Սպիտակ տանը հյուրընկալելով վարչապետ Մոդիին՝ նախագահ Ջո Բայդենը խոսել է ԱՄՆ ու Հնդկաստանի միջև առկա կապերի ամրության մասին․ «Վաղուց էի հավատում, որ ԱՄՆ և Հնդկաստանի հարաբերությունները կլինեն 21-րդ դարի ամենակարևոր հարաբերություններից մեկը»։
Մոդին արձագանքել է, թե նոր աշխարհակարգ է ձևավորվում․ «Այս ժամանակահատվածում Հնդկաստանի և ԱՄՆ-ի միջև բարեկամությունը կարևոր նշանակություն կունենա ողջ աշխարհի հզորության ամրապնդման գործում»։
Ամենամարդաշատ երկրի առաջնորդին ԱՄՆ-ն ջերմ ընդունելության է արժանացրել՝ Մոսկվայի հետ ընթացող հակամարտության և Պեկինի հետ աճող լարվածության ֆոնին:
Քննադատներն ասում են, որ Վաշինգտոնն այդ անում է մարդու իրավունքների հաշվին։ Բայդենը համաձայն չէ․ «Հիմնական պատճառներից մեկը, որ, իմ կարծիքով, Չինաստանի հետ ԱՄՆ հարաբերությունները տարբերվում են ԱՄՆ-Հնդկաստան հարաբերություններից, այն է, որ հարգանք գոյություն ունի միմյանց նկատմամբ, քանզի երկու երկրներն էլ ժողովրդավարական են»։
Մոդին հակադարձել է քննադատությանը, թե իր գլխավորած կառավարությունը թիրախավորում է կրոնական փոքրամասնություններին և լռեցնում քննադատներին․ «Հնդկաստանի և Ամերիկայի պարագայում ժողովրդավարությունը մեր ԴՆԹ մասն է: Ժողովրդավարությունը մեր ոգին է։ Այն հոսում է մեր երակներում»։
Ավելի քան յոթանասուն ամերիկացի օրենսդիրներ Բայդենին կոչ են արել Մոդիի հետ հանդիպմանը բարձրացնել մարդու իրավունքների և ժողովրդավարական արժեքների հարցը:
Այդ կոնգրեսականներից է դեմոկրատ սենատոր Բեն Քարդինը․ «Շատ կարևոր են Հնդկաստանի հետ ԱՄՆ հարաբերությունները: Բայց մենք պետք է այն ձևավորենք մեր արժեքների հիման վրա, և Հնդկաստանը պետք է ավելին անի՝ պաշտպանելու իր քաղաքացիների իրավունքները»։
Այդուհանդերձ, Մոդին հրավիրվել էր՝ ելույթ ունենալու Կոնգրեսի զույգ պալատների առջև, որը օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյաներին ցուցաբերվող բարձրագույն պատիվներից մեկն է: Լինելով Հնդկաստանի առաջին վարչապետը, որը երկու անգամ ելույթ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի զույգ պալատների առջև ՝ նա հատուկ հիշատակել է հնդկական ծագմամբ միլիոնավոր ամերիկացիներին․ «Նրանցից ոմանք հպարտորեն նստած են այս դահլիճում։ Իմ թիկունքում մեկն է, ով պատմություն է կերտել»։
Մոդին ընդգծել է պաշտպանության և զարգացող տեխնոլոգիաների ոլորտում երկկողմ համագործակցության կարևորությունը:
Ի պատիվ Հնդկաստանի վարչապետի հինգշաբթի երեկոյան մատուցվել է պաշտոնական ընթրիք՝ բուսական ուտեստներով: Մոդին բուսակեր է։