Հայաստանի ու Ադրբեջանի միջև այսօր առկա է խաղաղության հասնելու իրական հնարավորություն՝ «Ամերիկայի Ձայնի» հայկական ծառայությանը տված հացազրույցում հայտարարել է ամերիկացի նախկին բարձրաստիճան դիվանագետ, Կովկասյան հարցերով նախկին բանագնաց, դեսպան Ֆիլիպ Ռիքերը:
«Երկու առաջնորդները պետք է հանդիպեն և լսեն միմյանց, խոսեն միմյանց հետ, որքան հնարավոր է շատ ներգրավվեն երկխոսության մեջ, որպեսզի ավելի լավ հասկանան միմյանց, հասկանան, թե որ ուղղությամբ են շարժվում և ինչ մտահոգություններ կան»,- ասում է Ռիքերը:
Նրա պնդմամբ, անվտանգության ապահովումը Հարավային Կովկասում կստեղծի լայն հնարավորություններ՝ տարածշրջանում առևտրի, էներգետիկ ծրագրերի, ենթակառուցվածքների զարգացման համար:
«Օրինակ, տրանսպորտի առումով՝ այն կնպաստի այս կարևոր աշխարհագրական տարածաշրջանի զարգացմանը, որի միջոցով Կենտրոնական Ասիան կկապվի Սև ծովի հետ՝ ստեղծելով կարևոր առևտրային հնարավորություններ, որոնք տարածաշրջանում օգուտ կբերեն բոլորին»,- պնդում է նա:
Հարավկովկասյան այս երկարամյա հակամարտությունը ողբերգոթյուն է՝ գտնում է Ռիքերը: Այն խլել է բազմաթիվ կյանքեր, պատճառել կորուստներ, տասնամյակներով չեզոքացրել զարգացման հնարավորությունները։ Ըստ նախկին դիվանագետի, միջազգային հանրությունը մեծ ջանքեր է գործադրում՝ կողմերի միջև երկարատև, կայուն խաղաղության հասնելու համար:
«Ինչպես տեսնում եք՝ պետքարտուղար [Բլինքենն] անձամբ հանձնառու է [առաջ մղել] գործընթացը: Նա աջակցում է նաև մյուսներին, օրինակ՝ կողմերի առաջնորդներին՝ համախմբելու Եվրոպական խորհրդի նախագահ Միշելի ջանքերը՝ հնարավորություն ստեղծելով [Հայաստանի ու Ադրբեջանի համար] առաջ շարժվել խաղաղ ճանապարհով»:
Ռիքերի փոխանցմամբ, իր պաշտոնավարման տարիներին հորդորել է կողմերին հետ քաշել զորքերը:
«Սահմանային՝ լեռնային շրջաններում երիտասարդ զինվորականները գտնվում են միմյանց շատ մոտ, որն անխուսափելիորեն հանգեցնում բախումների։ Ոչ ոք ոչինչ չի շահում։ Իսկ սահմաններն, իհարկե, պետք է սահմանազատվեն և սահմանագծվեն, և այն շարունակական գործընթացի մի մաս է»:
«Կառուցողական» որակելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու Հայաստանի վարչապետ Փաշինյանի հայտարարությունները՝ նախկին դիվանագետն ընդգծում է՝ խաղաղության համաձայնագիրը պետք է ներառի տարբեր հայեցակարգեր․ ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը դրա մի մասն են: Նա նաև կարևորում է Լեռնաին Ղարաբաղում ապրող ժողովրդի անվտանգության ու իրավունքների հարցերը, որոնք, ըստ նրա, Բաքուն պետք է քննարկի վերջիններիս հետ: Նախկին դիվանագետը գտնում է, որ այս հարցում առկա է հնարավորություն առաջ շարժվել լավ հիմնարար խաղաղության համաձայնագրով՝ կենտրոնանալով իրականացման վրա:
«Դրանք կառուցողական հայտարարություններ են։ Երկու կողմերն էլ պետք է զսպվածություն ցուցաբերեն: Մենք գտնվում ենք մի կետում, ուր, իրոք, առկա է խաղաղության և համաձայնագրի հասնելու հնարավորություն, և հենց դա է հիմնական տարբերությունը [նախորդ փուլերից]»:
Ռիքերը համաձայն չէ այն մոտեցմանը, որ այսօր Կովկասում ընթացող զարգացումները նման են ուկրաինական սցենարին: Հայաստանի և Ադրբեջանի միջև այսօր առկա է ակտիվ և իրական գործընթաց, որին աջակցում է Միացյալ Նահանգները՝ ասում է բարձրաստիճան նախկին դիվանագետը՝ ընդգծելով, որ Ուկրաինան այլ պատմություն է: