Մատչելի հղումներ

Վաշինգտոնը հերքում է Իրանի միջուկային ծրագրի շուրջ միջանկյալ համաձայնության մասին լուրը


Միացյալ Նահանգները չորեքշաբթի հայտարարել է, որ միջուկային ծրագրի շուրջ Իրանի հետ համաձայնության մասին լուրերը «կեղծ են և ապատեղեկատվություն»:

Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը լրագրողներին փոխանցել է, որ Վաշինգտոնի դիրքորոշումն անփոփոխ է՝ Իրանը չի կարող միջուկային զենք ձեռք բերել, և ԱՄՆ-ն հետևում է Իրանում ուրանի հարստացման աշխատանքներին:

«Պարզապես կասեմ, որ տարբեր լրատվամիջոցներ հանդես են եկել մի շարք հրապարակումներով, որոնք մենք տեսել ենք, տարբեր համաձայնությունների կամ բանակցությունների մասին: Այդ հրապարակումների, ներառյալ՝ միջանկյալ համաձայնության մասին լուրերի ճնշող մեծամասնությունը կեղծ է, կամ ապակողմնորոշող»,- հայտարարել է Միլերը:

Այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները հետ կանչեց իր ստորագրությունը 2015 թվականի միջազգային համաձայնագրից, որը սահմանափակում էր Իրանի միջուկային ծրագիրը՝ պատժամիջոցների չեղարկման դիմաց, Թեհրանը ձեռնամուխ եղավ ուրանի ավելի բարձր աստիճանի հարստացմանը և ավելացրեց հարստացված ուրանի պաշարները:

Իրանը հայտարարել է, որ իր միջուկային ծրագիրն ունի բացառապես խաղաղ նպատակներ, և միջուկային զենք ստեղծելու որևէ նպատակ չկա:

«Ինչ վերաբերում է Իրանի հավակնություններին և քայլերին, դյուրահավատ չենք, բայց միշտ հավատացել ենք, որ դիվանագիտությունը լավագույն ճանապարհն է՝ կանխելու Իրանի ջանքերը միջուկային զենք ձեռք բերելը ուղղությամբ»,- ընդգծել է Միլլերը՝ հավելելով․ «Այդուհանդերձ, Միացյալ Նահանգները դիտարկում է բոլոր տարբերակները»:

Միջուկային համաձայնագիրը վերակենդանացնելու շուրջ բանակցությունները խափանվեցին անցած տարի, և Վաշինգտոնը հայտարարեց, թե այն առայժմ առաջնահերթ չէ:

XS
SM
MD
LG