Վերջերս պաշտոնական Մինսկը հանդես եկավ հայտարարությամբ, թե երկրի տարածքում տեղակայվել են ռուսական առաջին միջուկային մարտագլխիկները։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի սպառնալիքը՝ կիրառել մարտավարական միջուկային զենք, «իրական է»։
Սպիտակ տան ղեկավարը նման հայտարարություն է արել Բելառուսում ռուսական միջուկային զենքի տեղակայման դատապարտումից օրեր անց։
Շաբաթ օրը Բայդենը «անպատասխանատու» է անվանել Պուտինի հայտարարությունն այն մասին, որ Ռուսաստանը մարտավարական միջուկային զենքի առաջին խմբաքանակն արդեն տեղակայել է Բելառուսում:
«Երբ մոտ երկու տարի առաջ այստեղ խոսում էի Կոլորադո գետի չորացման վերաբերյալ իմ մտահոգության մասին, բոլորն ինձ այնպես էին նայում՝ կարծես խելագար լինեի»,- երկուշաբթի Կալիֆոռնիայում՝ դրամահավաքի միջոցառմանը ասել է Բայդենը։
«Նրանք ինձ նույն կերպ էին նայում, երբ ասացի, որ անհանգստացած եմ Պուտինի կողմից միջուկային զենք կիրառելու [հնարավորությամբ]: [Այդ սպառնալիքն] իրական է»,- հավելել է Բայդենը։
Բելառուսի բռնապետ Ալեքսանդր Լուկաշենկոն անցած շաբաթ հայտարարեց, որ երկրում սկսվել է ռուսական մարտավարական միջուկային զենքի տեղակայումը:
Նրա խոսքով, որոշ մարտագլխիկներ երեք անգամ ավելի հզոր են, քան ԱՄՆ-ի կողմից 1945 թվականին Հիրոսիմայի և Նագասակիի վրա նետված ատոմային ռումբերը։
Խորհրդային Միության փլուզումից հետո, սա ռուսական միջուկային մարտագլխիկների առաջին տեղաշարժն է Ռուսաստանի սահմաններից դուրս։
Հիշեցնենք, որ մայիսին Ռուսաստանը հերքել էր Բայդենի հայտարարությունը Բելառուսում մարտավարական միջուկային զենք տեղակայելու իր ծրագրի վերաբերյալ՝ հավելելով, որ տասնամյակներ է, ինչ ամերիկյան նմանատիպ զենքը Եվրոպայում է:
Ռուսական միջուկային մարտագլխիկների տեղաշարժին ուշադիր հետևում են ԱՄՆ-ն, նրա դաշնակիցները և Չինաստանը, որը բազմիցս նախազգուշացրել է ուկրաինական պատերազմում միջուկային զենքի կիրառման անթույլատրելիության մասին: