Ուկրաինական զինված ուժերը նոր տեսանյութ են հրապարակել ռազմաճակատից։ Արդյո՞ք պատերազմը մտել է փակուղի՝ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանին «ABC»-ի եթերում արձագանքել է. «Իրականում, ուկրաինական ուժերն առաջընթաց են գրանցում թե՛ արևելքում, թե՛ հարավում։ Մինչ այս հակահարձակումը՝ ասում էինք, որ դժվար է լինելու, և դժվար է: Պատերազմի բնույթն է այդպիսին, բայց ուկրաինացիները շարունակում են առաջ շարժվել»:
Սալիվանը վերահաստատել է Բայդենի վարչակազմի հանձնառությունը՝ Ուկրաինային տրամադրել անհրաժեշտ սպառազինություն։
Իր հերթին, ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը Հնդկաստան կատարած այցի ընթացքում խոսել է Ռուսաստանի ռազմական կարողությունը թուլացնելու քայլերի մասին․ «Կշարունակենք ջանքերը, որպեսզի Ռուսաստանը չկարողանա ստանալ ռազմական տեխնիկա և տեխնոլոգիաներ, որոնք նրան անհրաժեշտ են Ուկրաինայի դեմ պատերազմելու համար: Այս տարվա մեր հիմնական նպատակներից մեկը պայքարն է Ռուսաստանի քայլերի դեմ, որոնք ուղղված են մեր պատժամիջոցների շրջանցմանը»։
Թեև Վիլնյուսի գագաթնաժողովին ՆԱՏՕ-ի անդամները իրենց աջակցությունը հայտնեցին Կիևին, սակայն խուսափեցին որևէ հստակ ժամակացույց նշել՝ ալյանսին Ուկրաինայի անդամակցության համար:
Ատլանտյան խորհրդի վերլուծաբան Յան Բժեզինսկին ասում է․ «Եկեք չթերագնահատենք այն, ինչ ստացան ուկրաինացիները Վիլնյուսում։ Նրանք ստացան անվտանգության գծով երկարաժամկետ աջակցության հավաստիացում, ռազմական տեխնիկայի, զինամթերքի տրամադրման հանձնառություն»:
ԱՄՆ Կոնգրեսի հանրապետական սենատոր Դեն Սալիվանի համոզմամբ,
որպեսզի այդ աջակցությունը շարունակվի, ՆԱՏՕ-ի անդամները պետք է ընդլայնեն իրենց ֆինանսական հատկացումները:
«ՆԱՏՕ-ի կարողությունը հարցականի տակ է, որովհետև դաշինքի երեսունմեկ անդամներից միայն յոթն են կատարում իրենց պարտավորությունը՝
պաշտպանության ծախսերը հասցնել ՀՆԱ-ի 2%-ի մակարդակին: Եվ սա կարող է խնդիրներ ստեղծել անգամ Ուկրաինային ցուցաբերվող երկարաժամկետ ռազմական աջակցության համար»,- ասում է նա։
Այս ամենի ֆոնին՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն անցած շաբաթ հանդես եկավ ուշագրավ հայտարարությամբ, թե Ուկրաինան կարիք չի ունենա սպասել ՆԱՏՕ-ին անդամակցելուն, որպեսզի ստանա անվտանգության երկարաժամկետ երաշխիքներ:
Բայդենն, ըստ ամենայնի, նկատի ուներ աշխարհի ամենազարգացած տնտեսությունների՝ Մեծ յոթնյակի խոստացած աջակցությունը, որը վերաբերում է Կիևի ներկայիս և հետպատերազմյան կարիքներին։