Թուրքիայում կայանալիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ՝ կամավորները մասնակցում են քվեարկության մշտադիտարկման դասընթացների, որոնք կազմակերպել է «Կանանց պաշտպանություն» անվամբ ֆեմինիստական խումբը: Նախաձեռնությունը Թուրքիայի քաղաքացիական հասարակության գործադրած ջանքերից մեկն է՝ ի պատասխան մայիսի 14-ի նախագահական ընտրությունների առաջին փուլի վերաբերյալ թուրքական հանրության շրջանում առաջացած մտահոգություններին:
«Կանանց պաշտպանություն» խմբի անդամ Սեզեն Օզքանի խոսքով, ընտրությունների առաջին փուլից հետո, բոլորը հուսահատ էին, և իրենք որոշեցին դասընթաց կազմակերպել՝ ֆեմինիստ դիտորդների համար:
Այս կիրակի կայանալիք երկրորդ փուլից առաջ՝ հարյուր հազարավոր մարդիկ են գրանցվել որպես դիտորդներ։
Նման համախմբման պատճառը ընդդիմության թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի կուսակցության հայտարարությունն էր, թե ընտրությունների առաջին փուլի մշտադիտարկումը, փաստորեն, ձախողվել է։
Ընդ որում, կուսակցությունը խոստովանել է՝ չուներ բավարար թվով դիտորդներ, դանդաղ է հավաքել քվեարակությանը մասնակցած քաղաքացիների թիվը, և այդ ամենը՝ ընտրակեղծիքների մասին պնդումների ֆոնին:
Վաշինգտոնում գործող Բրուքինգս ինստիտուտի վերլուծաբան Ասլի Այդընթասբասի խոսքով, «այնուամենայնիվ, Էրդողանը կարող էր հաղթել, բայց պարզ է, որ բավականաչափ խախտումներ են եղել, պարզապես չգիտենք, թե որքան: Սովորաբար, դրանք մեկ կամ երկու տոկոսից ավելի չեն, բայց ոչ մի կերպ հնարավոր չէ իմանալ, եթե [ընտրատեղամասերում] չունես դիտորդներ և ներկայացուցիչներ»:
Էրդողանը հերքում է խախտումների մասին մեղադրանքները՝ պնդելով, որ ընտրություններն արդար էին:
Սակայն երկրորդ փուլից առաջ ընտրողների մտահոգությունները խորացել են, երբ ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ հայտնի «Oy ve Otesi» դիտորդական խմբին կարգելվի մուտք գործել ընտրատեղամասեր:
Թուրք վերլուծաբան է Աթիլլա Եսիլադանի կարծիքով, «կառավարությունը հավանաբար գիտի, որ երկրորդ փուլը թեժ է լինելու: Իսկ Սոյլուն ցանկանում է համոզվել՝ որևէ սխալ բան տեղի չի ունենա»։
Սակայն «Կանանց պաշտպանություն» խմբի դիտորդները նույնպես վճռական են:
«Որպես կին, պահանջել [հարգել] սեփական քվեն՝ նշանակում է պահանջել [հարգել] քո կյանքը, իրականում՝ տեր կանգնել քո մարմնին, քո գոյությանը, քո երկրին: Այս երկրի կեսից ավելին կանայք են, և կանայք միշտ համարվում են երկրորդական, փակի տակ գտնվող, ապագա չունեցող, որոնք մշտապես ենթարկվում են բռնության։ Ուստի, պահանջել [հարգել] քվեն՝ նշանակում է պահանջել ամեն ինչ»,- ասել է Սեզեն Օզքանը:
Էրդողանը պնդում է՝ կիրակի օրը կայանալիք քվեարկությունն արդար է անցնելու։ Երկրով մեկ գործող հարյուր հազարավոր դիտորդներ ջանք են թափում, որպեսզի այդպես էլ լինի: