն 16 հազար ուկրաինացի երեխա փաստացի կալանքի տակ է Ռուսաստանում։

Ֆիլմի համահեղինակ, լրագրող Յուլիա Խիմերիկը ասում է, որ միջազգային օգնություն է անհրաժեշտ՝ նրանց Ուկրաինա վերադարձնելու համար։

«Երբ համակարգը սկսում է աշխատել, ռուսները փոխում են իրենց մարտավարությունը։ Ուստի, աղջիկների փրկության մանրամասները չենք ցուցադրել։ Մեզ հարկավոր է կամավորների և կազմակերպությունների օգնությունը, որոնք կարող են այդ անել ուկրաինացիների փոխարեն, քանի որ Ռուսաստանը չի աշխատում ուկրաինացիների հետ»։

Ցուցադրությանը ներկա ամերիկացի քաղաքական գործիչները՝ ազդված աղջիկների խիզախությունից, իրենց աջակցությունն են խոստացել։

«Աշխատել ենք օլիգարխների դեմ պատժամիջոցներ սահմանելու ուղղությամբ՝ այն մարդկանց, որոնք պատասխանատու են այս իրավիճակի համար։ Կգործադրենք բոլոր ջանքերը՝ աջակցելու միջազգային կազմակերպություններին՝ Կարմիր խաչին և մյուսներին, որոնք կարող են փորձել և ազատել երեխաներին»։

Կոնգրեսական Մարսի Քեփթուրի համոզմամբ, Ռուսաստանի իշխանությունները պետք է պատասխանատվություն կրեն, սակայն այդ նպատակով անհրաժեշտ է փաստագրել հանցագործությունները, ինչպես ֆիլմում է։

«Կարծում եմ, ի վերջո, կստեղծվի տրիբունալ, հավանաբար՝ Հաագայում, որպեսզի Ռուսաստանին պատասխանատվության ենթարկեն։ Անհրաժեշտ է հավաքել բոլոր այն երեխաների և երիտասարդների տվյալները, որոնց առևանգել է Ռուսաստանը իրենց ծնողներից, ինչպես նաև այն դեպքերի մասին տվյալներ, երբ ծնողների զոհվելուց հետո, երեխաներին Ռուսաստան են տարել»։

Նախքան առևանգումը աղջիկները սովորում էին Խերսոնի խոհարարական դպրոցում։ Այսօր իրենց պատմությունն են ներկայացնում ամերիկյան օրենսդիրներին՝ հույս ունենալով օգնել նման փորձության միջով անցնող մյուս ուկրաինացիներին։

XS
SM
MD
LG