Մատչելի հղումներ

Փորձագետները քննարկում են Երևանի ու Բաքվի միջև վաշինգտոնյան բանակցությունների արդյունքները


Վերլուծաբաններն անդրադառնում են ԱՄՆ-ի միջնորդությամբ Բաքվի ու Երևանի միջև վերջին բանակցություններին: Միջազգային ճգնաժամային խմբի փորձագետ Օլեսյա Վարդանյանը և Chatham House հաստատության վերլուծաբան Լորենս Բրոյերսը խոսել են «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հետ

Վաշինգտոնում ավարտվեցին ԱՄՆ միջնոդությամբ Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցությունները, ուր կողմերը գրանցեցին որոշակի առաջընթաց՝ արձանագրելով, սակայն, «որ մի քանի առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները պահանջում են հետագա աշխատանք»:

«Որքան մոտենում ենք համաձայնության կայացմանը, այդքան որոշ դեպքերում գործընթացն ավելի է դժվարանում, քանի որ, ըստ սահմանման, ամենից դժվար հարցերը վերջում են»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ ամփոփելով վաշինգտոնյան բանակցությունները:

Բանակցային այս գործընթացը հանդիպեց նաև լուրջ մարտահրավերի. բանակցությունների ժամանակ Լեռնային Ղարաբաղում գրանցվեց ռազմական բախում, որի հետևանքով զոհվեցին չորս հայ զինծառայողներ: Երևանն ու Բաքուն փոխադարձ մեղադրանքներ հնչեցրեցին միմյանց հասցեին, իսկ Վաշինգտոնը խորը անհանգստություն հայտնեց այս առիթով:

Միջազգային ճգնաժամային խմբի ավագ վերլուծաբան Օլեսյա Վարդանյանը կարևորում է, որ հնարավոր դարձավ շարունակել ԱՄՆ-ի հովանու ներքո Բաքվի և Երևանի բանակցությունները՝ չնայած արձանագրված ողբերգական միջադեպի:

«Չափազանց կարևոր է շարունակել նման աշխատանքը, քանի որ այն պահին, երբ նրանք դադարեն խոսել, հավանականությունն ավելի է մեծանում առաջնագծում անկայունություն ունենալու համար»,- պնդում է վերլուծաբանը:

Նրա խոսքով, իր լավատեղյակ աղբյուրները վկայում են, որ այս պահին կողմերին հաջողվել է համաձայնության գալ պայմանագրի նախագծի շուրջ 40 տոկոսի շուրջ: Սակայն հիմնական հարցերի շուրջ համաձայնություններ այդպես էլ չկան. կողմերն այստեղ չեն ցուցաբերում փոխզիջման գնալու որևէ ցանկություն, պնդում է նա:

«Նրանք դեռևս պետք է անցնեն դժվարին մի ճանապարհ: Թեև այս փուլում մենք լսեցինք մասնակիցներից, որ առկա է որոշակի առաջընթաց, մենք այդպես էլ չենք լսել, որ այն [առաջընթացը] արձանագրվի զգայուն, ամենակարևոր հարցերի շուրջ, որոնք պետք է ներառվեն խաղաղության համաձայնագրում»,- նշել է Վարդանյանը:

Chatham House հաստատության վերլուծաբան Լորենս Բրոյերսը հնարավոր է համարում կողմերի միջև համաձայնությունը մի շարք խնդիրների, ներառյալ սահմանազատման, տարբեր մարդասիրական խնդիրների և տարածաշրջանային հաղոդակցության վերաբացման շուրջ: Սակայն բանացային գործընթացն, ըստ նրա, առերեսվում է մի շարք խոչընդոտներին: Արևմտյան և ռուսական բանակցային հարթակների ներդաշնակության բացակայության և հակամարտող կողմերի հանրային կարծիքի ճնշման հետ մեկտեղ Բրոյերսը Լեռնային Ղարաբաղի հետ կապված իրավիճակը դիտարկում է որպես գլխավոր խոչընդոտ:

«Ամենագլխավոր խոչընդոտը, ինչպես երևում է այժմ, հենց Ղարաբաղում և դրա շուրջ նոր իրականության հաստատումն է, ինչպես նաև այնտեղ քաղաքացիական բնակչության շարունակվող շրջափակումը և նոր էթնիկ զտումների հավանականությունն ու մտավախությունը: Եթե Ղարաբաղի հայ բնակչության արտահոսք լինի, ապա դա կչեղարկի Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական մակարդակով ձեռք բերված ցանկացած համաձայնություն»,- ասել է Բրոյերսը:

