Մատչելի հղումներ

Ինչպես են Հյուսիսային Մակեդոնիայում բացահայտել Կրեմլի քարոզչությունը


Ռուսական քարոզության մասին գրաֆիկա
Ռուսական քարոզության մասին գրաֆիկա

Հյուսիսային Մակեդոնիայից փորձագետների խումբը զեկույց է հրապարակել՝ առաջարկություններով, թե ինչպես պայքարել ռուսական ապատեղեկատվական մեքենայի դեմ

Հյուսիսային Մակեդոնիան, որը նախկինում խորհրդային ճամբարի երկրներից մեկի՝ Հարավսլավիայի կազմում էր, ընդամենը երկու միլիոն բնակչությամբ, դեպի ծով ելք չունեցող երկիր է, և սահմանակցում է ոչ միայն ՆԱՏՕ-ի ու Եվրամիության երկրներին, այլև Սերբիային։ Ինչպես հայտնի է, այս տարածաշրջանը վերջերս ենթարկվում է Մոսկվայի քարոզչական հարձակումներին և ապատեղեկատվական արշավներին։

Ռուս պաշտոնատար անձանց, ինչպես նաև Ռուս ուղղափառ եկեղեցու գործիչների հաճախակի այցելությունները, տարածաշրջանային լրատվամիջոցներում պաթոսով լի նրանց ելույթները՝ «սլավոնա-ուղղափառ եղբայրության» ու «ընդհանուր սոցիալիստական» անցյալի կարոտի թեմաներով՝ համեմված Սերբիայի և Հունգարիայի առաջնորդներ Ալեքսանդր Վուչիչի և Վիկտոր Օրբանի կողմից մակեդոնացիների մասին սադրիչ հայտարարություններով, աննկատ չեն մնացել երկրում։

Ուկրաինայում շարունակվող պատերազմի պայմաններում՝ Բալկաններում ռուսամետ ապատեղեկատվության և քարոզչության կտրուկ աճը բազմաթիվ մակեդոնացիների կողմից ընկալվեց «որպես երկրում Կրեմլի ազդեցությունը տարածող գործողություն»։

Արդյունքում՝ տարածաշրջանային հարցերով մի խումբ վերլուծաբաններ ձեռնամուխ եղան տեղեկատվական դաշտի լայնածավալ ուսումնասիրմանը՝ երկրում և նրա սահմաններից դուրս՝ ուշադրության կենտրոնում ունենալով ուկրաինական պատերազմի վերաբերյալ Կրեմլի հիմնական քարոզչական պատումները, որոնք առկա են ոչ միայն Հյուսիսային Մակեդոնիայի, այլև ողջ հարավարևելյան Եվրոպայի առցանց տարածքում։

Հետազոտողների հիմնական եզրահանգումները

Այդ հետազոտությունն ընդգրկում է «ռուսական տեղեկատվական զորքերի» գործունեության ամենաակտիվ շրջանը՝ 2022 թվականի մարտից մինչև 2023 թվականի փետրվար, այսինքն՝ Ուկրաինայի պատերազմի առաջին տարին։

Հետազոտողները հայտնաբերել են երկրում և տարածաշրջանում հօգուտ Կրեմլի գործող քարոզչական անհավանական ճյուղավորված ցանց, գործում է բազմաթիվ ալիքների միջոցով։

Վերլուծության արդյունքում փորձագետներին ակնհայտ է դարձել տարածաշրջանում Կրեմլի նպատակը, այն է՝ հասարակություններում հրահրել պառակտում, խարխլել վստահությունը ժողովրդավարական ինստիտուտների և ԶԼՄ-ների նկատմամբ, անվտանգության հարցերում քաղաքացիների շրջանում սերմանել անվստահություն։

Պարզ են դարձել նաև Մոսկվայի ռազմավարական նպատակները՝ խոչընդոտել Հյուսիսային Մակեդոնիայի և տարածաշրջանի եվրաատլանտյան ինտեգրմանը և հետագայում մեծացնել ազդեցությունը տարածաշրջանային երկրների ընտրությունների նկատմամբ։

