Ռուսաստանը դադարեցրել է իր մասնակցությունը ուկրաինական նավահանգիստներից հացահատիկի և սննդամթերքի անվտանգ տեղափոխման «սևծովյան հացահատիկի գործարքին»:
Այս մասին երկուշաբթի հայտնել են Կրեմլում։
Անցած հուլիսին ՄԱԿ-ի և Թուրքիայի միջնորդությամբ ձեռքբերված համաձայնությունը նպատակ ուներ մեղմել պարենային համաշխարհային ճգնաժամը: Համաձայնագիրը թույլ էր տալիս անվտանգ արտահանել ուկրաինական հացահատիկը, որի փոխադրումն արգելափակվել էր Ուկրաինա ռուսական լայնամասշտաբ ներխուժման հետևանքով։
Նախաձեռնությունը մի քանի անգամ երկարաձգվել է, և երկարաձգված հերթական ժամկետի ավարտը հուլիսի 17-ին էր։ Կրեմլում ամիսներ շարունակ հայտարարում էին, որ գործարքի պայմանները չեն պահպանվում։
«Այսօրվանից Սև ծովի վերաբերյալ համաձայնագրերը դադարել են գործել»,- լրագրողներին ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը և հավելել. «Ցավոք սրտի, սևծովյան այդ համաձայնագիրը՝ Ռուսաստանի մասով տակավին չի կատարվել, ուստի դրա գործողությունը դադարեցվել է»:
Մոսկվան տևական ժամանակ բողոքում է ռուսական հացահատիկի և պարարտանյութերի արտահանման առջև կանգնած խոչընդոտներից, և մի շարք պահանջներ է առաջ քաշել:
«Երբ համաձայնությունների ռուսական մասը կատարվի, ռուսական կողմն անմիջապես կվերադառնա այդ գործարքի իրականացմանը»,- ընդգծել է Պեսկովը։
Նրա խոսքով, պայմանագիրը չերկարաձգելու որոշումը կապ չունի Ղրիմի կամրջին գիշերը հասցված հարվածի հետ, որը Պեսկովը «ահաբեկչական գործողություն» է անվանել՝ մեղադրելով Ուկրաինային։
Ուկրաինացի զինվորականները ներկայացմամբ, հարձակումը կարող էր լինել հենց Ռուսաստանի սադրանքը, սակայն ուկրաինական լրատվամիջոցները, վկայակոչելով
իրենց աղբյուրներին, հայտնում են, որ միջադեպի հետևում Ուկրաինայի անվտանգության ծառայությունն է։
«Սրանք [միմյանց հետ] բոլորովին կապ չունեցող իրադարձություններ են։ Դեռ ահաբեկչությունից առաջ այդ դիրքորոշման մասին հայտարարել էր նախագահ Պուտինը»,- նշել է Պեսկովը։
Մինսկում գտնվող իր դեսպանատան միջոցով Ռուսաստանը պաշտոնապես ծանուցել է Ուկրաինային՝ սևծովյան հացահատիկի գործարքը կասեցնելու մասին՝ երկուշաբթի հայտարարել է Բելառուսում Ռուսաստանի դեսպան Բորիս Գրիզլովը։ Նրա խոսքով, դիվանագիտական խողովակով տեղեկացվել է, որ գործարքը կդադարեցվի հուլիսի 18-ից։
«Սևծովյան համաձայնագիրը կարևոր նշանակություն ունի մի շարք երկրների պարենային անվտանգության համար, և դրա կորուստը կխորացնի խնդիրներն աղքատ երկրներում»,- ասել է միջազգային առևտրի և տնտեսական զարգացման գծով պրոֆեսոր Սայմոն Էվենեթը։
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունն այս ամիս հայտարարել էր, որ 45 երկրներ պարենային օգնության կարիք ունեն, և պարենամթերքի բարձր գները կարող են սովի են մատնել այդ երկրների բնակչությանը:
Ստամբուլի կնքված գործարքի համաձայն, սևծովյան հացահատիկի նախաձեռնությունը հնարավորություն է տվել ուկրաինական երեք նավահանգիստներց արտահանել 32,9 միլիոն տոննա հացահատիկ և պարենային այլ ապրանքներ։ Կեսից ավելին գնացել է զարգացող երկրներ:
Հացահատիկի նոր գործարքի հավանականությունը
Հացահատիկի գործարքից դուրս գալու մասին Մոսկվայի հայտարարությունը բացասական արձագանք է առաջացրել ողջ աշխարհում։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենն այդ որոշումը «ցինիկ քայլ» է անվանել։ Նրա խոսքով, Եվրամիությունը կշարունակի ինքնուրույն աշխատել՝ ապահովելու ցածր եկամուտ ունեցող երկրների պարենային անվտանգությունը։
Ավելի վաղ, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը «CBS»-ի հետ զրույցում ասել էր, որ հացահատիկի գործարքից Ռուսաստանի դուրս գալը Մոսկվայի վրա թանկ կնստի․«Եթե նրանք դուրս գան գործարքից, աշխարհը կնայի և կասի, որ Ռուսաստանին չի հետաքրքրում, որպեսզի Հարավային Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի և Ասիայի երկրները կարողանան մատչելի սնունդ ստանալ»։
Ըստ վերլուծաբանների, հացահատիկի գործարքի կասեցումը կարող է ողջ աշխարհում, հատկապես՝ աղքատ երկրներում պարենային ապրանքների գների աճի պատճառ հանդիսանալ։ Ուկրաինան ու Ռուսաստանը հացահատիկի և այլ պարենային ապրանքների խոշորագույն արտահանողներից են։
Այս ամենի ֆոնին՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ չի կորցնում փոխզիջման հասնելու հույսը, և որ երկուշաբթի նախատեսված է Թուրքիայի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումը։
Տնտեսագետ Մաքսիմ Բլանտի խոսքով․ «Պուտինը երկընտրանքի առաջ էր՝ կա՛մ պետք է խորտակել թուրքական նավերը, կամ վերադառնալ հացահատիկի գործարքին։ Նա ընտրեց երկրորդ տարբերակը, որը ապացուցում է՝ Ռուսաստանի ղեկավարությունում ոչ ոք ցանկություն չունի ամբողջությամբ փչացնել հարաբերությունները Թուրքիայի հետ՝ ներքաշվելով ՆԱՏՕ-ի հետ պատերազմի մեջ»։
Տնտեսագետ Սեմյոն Նովոպրուդսկիի ներկայացմամբ, Պուտինը դուրս եկավ գործարքից, քանզի շանտաժը տակավին պուտինյան ռեժիմի հիմնական զենքն է՝ Ուկրաինայում նոր ռազմական հաղթանակների հասնելու անհնարինության և պատերազմը կասեցնելու ցանկության բացակայության պատճառով․ «Բայց եթե Ռուսաստանի պահանջները կատարվեն, Պուտինը կհասկանա, որ շանտաժն աշխատում է և կկիրառի այն պատերազմին վերաբերող այլ հարցերի առնչությամբ։ Դիվանագիտական գինը, որի մասին ԱՄՆ-ն հայտնել է Ռուսաստանին, վաղուց չի անհանգստացնում Մոսկվային։ Միևնույն ժամանակ, հարկ է հիշեցնել, որ ի սկզբանե Ուկրաինայի, ՄԱԿ-ի և Թուրքիայի միջև հացահատիկի գործարքը կնքվել է առանց Մոսկվայի մասնկացության, և ցանկության դեպքում Անկարան կարող է շարունակել առաջ շարժվել՝ անկախ Ռուսաստանի արձագանքից»։