Վերլուծաբաններն ընդգծում են Բաքվի ու Լեռնային Ղարաբաղի հայության միջև երկխոսության կարևրությունը:

«Ոչ միայն Երևանից, այլև Բրյուսելից ու Վաշինգտոնից, շարունակաբար կոչեր են հնչում Բաքվի ու Ստեփանակերտի միջև որոշակի բանակցություններ սկսելու մասին: Իսկապես կարևոր է, որ Ադրբեջանի առաջնորդը հրապարակայնորեն երկու անգամ հայտարարել է, որ պատրաստ է գնալ դրան... Այդ խոստումը ոչ ոք մոռացության չի մատնել, բայց դա չափազանց դժվար խնդիր է»,- ասում է Վարդանյանը:

Բրոյերսը մատնաշում է այս երկխոսության իրականացման ճանապարհին առկա խորը տարաձայնությունները, ներառյալ փոխադարձ մեղադրանքները բանակցային օրակարգի ներկայացման, բանակցությունների վայրի ընտրության, միջազգային մասնակցության հարցերի շուրջ: Ադրբեջանը համաձայն չէ միջազգային դերակատարների մասնակցությանն այս երկխոսության ձևաչափում, քանի որ դիտարկում է Լեռնային Ղարաբաղի հայերին որպես իր սեփական քաղաքացիներ: Ստեփանակերտում էլ պնդում են, որ առանց միջազգային ներկայության գործընթացը անհամաչափ է, ասում է Բրոյերսը:

«Այն, ինչին ականատես եղանք վերջին օրերին, երբ ադրբեջանական ռմբակոծման արդյունքում զոհվեցին Ղարաբաղի չորս հայ զինվորականներ, ցավոք, վկայում է հարկադրման քաղաքականության ուղեգծի մասին: Իմ կարծիքով, դա հսկայական խոչընդոտ է միջպետական համաձայնության հասնելու համար: Չափազանց դժվար է պատկերացնել որևէ առաջընթաց ներկա պահին»,- ասում է Բրոյերսը:

Վաշինգտոնից հետո բանակցությունների հաջորդ փուլը Երևանի ու Բաքվի միջև նախատեսված է հուլիսի 21-ին Բրյուսելում, ուր Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ կհանդիպեն Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդները: Վերլուծաբանները չեն ակնկալում այստեղ որևէ պայամանգրի կամ համաձայնության ստորագրում: Ըստ Օլեսյա Վարդանյանի՝ բանակցային գործընթացի երեք գլխավոր հիմնախնդիրներից՝ Լեռնային Ղարաբաղի ապագա, սահմանազատում ու սահմանագծում և տրանսպորտային ուղիների վերաբացում, կողմերին հաջողվել է մասամբ մոտեցնել դիրքորոշումները միայն ճանապարհների ապաշրջափակման հարցում:

«Այնուամենայնիվ, շատ կարևոր է, որ առաջնորդները գնան այնտեղ և հանդիպեն միմյանց, քանի որ նման երկխոսությունը միանշանակ օգտակար է առնվազն միմյանց դիրքորոշումները հստակեցնելու հարցում: Դա նաև վերլուծման համար համապատասխան նյութ է տրամադրում միջազգային միջնորդներին, որպեսզի վերջիններս կարող լինեն գտնել նոր ուղիներ և հանդես գալ նոր ծրագրերով ու առաջարկներով»,- ասում է Վարդանյանը:

Լորենս Բրոյերսն էլ ընդգծում է՝ բրյուսելյան բանակցությունները Վաշինգտոնի քննարկումների շարունակությունն են: Դա մի գործընթաց է, որը կարելի է բնութագրել որպես «եվրոատլանտյան», , ասում է վերլուծաբանը: Նա Բրյուսելում սպասվող բանակցություններից չի ակնկալում բեկումնային որևէ հայտարարություն, այլ փոխարենը կարծում է, որ այն կարձանագրի այս գործընթացի կայուն շարունակականությունը:

XS
SM
MD
LG