Հրապարակված առաջին կադրերն են, որոնք պատկերում են, թե ինչպես են ամերիկացի զինվորականները վարժեցնում ուկրաինացիներին՝ Ռուսաստանի ներխուժումից հետո:
2022 թվականի ապրիլից ամերիկյան ուժերը ուսուցանել են ավելի քան 10 հազար ուկրաինացի զինվորականների։
Վարժանքներում ներգրավված են նաև այս երեք հրահանգիչները: «Ինձ համար շատ ճնշող էր։ Գիտեի, որ առաքելություն ունեմ, բայց վստահ չէի, թե ինչպես ենք այն իրականացնելու»,- ասում է հրահանգիչների խմբի հրամանատար Ջերի Գլասը։
Գերմանիայում ուսուցումը մեկնարկեց նույն ծրագրով, ինչ իրականացվում էր արևմտյան Ուկրաինայում 2015 թվականից, երբ ԱՄՆ Ազգային գվարդիայի ուժերը մարզում էին ուկրաինացի զինվորներին:
«Իմ առաջին աշխատանքային օրն էր, երբ իմացանք, որ պետք է մեկնենք Ուկրաինա»,- ասում է մայոր Ռայան Հագեմեյերը։
Ֆլորիդայի ազգային գվարդիայի «Task Force Gator»-ի մոտ 160 զինվորներ 2021 թվականի նոյեմբերին ժամանեցին Ուկրաինայի արևմուտքում գտնվող Յավորիվ քաղաքի մոտ տեղակայված ուսումնավարժական կենտրոն։
«Բարձր կարգի վարժանքներ էինք իրականացնում, երբ աշխարհաքաղաքական իրավիճակը փոխվեց, [արևմտյան] աջակցությունը սկսեց հոսել Ուկրաինա, և պետք է ուսուցանեինք, թե ինչպես օգտագործել նոր սպառազինությունը»,- պատմում է Հագեմեյերը:
Սակայն փետրվարի 12-ին, երբ ռուսական ուժերը կուտակվեցին սահմանին, հրահանգիչները հրաման ստացան՝ տարհանվել Ուկրաինայից: «Չէինք ցանկանում նրանց թողնել: Դժվար էր։ Բացատրում էինք, որ մեր ողջ առաքելությունը նրանց աջակցելն է»,- պատմում է մայորը։
«Անկեղծ ասած, երկու զինվոր եմ կորցրել մարտի դաշտում։ Ամենադժվար օրերից էր: Տխուր էր ու հիասթափեցնող»,- անկեղծանում է հրամանատար Ջերի Գլասը։
Ռուսաստանը 10 օր անց ներխուժեց Ուկրաինա։
Ուկրաինայի զինուժը հակահարված տվեց, որի ժամանակ կարևոր դեր ունեցան «Javelins» և «Stinger» հրթիռները: Դրանց վրա գրված էր՝ «Task Force Gator»-ն է վարժեցրել ուկրաինացիներին։
Անցած տարվա մարտի 13-ին Յավորիվի ուսումնավարժական բազան հրթիռակոծվեց։
«Արթնացա հեռախոսիս ձայնից: Նկարներում տեսա՝ այրվում են Յավորիվ քաղաքի կենտրոնական մասերը։ Մարդիկ կային, որոնց մենք ճանաչում էին և որոնք մահացան այդ առավոտ։ Դժվար էր այդ ամենի ականտեսը լինել»,- ասում է Գլասը։
Երկու ամիս անց, երբ ԱՄՆ-ն սկսեց ավելի զորեղ սպառազինություն ուղարկել Ուկրաինա, Գլասն ու նրա թիմը նոր հրաման ստացան:
Մայոր Հագեմեյերն ասում է, որ երբեք չի մոռանա Գրաֆենվյորի ուսումնական բազայի առաջին խմբին, որի մեջ կային ուկրաինացի զինվորներ և որոնց ճանաչում էր․ «Նրանց տեսանք սահմանին՝ պատերազմից հոգնած դեմքերով»։
Որոշ ուկրաինացի զինվորների ամերիկացիներն օգնել են գտնել ընտանիքներին։ Ուկրաինացի Յուջինը լուսանկարվել էր՝ կնոջ՝ Նինայի և փոքրիկ որդու հետ վերամիավորման պահին: Նինան չէր կարողանում թաքցնել հուզմունքը․ «Ուրախ եմ, որ ունեմ այն, ինչ կա այս պահին»:
«Կնոջդ և երեխայիդ դիպչելը կյանքում ամենակարևոր բանն է: Այն ինձ և այլ զինվորների, ովքեր բախտ են ունեցել տեսնել իրենց ընտանիքներին, ուժ տվեց»,-ասում է Յուջինը։
Գերմանիայում վարժաքների շրջանակն ընդլայնվեց․ սկսեցին ուսուցանել ինչպես կիրառել «HIMARS» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը և մոտ մեկ տասնյակ այլ զինատեսակներ:
Մայոր Ռայան Հագեմեյերն ընդգծում է․ «Բոլորը մի տեսակ զարմացած էին, որ ուկրաինացիները տակավին կռվում են: Բոլորը, բացի մեզնից։ Մենք ձեռք ձեռքի տված աշխատել էինք այս տղաների հետ։ Նրանք լավ են պատրաստված»։
Տևական ժամանակ անց ամերրիկացի հրահանգիչների հաջորդ խումբը ստանձնել է իր առաքելությունը: