Մատչելի հղումներ

Վիլնյուսի գագաթնաժողովում Ուկրաինան պնդելու է ՆԱՏՕ-ին անդամակցել ուղղությամբ 


Վիլնյուսում մեկնարկող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական հարցն է՝ արդյո՞ք Ուկրաինան պետք է միանա դաշինքին, թեև հարցի շուրջ քվեարկություն նախատեսված չէ։ ԱՄՆ-ն ու Գերմանիան անհանգստացած են, որ Կիևի անդամակցությունը կարող է ՆԱՏՕ-ին մղել Ռուսաստանի հետ ուղղակի առճակատման: Նախատեսված է Ուկրաինայի նախագահի մասնակցությունը գագաթնաժողովին։

Վիլնյուսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին այցելել է դաշինքին անդամ մի շարք երկրներ և ստորագրել երկկողմ համաձայնագրեր, որոնք իրենց աջակցությունն են հայտնում ալյանսին Կիևի անդամակցությանը, թեև գագաթնաժողովում այդ հարցով քվեարկություն նախատեսված չէ:

«Ոմանք դեռ հայացքներն ուղղում են Մոսկվայի կողմ, ոմանք վախենում են Ռուսաստանից, բայց կարծում եմ՝ սա դաշինքի կողմից խիզախություն և միասնություն դրսևորելու պահն է։ Խոսքը հստակ ազդանշաններ և հրավեր ուղարկելու մասին է»,- Չեխիայում հայտարարել է Զելենսկին։

Լիտվայի պաշտպանության նախկին նախարար, Եվրախորհրդարանի պատգամավոր Ռասա Յուկնևիչիենեն ասել է, որ ՆԱՏՕ-ի արևելաեվրոպական անդամները կողմ են Ուկրաինայի անդամակցությանը:

«Այդ շարքում են բալթյան երկրները, Լեհաստանը, Չեխիան, ես կասեի՝ ողջ արևելյան հատվածը, ովքեր միացել են ՆԱՏՕ-ին և հասկանում ու վայելում են այն, ինչ ստացել են այդ անդամակցությունից»,- ասել է նա։

Ի տարբերություն ՆԱՏՕ-ի անդամ շատ երկրների՝ ԱՄՆ-ն և Գերմանիան կարծում են, որ Ուկրաինան դեռ քաղաքական կամ ռազմական առումներով պատրաստ չէ անդամակցությանը, և նման քայլը կարող է ի վերջո դաշինքը ներքաշել Ռուսաստանի հետ ուղիղ հակամարտության մեջ:

Այս շաբաթ Եվրոպա մեկնելուց առաջ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտարարեց, որ Ուկրաինան դեռ պետք է որոշակի հիմքեր ստեղծի ՆԱՏՕ-ին միանալու համար:

«Վիլնյուսը կարևոր պահ կլինի անդամակցության ճանապարհին, քանի որ Միացյալ Նահանգները, ՆԱՏՕ-ի անդամ-երկրները և Ուկրաինան հնարավորություն կունենան քննարկել բարեփոխումները, որոնք դեռ անհրաժեշտ են Ուկրաինային՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանելու համար»,- ասել էր ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան։

ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պատրաստ է աջակցել Ուկրաինայի ձեռնարկած բարեփոխումներին՝ անվտանգության և պաշտպանական ոլորտներում:

Ուկրաինայի նախկին վարչապետ Արսենի Յացենյուկը պնդում է, որ Կիևը պատրաստ է անդամակցությանը, և այն օգուտ կբերի ՆԱՏՕ-ին։

«Ուկրաինան գործնականում չեզոքացրեց ռուսական ռազմուժը, և Ռուսաստանին մեկ տասնամյակ կպահանջվի Եվրոպայում իր ուժերը վերականգնելու և վերակառուցելու համար: Ուկրաինացի զինվորականների ունեցած հմտությունները, փորձը և մարտական պատրաստվածությունը պարզապես անփոխարինելի են: Ուստի, ՆԱՏՕ-ի անդամ երկրներին միանշանակ ձեռնտու է, որ Ուկրաինան լինի դաշինքի կազմում»,- ասել է նա:

Հարցումները ցույց են տալիս, որ ուկրաինացիների ավելի քան 80 տոկոսը ցանկանում է երկիրը տեսնել ՆԱՏՕ-ի կազմում: Յացենյուկն ասում է, որ ՆԱՏՕ-ի վիլնյուսյան գագաթնաժողովից իրենց ակնկալիքները պարզ են.

«Ուկրաինացի ժողովուրդն ակնկալում է, որ Վիլնյուսի գագաթնաժողովի ժամանակ Ուկրաինան գոնե ՆԱՏՕ-ին միանալու հրավեր կստանա: Միանգամայն իրատես եմ և հավատում եմ, որ ՆԱՏՕ-ի մեր գործընկերները քաղաքական կամք կգտնեն [նման քայլ կատարելու համար]»։

ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողովը կարող է պատմական լինել, կամ բաց թողնված հնարավորություն: Որոշ վերլուծաբաններ այն կարծիքին են, որ ալյանսը միջին տարբերակը կընտրի:

XS
SM
MD
LG