Այս ամբողջ ժամանակահատվածում ռուսամետ բլոգները հեղեղված էին տարբեր մակարդակի կրեմլյան պաշտոնյաների և Պուտինի հայտարարությունների քննարկմամբ։

Տեղական առցանց ռեսուրսներում առավել հաճախ հիշատակվում էին Մարիա Զախարովան, Սերգեյ Լավրովը, Դմիտրի Մեդվեդևը և Ռամզան Կադիրովը։ Այդ նպատակով օգտագործվել են ռուսական պետական լրատվամիջոցների հաղորդագրությունները կրկնօրինակող «տեղեկություններ», ինչպես նաև Հունգարիայի վարչապետ Օրբանի և Սերբիայի նախագահ Վուչիչի առավել ագրեսիվ, ռուսամետ հայտարարությունները։

Կրեմլի պատումների մեծ մասը աջակցություն էր ստանում տեղական ռուսամետ, ազդեցիկ անձանց կողմից։

Իրենց հետազոտությունում հեղինակները անդրադարձել են «Facebook»-ում բովանդակության համակարգված և զանգվածային տարածման բազմաթիվ դեպքերի՝ լավ կարգավորված ռուսամետ ենթակառուցվածքի միջոցով։

Վերլուծաբանների տվյալներով, մեկ տարի տևած ազդեցության տարածման այդ արշավի համար Մոսկվան օգտագործել է. կառավարական հաղորդակցության խողովակներ։ Ապատեղեկատվության տարածողի գլխավոր դերում հանդես են եկել Ռուսաստանի արտգործնախարարության կառույցները, ռուսական պետական ֆինանսավորմամբ գործող կեղծ հաղորդագրություններ տարածող հայտնի կենտրոնը, և բոլոր այդ հաղորդագրությունները, տեղեկությունը բազմացվել ու տարածվել են տեղական բլոգերների և առցանց-;րատվամիջոցների կողմից՝ սոցցանցերի տարածաշրջանային հատվածները վերածելով տեղեկատվական մարտադաշտի։

Հյուսիսային Մակեդոնիայում ռուսական ազդեցության հայեցակարգը հիմնված էր յուրատեսակ «փափուկ ուժի» կիրառման վրա՝ «սլավոնա-ուղղափառ եղբայրության» խթանման և Ռուս ուղղափառ եկեղեցու ազդեցության աճի, Ռուսաստանի «սլավոն և ուղղափառ եղբայրների» հետ, այսպես կոչված, «ընդհանուր արժեքների և արմատների» վերաբեյալ գաղափարների առաջ մղման միջոցով, որոնք «որևէ առնչություն չունեն արևմտյան աշխարհի և ԱՄՆ-ի հետ»՝ նման կերպ ստեղծելով հասարակական հակազդեցություն Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին։

Գլխագրերի և հոդվածների բովանդակային վերլուծությունը բացահայտեց մի տհաճ փաստ։ Չնայած հասկանալի էր, որ ռուս պաշտոնատար անձինք՝ օրինակ, Պուտինը և արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հաճախ ստում են, տեղական լրատվամիջոցները, այնուամենայնիվ, շարունակում էին վկայակոչել նրանց։

Ի՞նչ թեզեր և պնդումներ է օգտագործել Կրեմլի քարոզչությունը տարածաշրջանում։

Ուկրաինայում ռուսական ագրեսիայի առաջին տարում Կրեմլի քարոզչությունը Հյուսիսային Մակեդոնիայում ուղղված էր՝ ագրեսիայի արդարացմանը, Ուկրաինան ներկայացնել որպես «սպառնալիք Ռուսաստանի գոյության համար՝ Արևմուտքին մոտ գտնվելու և ուկրաինանական նացիզմի պատճառով», Ուկրաինայում կենսաբանական զենքի մշակման լաբորատորիաների մասին դավադրական տեղեկատվության տարածմանը, անցյալի հանդեպ կարոտին և Հարավսլավիայի իրադարձությունների հետ կապված շահարկումներին, համեմատականների անցկացմանը՝ Կոսովոն Սերբիա է, Դոնբասը՝ Ռուսաստան, ներկայացնելու այնպիսի պատկեր, որ պատժամիջոցները «ավելի շատ վնասել են Արևմուտքին, քան Ռուսաստանին, մինչդեռ Ռուսաստանը գործնականում չի տուժել»։

