Մատչելի հղումներ

Վիլնյուսի գագաթնաժողովում ՆԱՏՕ-ն կոնկրետ քայլեր կձեռնարկի Չինաստանի նկատմամբ 


Անցած տարի Մադրիդում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին դաշինքն առաջին անգամ Չինաստանը ճանաչեց որպես մարտահրավեր իր անվտանգությանը: Հաջորդ շաբաթ, երբ ՆԱՏՕ-ի ղեկավարները կհանդիպեն Վիլնյուսում, այլանսը պատրաստվում է կոնկրետ գործողություններ ձեռնարկել Պեկինի ուղղությամբ:

ՆԱՏՕ-ի Հնդկական-խաղաղօվկիանոսյան գործընկերներ Ավստրալիան,Նոր Զելանդիան, Ճապոնիան և Հարավային Կորեան մասնակցելու են դաշինքի գագաթնաժողովին։

Պատերազմը Ուկրաինայի դեմ և լարվածությունը Թայվանի նեղուցում

Այս երկու կետերը աշխարհագրորեն հեռու են միմյանցից, բայց աշխարհաքաղաքական առումով փոխկապակցված։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն այս տարվա սկզբին Տոկիոյում հայտարարել էր. «Եթե նախագահ Պուտինը հաղթի Ուկրաինայում, այն ուղերձ կլինի, որ բռնապետական ռեժիմները բիրտ ուժի միջոցով կարող են հասնել իրենց նպատակներին: Սա վտանգավոր է։ Պեկինն ուշադիր հետևում է և դասեր քաղում, որոնք կարող են ազդել նրա ապագա որոշումների վրա»:

Եթե Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինը որոշի ներխուժել Թայվան, ապա ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-նկարող են ներքաշվել հակամարտության մեջ։

Անցած տարի ՆԱՏՕ-ի մադրիդյան գագաթնաժողովում ընդունված հայեցակարգում Չինաստանը բնութագրվեց որպես «համակարգային մարտահրավեր եվրաատլանտյան անվտանգությանը»:

Այս տարվա գագաթնաժողովում հայեցակարգը պետք է գործ դառնա

Թայվանի և նավագնացության ազատության վերաբերյալ մտահոգություններից զատ, ՆԱՏՕ-ն անհանգստացած է եվրոպական կարևորագույն ենթակառուցվածքներում (օրինակ, «5G» ցանցում) Պեկինի ընդլայնվող ներկայությամբ։

Ատլանտյան խորհրդի Անդրատլանտյան անվտանգության նախաձեռնության անդամ Անկա Աղաչիի խոսքով, չինական կիբեր և հիբրիդային գործունեություններն ու Եվրոպայում քաղաքական ազդեցությունը աճող մտահոգություն են:

Հնդկական-խաղաղօվկիանոսյան գործընկերներ Ավստրալիան, Ճապոնիան, Նոր Զելանդիան և Հարավային Կորեան անցալ տարի ևս մասնակցում էին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին:

«Հնդկական-խաղաղօվկիանոսյան այս երկրները Չինաստանի հետ համագործակցության եզակի փորձ ունեն և կարող են արժեքավոր հեռանկարներ ուրվագծել քննարկման համար»,- ասել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին։

Թեև դաշնակիցները համաձայն են ձևակերպման հետ, որ Չինաստանի ներկայացրած մարտահրավերն իրական է, այնուամենայնիվ, խնդրին առնչվող նրանց դիրքորոշումները տարբերվում են:

Եվրոպական շատ երկրներ մեծապես հենվում են չինական ներդրումների և Պեկինի հետ առևտրի վրա: Եվրամիության տվյալների համաձայն, Չինաստանին բաժին է ընկնում Հին աշխարհի արտահանման գրեթե 10%-ը ևներմուծման մոտ 20%-ը։

XS
SM
MD
LG