Մատչելի հղումներ

Մասաչուսեթսի նահանգապետն ԱՄՆ-ի նախագահի ուշադրությունն է հրավիրել Լեռնային Ղարաբաղում ստեղծված մարդասիրական ճգնաժամին


ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի նահանգապետ Մորա Հիլի
ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի նահանգապետ Մորա Հիլի

ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի նահանգապետ Մորա Հիլին նամակով դիմել է նախագահ Ջո Բայդենին՝ Լաչինի միջանցքի փակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված կացության կապակցությամբ:

Ընդգծելով, որ Մասաչուսեթսն ամերիկահայերով բնակեցված երկրորդ խոշոր նահանգն է՝ Մորա Հիլին նախագահ Ջո Բայդենին կոչ է արել գտնել հնարավոր բոլոր ուղիները՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին մարդասիրական աջակցություն ցուցաբերելու համար և շարունակել շրջափակումը վերացնելուն ուղղված դիվանագիտական ջանքերը:

Նահանգապետը Սպիտակ տան վարչակազմին հորդորել է օգտագործել հնարավոր գործիքակազմը՝ ԼՂ անվտանգությունն ապահովելու և Հայաստանին աջակցելու համար։

Հիլը մտահոգություն հայտնել 120 հազար հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղում ահագնացող մարդասիրական ճգնաժամի կապակցությամբ։ Խոսել է սննդամթերքի, դեղորայքի և այլ անհրաժեշտ ապրանքների մատակարարումների դադարեցման և մարդկանց ազատ տեղաշարժի՝ ամիսներ շարունակվող անհնարինության մասին՝ ահազանգելով, որ հայերը կարող են ենթարկվել երկրորդ ցեղասպանության։

Նահանգապետը հիշեցրել է նաև Լաչինի միջանցքը բացելու՝ Արդարադատության միջազգային դատարանի պահանջների և այդ ճանապարհով ազատ տեղաշարժը ապահովելու Ադրբեջանի պարտավորությունների մասին։

XS
SM
MD
LG