Այդ պատումը մատուցվում էր, ասյպես կոչված, «ծուռ հայելու» միջոցով՝ պնդելով, թե «տնտեսական պատժամիջոցներն ինքնին խնդիր են, ոչ թե Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի հետևանք»։ Այդպիսով, նպատակ կար սրել հակաարևմտյան տրամադրությունները, ստեղծել այն ընկալումը, որ «Արևմուտքը ցանկանում է ոչնչացնել Ռուսաստանը՝ նրա ուղղափառ աշխարհայացքի պատճառով»։

Պատերազմի առաջին վեց ամիսների վերլուծությունը ցույց է տվել, որ Կրեմլն իր պնդումներով փորձում էր Ուկրաինան ներկայացնել «պարտվողի» դերում, և որ Արևմուտքն է պատասխանատու պատերազմի համար։

Հաջորդ կես տարվա ընթացքում արձանագրվել է Կրեմլի մարտավարության փոփոխություն՝ ռազմական հռետորաբանությունից անցնելով կրոնական և առասպելական թեմաների։ Հիմնական շեշտը դրվում էր «ռուսների և մակեդոնացիների միջև ամուր բարեկամական և եղբայրական հարաբերությունների ամրապնդման վրա»՝ որպես կապող օղակներ ներկայացնելով ուղղափառությունն ու եկեղեցին։ Դրան հետևեցին այն թեզերը, որ «Արևմուտքն է ստիպել Ռուսաստանին հարձակվել Ուկրաինայի վրա, և ահա այժմ, իբր, Ուկրաինան տանուլ է տալիս պատերազմը»։

Հատկանշական է, որ այս երկու ժամանակաշրջաններում էլ ամենից հաճախ կրկնվող ապատեղեկատվական պատմությունները դավադրական տեսություններն էին՝ «Ուկրաինայում կենսաբանական զենքի լաբորատորիաների» մասին, ինչպես նաև ընթերցողների, ունկնդիրների և հեռուստադիտողների շրջանում սերմանվող այն թեզը, թե «ուկրաինացիները նացիստներ են»։

Նշված ժամանակաշրջանների հիմնական տարբերությունն այն էր, որ եթե 2022 թվականի գարնանն ու ամռանը սոսկ պատմությունների, թեմաների «առաջ մղում էր», ապա աշնանը և ձմռանը ավելի հաճախ տարածվում էր իրական գործողությունների և իրադարձությունների մասին ապատեղեկատվություն։

Որո՞նք էին տարածաշրջանի տեղեկատվական դաշտում քարոզչության տարածման հիմնական ուղիները։

Հետազոտությունը ցույց է տվել, որ «Facebook» -ում գոյություն են ունեցել լավ զարգացած և համակարգված ցանցեր, որոնք ուժեղացնում են ռուսական քարոզչությունը, ապատեղեկատվությունը և շահարկումները։ Այդ ցանցերը, որոնք առաջին հայացքից կազմված էին անկախ օգտահաշիվներից, տարածում են ծայրահեղ աջ և ազգայնական գաղափարախոսություն՝ հասարակության մեջ բորբոքելով պառակտիչ, այլատյաց և ազգայնական տրամադրություններ։

Գործել են բազմաթիվ անանուն հարթակներ, որոնք տարբեր ժամանակներում նպաստել են ռուսական քարոզչության ու ապատեղեկատվության տարածմանը՝ որպես աղբյոր օգտագործելով նաև «Facebook»-ում տեղ գտած հրապարակումները։

Վերլուծությունը նաև ցույց է տվել, որ հրապարակումներում կիրառվող ոճը ևս նպաստել է Կրեմլի քարոզչության տարածմանը։

Կայքէջերից և սոցցանցերի էջերից կազմված ռուսամետ ցանցերի գործունեությունը ի վերջո հանգեցրել է «լուրերի» գերարտադրության։

Կրեմլը օգտագործել է տարբեր մարտավարություններ, օրինակ՝ այսպես կոչված «համաշխարհային տեղեկատվական աշխարհազորի» և «Telegram»-յան ալիքների օգտագործում՝ քարոզչության ու ապատեղեկատվության տարածման, միաժամանակ՝ չբացահայտվելու նպատակով։

