Մատչելի հղումներ

Աֆրիկյան 54 երկրներից 38-ն հրաժարվել են իրենց առաջնորդներին ուղարկել Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողով


Ռուսաստան-Աֆրիկա գագաթնաժողովը Սոչիում
Ռուսաստան-Աֆրիկա գագաթնաժողովը Սոչիում

Գագաթնաժողովը կանցկացվի հուլիսի 27-28-ը Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում։

Աֆրիկյան երկրների ղեկավարների մեծ մասը հրաժարվել է մասնակցել Ռուսաստան-Աֆրիկա գագաթնաժողովին, որը տեղի կունենա հուլիսի 27-28-ը Սանկտ Պետերբուրգում` Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ։ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովի խոսքով, աֆրիկյան 54 երկրներից միայն 17-ը ներկայացված կլինեն պետությունների ղեկավարների մակարդակով։ Աֆրիկյան տասը երկրների պատվիրակությունները կգլխավորեն վարչապետները։ Գագաթնաժողովի մասնակիցների գրեթե կեսը պատվիրակություններ է ուղարկել ավելի ցածր մակարդակով. 17-ը գլխավորում են փոխվարչապետերն ու նախարարները, հինգը կներկայացնեն դեսպանները, ևս հինգը հրաժարվել են մասնակցել միջոցառմանը։

Այդ մասին գրում է «Moscow Times»-ը։

Մինչդեռ Ռուսաստանի արտգործնախարարության հատուկ հանձնարարություննռրի գծով դեսպան Օլեգ Օզերովը «РИА Новости»-ին փոխանցել է, որ գագաթնաժողովի հրավերներ են ուղարկվել աֆրիկյան բոլոր պետությունների ղեկավարներին։ Նրա խոսքով, Մոսկվայում ըմբռնումով են մոտենում նրանց, ովքեր որոշել են չգալ։

Վլադիմիր Պուտինը կհանդիպի աֆրիկյան յուրաքանչյուր առաջնորդի, ով ներկա կգտնվի գագաթնաժողովին։ Ուշակովի խոսքով, նախատեսված են Ռուսաստանի նախագահի բանակցությունները Եգիպտոսի, Մոզամբիկի, Բուրունդիի, Զիմբաբվեի, Ուգանդայի, Էրիթրեայի, Կենտրոնաֆրիկյան Հանրապետության, Լիբիայի, Կամերունի, Սենեգալի, Հարավային Աֆրիկայի, Բուրկինա Ֆասոյի, Գվինեա-Բիսաուի, Մալիի և Կոնգոյի ղեկավարների հետ։

Հուլիսի 28-ին Պուտինը ելույթ կունենա գագաթնաժողովում, ուր կխոսի «բազմաբևեռության և հավասարության» վրա հիմնված «նոր աշխարհակարգի» ձևավորման մասին` ասել է Ուշակովը։

Օրերս Պուտինը հանդես եկավ մի հրապարակմամբ, ուր աֆրիկյան երկրներին հիշեցրել է խորհրդային տնտեսական և տեխնիկական աջակցության մասին, խոսել է ռուս-աֆրիկյան բարեկամության «ամուր և խորը արմատների» մասին և աֆրիկյան երկրներին «արժանի տեղ» խոստացել «նոր աշխարհում»։

Ռուսաստան-Աֆրիկա գագաթնաժողովն անցկացվում է երկրորդ անգամ, առաջինը 2019 թվականին էր Սոչիում։ Այն ժամանակ երկրներից ոչ մեկը չէր մերժել հրավերը, և 45 պատվիրակություն ղեկավարում էին նախագահներն ու վարչապետները։ Այս տարի դրանք ընդամենը 27-ն են։

Չորս տարի առաջ Սոչիի առաջին գագաթնաժողովում Ռուսաստանի նախագահը աֆրիկյան երկրներին խոստացել էր կրկնապատկել ապրանքաշրջանառությունը՝ մինչև 40 միլիարդ դոլար։ Սակայն, փաստորեն, առևտրի ծավալը ոչ միայն չի ավելացել, այլև` նվազել է` կազմելով 18 միլիարդ դոլար։ Պուտինն այս թիվը մեջբերել է վերջերս հրապարակված իր հոդվածում։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանին բաժին է ընկնում Աֆրիկա եկող օտարերկրյա ներդրումների միայն մեկ տոկոսը, նույնիսկ Մավրիկիոս կղզին ավելի շատ ներդրումներ է կատարում` գրում է «Fortune»-ը։

XS
SM
MD
LG