Վերոնշյալը բառացիորեն ողողել է տարածաշրջանի տեղեկատվական դաշտը մանիպուլյատիվ պնդումներով ու ստերով, և հանգեցրել ռուսական քարոզչության ու ապատեղեկատվության ազդեցության աճին Բալկաններում հասարակական կարծիքի վրա։

Ի՞նչ առաջարկություններ են արել մակեդոնացի հետազոտողները:

«[Նախ]՝ իշխանությունները, քաղաքական կուսակցությունները, գիտական շրջանակները, մասնավոր հատվածը, լրատվամիջոցները և մյուս շահագրգիռ կողմերը պետք է ընդունեն երկրում Ռուսաստանի վնասակար ազդեցության առկայությունը»,- համոզված են փորձագետները։

«Դրանից հետո պետք է մշակվեն, ընդունվեն և հետևողականորեն իրականացվեն օտարերկրյա չարամիտ ազդեցությանը հակազդելու և հասարակության մեջ հաղորդակցության զարգացման երկարաժամկետ ռազմավարական ծրագրեր», ասվում է հետազոտության մեջ։

Փորձագետներն առաջարկել են անհապաղ աշխատանքներ սկսել ռազմավարական հաղորդակցությունների անկախ կառույցի ստեղծման ուղղությամբ, որը կպաշտպանի ազգային շահերը և կխթանի եվրաատլանտյան ինտեգրման գաղափարը, ինչպես նաև կզբաղվի ապատեղեկատվության դեմ պայքարի և արտաքին վնասակար ազդեցության խնդիրներով։

Նրանք պնդում են՝ այդ գործողություններն անհրաժեշտ է հրատապ իրականացնել՝ Հյուսիսային Մակեդոնիայի ռազմավարական դաշնակիցների հետ սերտ համագործակցության միջոցով՝ հիմնվելով ՆԱՏՕ-ի ու Եվրամիության, ինչպես նաև դրանց անդամ-պետությունների փորձի և լավագույն գործելակերպի վրա։

Հիմնական առաջարկությունները, որոնք պետք է կիրառվեն ոչ միայն Հյուսիսային Մակեդոնիայում և Բալկաններում, այլև Կրեմլի տեղեկատվական արշավներին ենթարկված այլ տարածաշրջաններում, հետևյալն են՝

վնասակար ազդեցության հայտնաբերման և տվյալների հուսալի հավաքման համակարգի մշակում՝ նման արտաքին ազդեցության հետագա վերլուծության համար, որը պետք է նպաստի Կրեմլի վնասակար ազդեցության խորը ընկալմանը, վնասակար ազդեցության ընթացիկ և նորահայտ սպառնալիքների գնահատման համակարգի ստեղծում,

Կրեմլի ապատեղեկատվական գործողությունների վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացում, ինչպես նաև տեղեկատվական սադրանքների նկատմամբ հասարակության դիմակայունության ամրապնդում,

սեփական հակափաստարկների ստեղծում՝ նախապես մշակված արագ արձագանքման մեխանիզմի միջոցով, այդ ոլորտում միջազգային սերտ համագործակցության հիմնում՝ բոլոր շահագրգիռ կողմերի, ոչ միայն Եվրամիության դաշնակիցների հետ,

տեղական հետաքննական լրագրության զարգացում, որը կնպաստի հասարակության մեջ քննադատական մտածողության ձևավորմանը,

Ուկրաինայի դեմ շարունակվող ռուսական ագրեսիայի լուսաբանման ընթացքում մատնանշել այն փաստը, որ Ռուսաստանն է սանձազերծել պատրեազմը,

հանրության շրջանում իրականացնել մեդիագրագիտության արշավ՝ բացատրելով, որ արտագրությունը չի կարելի համարել լրագրություն,

բացատրել հանրությանը, որ ռուս պաշտոնատար անձանց պնդումների և հայտարարությունների անգամ պարզ հրապարակումը՝ առանց համապատասխան համատեքստի ներկայացման կամ վերլուծության, օգնում է ստի տարածմանը։

XS
SM
MD
LG